Մերձկրեմլյան իմաստունները սխալվում են
Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ
– Պարոն Մելիքյան, նախևառաջ` ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան` Ադրբեջան ու Հայաստան, և երկու երկրներում նրա արած հայտարարությունները: Մասնավորապես, ի՞նչ ուղերձներ էր պարունակում Բաքվում Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կապ չունի Եվրասիական միության հետ, և Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»:
– Ռուսաստանը շտապում է ապահովագրել իր դիրքերը Հարավային Կովկասում: Վեց տարի առաջ նա կորցրեց Վրաստանը, իսկ բոլորովին վերջերս էլ պայթեց ուկրաինական ճգնաժամը, և այս նոր պայմաններում բազմապատկվեց Ռուսաստանում անջատողական տարաբնույթ շարժումների ակտիվացման անմիջական վտանգը: Այժմ Ռուսաստանի տարածքում ապակայունացման օջախները կարող են առաջանալ անգամ Մոսկվայի մատույցներում` Կազանում կամ Ուֆայում: Հյուսիսային Կովկասը ևս վառոդի տակառ է հիշեցնում:
Ըստ էության, մի իրավիճակ է ձևավորվում, երբ Մոսկվայի մատույցներից մինչև Հարավային Կովկասում ՌԴ պետական սահմանն ընկած պատկառելի սեպաձև տարածքում թյուրքական անջատողականության և տարաբնույթ կրոնական ծայրահեղական շարժումների գործունեության գոտու կտրուկ ակտիվացումն այլևս օրինաչափ կլինի: Կարծում եմ, որ Լավրովի այցը Բաքու և Երևան ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությանը վերաբերող զարգացումները հենց այս համատեքստում է պետք դիտարկել:
– Իսկ, ընդհանրապես, եվրասիական նախագծի հետ կապված, ըստ Ձեզ` որևէ վտանգավոր գործընթաց կա՞ Լեռնային Ղարաբաղի համար և Արցախը Հայաստանից անջատելու իմաստով:
– Քաղաքական իմաստով ես այդ վտանգն այս պահին չեմ տեսնում: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի փորձի ԵՏՄ-ի ձևավորման հետ կապված գործընթացներն օգտագործել Արցախի հարցում ինչ-որ առավելությունների հասնելու համար, սակայն, գոնե այս պահի դրությամբ, չի երևում Ադրբեջանի կողմից նախաձեռնելիք մի այնպիսի քայլ, որին Հայաստանը չկարողանա հակադարձել քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական միջոցներով: Մեր մտահոգությունը պետք է կապված լինի մեր իսկ դաշնակիցների պահվածքի հետ` ծանր իրավիճակում նրանք կարող են փորձել իրենց տեսանկյունից հեշտ լուծումների միջոցով ժամանակավորապես մեղմել մեր տարածաշրջանում ունեցած սեփական ահռելի խնդիրները:
– Կան փորձագետներ, ովքեր կարծում են, որ ղարաբաղյան հարցը և Նազարբաևի կողմից առաջ քաշված պայմանը կարող են իրապես խոչընդոտել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը (թեև Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ «բովանդակային առումով» հարցը լուծված է), և նրանք դրանով են բացատրում Հայաստանի անդամակցության ժամկետների անորոշությունը: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:
– Հայաստանի հետ կապված խնդիրները Նազարբաևի չարամտությանը վերագրելը մանկամտություն է: Հարկավոր է հստակ գիտակցել, որ Նազարբաևն անձնապես Ռուսաստանի վստահելի ու կայուն գործընկերն է, և դրա համար նա ունի նաև լրջագույն անձնական պատճառներ: Առաջիկայում ԵՏՄ մեր բարեկամ հիմնադիր-պետությունները շատ ջանքեր են գործադրելու Ադրբեջանին սիրաշահելու և իրենց կողմը քաշելու նպատակով: Սա կենսական կարևորություն ունի ինչպես` Ռուսաստանի, այնպես էլ` նախագահ Նազարբաևի համար:
Այդքանով հանդերձ, կարիք չկա այդ ջանքերը որպես ընդգծված հակահայկական պահվածք ընկալել: Հայկական կողմը պարզապես պետք է սկսի աշխատել ու կանխել իրադարձությունների բացասական զարգացումը, այլ ոչ թե քարշ գա դրանց ետևից ու գործ ունենա արդեն իսկ կատարված ու անշրջելի իրողությունների հետ:
– Ինչպես նշեցիք, ԵՏՄ-ի հիմնադիրները ջանք չեն խնայելու Ադրբեջանին իրենց կողմը քաշելու համար, և այս առումով հատկապես ակտիվ է Մոսկվան: Վերջին հայտարարությունն արեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ում խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խանգարում է Ադրբեջանի ինտեգրմանը Եվրասիական միությանը: «Հակամարտության լուծում» կամ «կարգավորում» ձևակերպման տակ կա՞ թաքնված ենթատեքստ: Ռուսաստանի իրական ցանկությունը խնդիրը լուծե՞լն է, թե՞ սա դիվանագիտական շղարշով պատված հերթական ուղերձն է:
– Երկար տարիների ընթացքում արցախյան հակամարտությունը հնարավորություն էր տալիս Ռուսաստանին պահպանելու սեփական դիրքերը Հարավային Կովկասի գոնե մի մասում և այստեղ ռազմակայան ունենալ: Այժմ մերձկրեմլյան իմաստուններից ոմանք, երևի թե, սկսել են մտածել, որ այդ հակամարտությունը վերածվել է ռուսական ներկայությունն ընդլայնելուն խոչընդոտող գործոնի: Նրանք սխալվում են. հենց պարզունակ քաղաքական մոտեցումները պատճառ դարձան, որ Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ պատերազմի հասցվեցին:
– Կխնդրեի մեկնաբանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթը:
– Համանախագահների համար թե՛ ինքը` հակամարտությունը, թե՛ հանրահայտ Մադրիդյան սկզբունքները մեր տարածաշրջանում սեփական քաղաքական մոտեցումներն առաջ մղելու գործիքներ են: Այդ իսկ պատճառով պետք է կարողանանք տարբերակել քաղաքական ու դիվանագիտական աճպարարությունը` դրանց տակ քողարկվող շահերից ու նպատակներից: Կարծում եմ, որ դեսպան Ուորլիքի ելույթը հենց այս հարթությունում պետք է դիտարկվի:
– Հունիսի 13-ին «Հունիսի 13» նախաձեռնությունը նշեց Շահումյանի շրջանի անկման 22-րդ տարելիցը: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ մտադիր են հասնել կատարվածի միջազգային իրավաքաղաքական գնահատականին: Նրանց կարծիքով` Շահումյանի շրջանի բռնազավթումն ու հայաթափումն իրականացրել են ոչ թե խորհրդային, այլ ռուսական զորքերը, թեպետ այսօր այդ հարցը ոչ ոք չի բարձրաձայնում: Ձեր կարծիքով` ինչո՞վ է այս հարցն արդիական այսօր:
– Շահումյանի անկումը տեղի ունեցավ ԽՍՀՄ պաշտոնական ապամոնտաժումից վեց ամիս անց, այդ ժամանակ խորհրդային բանակն այլևս գոյություն չուներ: Կարելի է ասել, որ Շահումյանի հայաթափումն իրականացվել է նաև ռուսական բանակում ծառայության անցած տարատեսակ վարձկանների կողմից: Ես գտնում եմ, որ Շահումյանի հարցը փակված չէ, և կան այն դիվանագիտական ու քաղաքական քայլերը, որոնց միջոցով Շահումյան-Գետաշենի ու հյուսիսային Արցախի այլ հայաբնակ տարածքների հարցը կարող է դառնալ խաղաղ կարգավորման բանակցությունների օրակարգի պաշտոնապես ընդունված մաս: