ԼՂ-ի հարցը խոչընդոտում է Ադրբեջանի եվրասիական ինտեգրմանը. Գլազև
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Вестник Кавказа-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ադրբեջանական այցերը.
«Ադրբեջանը մեր ավանդական ու բարեկամական գործընկերն է, որի հետ մենք աշխատում ենք ամեն օր: Ցայսօր մենք էական միասնության ենք հասել մշակութային, հումանիտար ու առևտրային համագործակցության իմաստով:
Դժբախտաբար, Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական տնտեսական գործընթացին: Ռուսաստանի համար դա բացթողում է, և մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել որպես եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լիիրավ մասնակից»:
Գլազևը հավելել է, որ հասկանում է, թե Ղարաբաղյան հակամարտությունը որչափ է արգելակում Հարավային Կովկասի տնտեսական զարգացմանը. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դրան խանգարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը:
Եթե հաջողվի վերջնականապես կարգավորել այդ հակամարտությունը և Կովկասում ապահովել կողմերի փոխըմբռնում ու երկարաժամկետ խաղաղություն, ապա կարծում եմ, որ կվերացվեն այն խոչընդոտդները, որոնք այսօր Ադրբեջանին խանգարում են դառնալ եվրասիական ինտեգրման լիիրավ մասնակից:
Կարծում եմ, որ դրանով էլ բացատրվում է վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի իշխանությունների մեծ ուշադրությունը»: