Բաժիններ՝

Մատնեցի՞ր, սողուն

Տնտեսական գործընթացները Հայաստանում բավական տարօրինակ քաղաքական զարգացումներ են ստանում: Այս տարվա հունվարին հայտարարվեց, որ կառավարությունը մասնավորեցնում է «Որոտանի» հիդրոկայանների համալիրը: Գնորդն ամերիկյան կազմակերպություն էր: Պայմանագրի ստորագրմանը ՀՀ վարչապետն էր ներկա և ԱՄՆ դեսպանը Հայաստանում: Հետաքրքիր պայմանագիր էր: Ահագին լուրջ խոստումներով: Ապապետականացվող վերջին խոշոր ու թանկարժեք համալիրի դիմաց ամերիկյան ընկերությունը պարտավորվում էր 180 մլն դոլար վճարել, ինչպես նաև 70 մլն դոլարի ներդրում կատարել համակարգն արդիական դարձնելու համար:

Պայմանագրի պահին չգնահատվեց այն լուրը, որ ամերիկյան ընկերությունը 25 տարվա սակագնային պլան էր ստորագրում: Սա աննախադեպ փաստ էր մեր տնտեսական կյանքում: Այն իսկապես կարող էր կայունություն մտցնել ոլորտում: Վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է երկրորդ անգամ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Մինչդեռ ամերիկացիներն իրենց սակագնային պլանը 25 տարվա համար էին ստորագրել: Պայմանագիրը ստորագրվել էր Մաքսային ու հարակից միություններին միանալու մասին ՀՀ պաշտոնական հայտարարությունից երեք ամիս անց: Բայց հետո սկսվեց: Սկսվեց հասարակական մասշտաբի խոսք ու զրույցը:

Անկեղծության համար պետք է խոստովանել, որ հեռավոր 1994թ. հետո սեփականաշնորհման բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության մթնոլորտում և ուղեկցվել իրականությունից ոչ հեռու, բայց առասպելական բամբասանքներով: Հատկապես խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման պարագայում: Որոտանի կասկադի դեպքում խորհրդարանական ընդդիմադիրները` քառյակը պահանջեց սեփականաշնորհման պայմանագիրը բերել խորհրդարան: Խորհրդարանը շրջանցող սեփականաշնորհման այս դեպքը քննադատեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Գործարքի անօրինականությունն այնքան ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից», – կարծում է ՀՀ երկրորդ նախագահը:

Նրան ի պատասխան` գործարքի տեխնիկական մասի` վերջնական պայմանագրի պատասխանատու Էներգետիկայի նախկին նախարարը հարցազրույց տվեց: Արմեն Մովսիսյանը հարցազրույցում հայտարարեց. «Երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը, մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումով, և սա ամենևին էլ առաջին նախադեպը չէ»:

Այս ասելուց հետո պարոն Մովսիսյանն ավելացրեց, որ ճիշտ այդ մեթոդով է 2003թ. մասնավորեցվել «Սևան-Հրազդան կասկադ» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ն: Ավելացրեց և հիշեցրեց, որ կառավարության որոշումը՝ «Համաձայն այն ժամանակվա գործող Սահմանադրության՝ վավերացվել է գործող նախագահի կողմից»: Արմեն Մովսիսյանը կարծում է, որ «Իդենտիկ՝ նույն սկզբունքով կատարված գործարքներից երրորդը չի կարող զարմանալի լինել, իսկ առաջին երկուսը`ոչ: Հետևաբար՝ բացատրությունը պետք փնտրել բոլորովին այլ դաշտում»:

Անկեղծ ասած` հասարակությունը բոլոր խոշոր սեփականաշնորհումների բացատրությունը միշտ էլ այդ «այլ դաշտում» էլ փնտրել է: Նախկին նախարարի նոր սխալը հնով հիմնավորելը դժվար թե որևէ մեկը բավարար համարի: «Սևան-Հրազդան կասկադի» անհասկանալի սեփականաշնորհումը «Որոտանի» պարագային հիմնավորում չէ: 90-ականների վերջին վթարված «Գյումուշի» հէկ-ի նորոգման ու կասկադի վերազինման համար Հայաստանը Գերմանիայի կառավարությունից 20 մլն գերմանական մարկ վարկ վերցրեց: Վերցրեց, նորոգեց, վերազինեց ու համարյա վարկի գնով սեփականաշնորհեց: Թող ներվի ասել` հուշարձանների պահպանությունն այն ժամանակ մոդայիկ չէր: Ուստի «Գյումուշի» պաշտպանության հասարակական շարժում չսկսվեց: Մինչդեռ 1953թ. կառուցված հէկ-ն իսկապես հուշարձան է` 6.17.7 հուշարձանային համարով գրանցված «Գյումուշի» հէկ-ը հայտարարված է հանրապետական նշանակության հուշարձան:

Ով թեկուզ մեկ անգամ եղել է այս կառույցում, վստահաբար կպնդի, որ հէկ-ը ժամանակի արդյունաբերական ճարտարապետության գլուխգործոց է, որ մեքենայական հատվածն իր մարմարապատ ու կոկիկ տեսքով ավելի շատ մոսկովյան հանրահայտ գրադարանն է հիշեցնում, քան` արտադրական ձեռնարկություն: Կարող է` սա ի նկատի ունենալով է նախկին նախարարը հիշեցնում կասկադի ու «Հրազդանի» ՋԷԿ-ի սեփականաշնորհումը: Բայց այս պահին է, որ ֆեյսբուքում չդիմացավ ՀՀ ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը: Չդիմացավ ու իրեն բնորոշ անմիջականությամբ նախկին նախարարին դիմեց խորհրդային դասականների խոսքով. «Չդիմացար առերեսմանը, մատնեցի՞ր, սողուն»: Հիմա ՀՀ երկրորդ նախագահի հետ համաձայնելը մոդայիկ է դարձել: Իսկապես դժվար է չհամաձայնել այս մտքի հետ՝ «Գործարքի անօրինականությունն այնքան ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից»: Համաձայնենք ու հուսանք, որ պատասխանատվության կենթարկվեն բոլորը: Ռոմանտիզմը վատ նախաճաշ չէ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս