
Զբոսանք, ցնցուղ, անգամ՝ ճաշ պատրաստել․ ի՞նչ պայմաններում Սարկոզին կկրի իր պատիժը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ներկայացել է ազատազրկման վայր, որտեղ կանցկացնի 5 տարի․ գրում է BBC-ն։
Սարկոզին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ֆրանսիայի առաջին նախագահն է, որը բանտ է ուղարկվել։ Նա իր պատիժը կկրի Փարիզի 14-րդ շրջանի Սանտեի բանտում։
Անվտանգության նկատառումներով՝ նախկին նախագահը կտեղավորվի բանտի հատուկ թևում, որը բաղկացած է մենախցերից։ Սանտեի բանտի պետ Սեբաստիան Կովելը խոստացել է, որ Սարկոզին չի հանդիպի բանտում գտնվող մյուս կալանավորների հետ, և որ նրան թույլատրվելու է օրական երկու անգամ զբոսնել։
Վերջերս բանտը վերանորոգվել է, և բոլոր խցերը (9-12 քմ) այժմ ունեն ցնցուղ և ստացիոնար հեռախոս (չնայած, ինչպես հաղորդում է Figaro-ն, 20 րոպեանոց զանգը կարող է կալանավորին արժենալ 110 եվրո)։ Ամսական 14 եվրոյով Սարկոզին կկարողանա հեռուստացույց դիտել: Նա նաև կկարողանա ինքնուրույն ճաշ պատրաստել, եթե ցանկանա, և լվացք անել։
Մյուս կալանավորների նման, Սարկոզին նույնպես կունենա բանտի գրադարանից օգտվելու հնարավորություն, սակայն նախկին նախագահը Figaro-ին ասել է, որ տնից իր խուց կտանի երեք գիրք, այդ թվում՝ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո»-ն, որը պատմում է անարդարացիորեն բանտարկված հերոսի մասին, որը վրեժ է ծրագրում։
Սարկոզին նաև մի քանի տաք սվիտեր է վերցրել իր հետ, քանի որ բանտում կարող է ցուրտ լինել, և ականջի խցաններ։