Վերջը

Եվրասիական տնտեսական միության Աստանայի գագաթաժողովը վերջնականապես բացահայտեց Հայաստանի՝ որպես պետության զրոյական կենսունակությունը: Եթե, իհարկե, այն կարելի է կենսունակություն համարել: Քանի որ իմունիտետից՝ դիմադրողականությունից զրկված որևէ համակարգ, ըստ էության, դադարում է գործել:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից բարձրացված հարցը՝ Ալիևի նամակի ընթերցման տեսքով բարձրացված հարցը, կարելի է համարել Հայաստանի իմունիտետի վերջին թեստը, որը, եթե համապատասխան բառապաշարով ձևակերպենք, բացասական պատասխան արձանագրեց:

Նախագահ Սերժ Սարգսյանը «խնդիրները կարգավորելու համար» Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրների նախագահներից ժամանակ է խնդրել մինչև հունիսի 15-ը: Նուրսուլթան Նազարբաևը, ըստ էության, երկարացրել է այդ ժամետը՝ մինչև հուլիսի 1-ը: Այս «տեխնիկական դետալը» ցույց է տալիս, որ Հայաստանին արդեն «համակարգում» է անգամ ոչ թե Պուտինը, այլ Նազարբաևը:

Այսինքն՝ Հայաստանի իշխող կուսակցության անդամների լեզվամտածողությամբ՝ «ասողի» կարգավիճակն իջեցվել է՝ ընդհուպ Ղազախստանի նախագահի մակարդակի: Սակայն այս պահին շատ ավելի կարևոր է մի հարցի պատասխան, որը այսօր՝ Հայաստանի հնարավոր անդամակցությունից 2-3 շաբաթ առաջ, չունի որևէ մեկը, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունը: Այդ հարցը, բնականաբար, կապված է Նազարբաևի առաջ քաշած պայմանի հետ՝ Հայաստանը Եվրասիական միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, կամ, որ նույնն է՝ Հայաստանի ու Արցախի միջև պետք է մաքսակետ տեղադրվի:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը, ով համարձակվում է կամ ում հանձնարարվում է խոսել այս հարցի շուրջ, չի կարողանում պակաս երերուն ձայնով ասել՝ որևէ պարագայում մաքսակետ չի տեղադրվելու: Որովհետև ասողներն իրենք չգիտեն՝ ի վերջո ինչ են որոշելու իրենց «ասողները»:

Հայ հասարակությանը հետաքրքրող ամենաառաջին, կենսական խնդիրը պետք է լինի այս հարցը՝ արդյո՞ք որևէ պարագայում, որևէ ձևակերպմամբ կամ հիմնավորմամբ ՀՀ-ի և Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի: Այլ կերպ ասած՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն իմունիտետ ունի՝ «ոչ» ասելու մաքսակետ տեղադրելու պարտադրանքին, եթե ասողը լինի ոչ միայն Նազարբաևը, այլև Պուտինը: Այս հարցին անգամ Հանրապետական կուսակցության շաղակրատ անդամները չեն կարող հաստատական պատասխան տալ:

Քանի որ առնվազն վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ ՀՀ իշխանությունը չի կարող «ոչ» ասել Պուտինին, եթե վերջինս պահանջի անգամ Երևանի Հանրապետության հրապարակի Կենտրոնում կանգնեցնել Ստալինի արձանը, Մատենադարանն էլ դարձնել Իլֆի և Պետրովի անվան թանգարան: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է ամեն ինչից, բացի Հայաստանի իշխանության կամքից ու կարողությունից՝ վերջին երկու կատեգորիաների բացակայության պատճառով: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ եթե Պուտինը վաղը որոշի Հայաստանի պետական լեզուն դարձնել ռուսերենը, պետական հաստատությունների վրա էլ՝ ծածանել ՌԴ դրոշը, ապա դրան Հայաստանի իշխանության կողմից դիմադրող չի լինի:

Թվում է, թե այս իրավիճակից միակ ելքն օր առաջ իշխանափոխությունն է, որպեսզի իշխանության գան այն ուժերը, ովքեր մինչև վերջին փամփուշտը կպայքարեն Հայաստանի անկախության ու Հայաստանը ռուսականացումից փրկելու համար: Բայց Հայաստանի դժբախտությունն այն է, որ բոլոր այն ուժերը, ովքեր տեսականորեն և գործնականում կարող են գալ իշխանության, լավագույն դեպքում, գործող իշխանությանը հավասար պատրաստակամությամբ ՀՀ նախագահականի վրա կփակցնեն «տրիկոլորը», իրականում՝ նույնը կանեն շատ ավելի պատրաստակամորեն ու հիմնավորապես:

Այսինքն՝ եթե վեր կանգնենք իռացիոնալ լավատեսությունից ու էմոցիաներից, պետք է արձանագրենք, որ իրականում սա Հայաստանի վերջն է: Պետության վերջը: Հայ ժողովրդի պատմության երկարամյա ընթացքում պետականությունը կորցնելու/հանձնելու հերթական փուլը: Որը պատմական օրինաչափության օրենքով հիմք կդառնա 10, 20 գուցե 50 տարի հետո հայ ժողովրդի ազատագրական հերթական պայքարի վերածննդի համար: Այսինքն՝ ինչպես դաշնակցականներն են այսօր հայտարարում, որ, եթե չկորցնեինք Առաջին Հանրապետությունը, չէինք ունենա նաև երրորդը, նույն կերպ այսօրվա ՀՀԿ-ականների իրավահաջորդները, եթե, իհարկե, այն պահպանվի որպես կուսակցություն, հպարտորեն կհայտարարեն, որ իրենք հայ ժողովրդի զավակներին ժառանգել են հայի տեսակը հավիտենական պահող ամենակարևոր բանը՝ Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի համար պայքարելու անհրաժեշտ պայմանը՝ պետության բացակայությունը:

Տեսանյութեր

Լրահոս