Հերմինե Նաղդալյանը՝ Նազարբաևի հայտարարության մասին. Այսպես ասած, «թեթևի մեջ» հնչած ձևակերպումներ էին՝ ցույց տալու համար, որ մի բան ասեցինք
Մայիսի 29-ին Աստանայում ստեղծվեց Եվրասիական միությունը, որի ստեղծման գագաթաժողովի ընթացքում էլ Ղազախստանի նախագահի կողմից հնչեցվեց Իլհամ Ալիևի նամակի մասին, որով նա պահանջում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամրագրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների հանգամանքը: Այսինքն՝ Ալիևը պահանջում է շեշտել, որ Ղարաբաղը չի ներառվելու Մաքսային միություն: Ինչպիսի՞ն է իշխանության վերաբերմունքը այդ երևույթին և ինչ տրամադրություններ են տիրում այստեղ. Այս մասին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացնում է իր տեսակետները.
– Տիկին Նաղդալյան երեկվանից արդեն բավական բուռն արձագանք գտավ Ալիևի նամակը Աստանայում, որը, ոչ պատահականորեն, հնչեցվեց Ղազախստանի նախագահի շուրթերով: Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա և ի՞նչ էր առհասարակ դա իրենից ներկայացնում, կխնդրեինք մեկնաբանել:
– Այստեղ կարևոր է հասկանալ իրականությունը, որ Հայաստանը, մոտ և հեռու հեռանկարում իր համար թե՛ տնտեսապես և թե՝ հետագայում նաև քաղաքականապես արդյունավետ, ճիշտ ուղղություն է բռնել և ճիշտ քայլեր է կատարում, և այս պարագայում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան ձեռքը գցելը փրփուրներին: Կարծում եմ, որ նամակով դիմելու այս երևույթը ակնհայտ դրա մասին է խոսում՝ բոլոր հնարավոր տարբերակները փորձում են կիրառել՝օգտագործելով անգամ ամենաանհույս շանսն ու անհիմն արգումենտը: Որպես պետություն` չլինելով այդ տնտեսական տարածքի անդամ, այդ եռյակի մեջ որևէ ուժ և դերակատարություն չներկայացնելով, փորձում են ընդամենը մեկ հույս փայփայել, որ ասենք նամակն ստացողներից մեկը կկարողանա գոնե բարձրաձայնել իրենց շահագրգռությունը: Բայց բնական է, որ որոշման կայացման վրա դա որևէ աղդեցություն չի կարող ունենալ:
Ինչ վերաբերում է նախագահ Նազարբաևի շուրթերով այն հնչեցնելուն, ապա պետք է նշենք, որ վերջինիս վերաբերմունքը այդ հարցում, թերևս, նորություն չէ, նախկինում էլ նա դրա շուրջ իր վերապահումները բարձրաձայնել է՝ հայտարարությունների տեսքով, որոնք, սակայն, այսպես ասած, «թեթևի մեջ» հնչած ձևակերպումներ էին՝ ցույց տալու համար, որ մի բան ասեցինք՝ ասելու համար՝ առանց դրան լրջություն և հետևողական երանգ հաղորդելու: Ինչպես տեսել ենք, դրան լրջություն տալն, այդ ձևաչափի մեջ, անհնար է և բացառվում է:
Քննարկումը տնտեսական տարածքի շուրջ է ընթանում, սա ոչ քաղաքական միություն է, և այս պարագայում Ղարաբաղի մաս լինելու խնդիրը ընդհանրապես չի բարձրանում: Այն ընդհանրապես քննարկման առարկա էլ չէ: Մեզ համար միանշանակ է, որ Ղարաբաղի հետ մենք ընդհանուր տնտեսական տարածք ենք կազմում, և առանց տարանջատման մտնում ենք մեկ այլ ընդհանուր տնտեսական տարածքի մեջ:
– Տիկին Նաղդալյան, իսկ Աստանայում ինչո՞ւ Հայաստանի ԵՏՄ տարածք ընդգրկվելու հարցը հետաձգվեց մինչ հունիսի 15-ը: Ինչո՞վ է սա բացատրվում, Հայաստանը դեռ պատրաստ չէ՞, սկզբունքային խնդիրնե՞ր կան դեռ ճշգրտելու, թե՞…
– Նախ առաջինը՝ 3 երկրները, որոնք երեկ վերջին քայլն արեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման ուղղությամբ, այդ ճանապարհը սկսել էին դեռևս 1994 թվականից, երբ նույն թվականի ապրիլին Ղազախստանի նախագահ Նազարբաևը Մոսկվայի պետական համալսարանում հանդես եկավ իր հայտնի դասախոսությամբ և հնչեցրեց Եվրասիական ընդհանուր տնտեսական տարածքի և առհասարակ եվրասիականության գաղափարը: Այդ ժամանակվանից մինչ օրս արդեն 20 տարի է անցել, ուղիղ 20 տարի այս պետությունները հաղթահարել են այդ ճանապարհը՝ մինչ հանգել են երեկվա ամենակարևոր և վերջնական քայլին:
Մենք նաև գիտենք, որ Հայաստանը բոլորովին վերջերս՝ մեկ տարի ժամանակ էլ դեռ չկա, ինչ միացել է այդ գործընթացին, բայց բավական արագ տեմպերով կարողացել է իրագործել բոլոր նախապատրաստական աշխատանքները, բանակցային պրոցեսը՝ սկզբունքային բոլոր խնդիրների վերաբերյալ՝ ավարտուն տեսքի բերելով բոլոր պատկերացումները և դրանք հանձնելով թղթին, դարձրել փաստաթուղթ, այն քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և 3 երկրների հետ, ու ի վերջո հասել նրան, որ երեկվա նիստում արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստիենկոն հայտարարեց՝ Հայաստանին առնչվող բոլոր անհրաժեշտ գործընթացները ավարտուն վիճակում են:
Կարծում եմ, որ բավական բնական իրավիճակ է ստեղծված, այսինքն՝ եթե այդ պետությունները 20 տարում են այդ ճանապարհն անցել, մենք ընդամենը մի քանի ամսում ենք այն հաղթահարել, և այս պարագայում ևս մի քանի օրով դրա հետաձգումը, տրամաբանությունն էլ հուշում է, որ զուտ տեխնիկական բնույթ կարող է ունենալ, քանզի սկզբունքային հարցերի համար 15 օրվա պաուզա չէին վերցնի, հետևաբար, կարծում եմ, որ սա լոկ տեխնիկական, ձևակերպումների հստակեցման, ֆորմալ բնույթի խնդիրների վերջնական շտկման շուրջ ընթացող դադար է: