Բաժիններ՝

ՀՀ դպրոցներում աշակերտների թիվը պակասել է 230 հազարով

«Այսօր Հայաստանում հանրակրթությունն ունի լրջագույն մարտահրավեր՝ տարեցտարի աշակերտների պակասելը: 15-16 տարի առաջ 602 հազար էր, այսօր 230 հազարով պակասել է ՀՀ դպրոցներում աշակերտների թիվը: Երևանից դուրս դպրոցներից ամեն չորրորդում դպրոցում երեխաների թիվը 100-ից պակաս է, շենքային ծանրաբեռնվածությունը կազմում է 50-52%»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ մարզերում քիչ չեն 5 հոգուց պակաս աշակերտ ունեցող դասարանները:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը համաձայնեց, որ սա լուրջ խնդիր է Հայաստանի համար. «Ստացվում է, որ դեմոգրաֆիական ալիքի առաջին հարվածը դպրոցներն են կրում, հետո գալու են բուհերը, հետո բանակը և այլն: Բայց մեր գերատեսչությունը պատասխանատու չէ դեմոգրաֆիական խնդիրների համար»:

Ըստ Աշոտյանի՝ միջազգային փորձ կա, օրինակ, Լեհաստանում դպրոցների խոշորացում է կատարվել: Նա նշեց, որ ՀՀ-ում երբեմն վիճակագրությունը խեղաթյուրվում է՝ ավել աշակերտի համար ավել փող ստանալու մղումով, բայց եղել են նաև տնօրեններ, որ քրեական պատասխանատվություն են կրել դրա համար:

Նախարարի խոսքով՝ խոշորացումը ՀՀ-ում չի կարող լայն թափ ստանալ, որովհետև ռելիեֆը, ճանապարհները թույլ չեն տալիս: Աշոտյանի կարծիքով՝ կարելի է շատ գումար տալ որոշ դպրոցներին, կամ կարելի է նորարարական տեխնոլոգիաներ կիրառել. «Կլինեն համայնքներ, որտեղ կգնանք խոշորացման, կլինեն դպրոցներ, որտեղ նորագույն տեխնոլոգիաները կկիրառվեն, բայց կլինեն դպրոցներ, որոնք համայնքի պահպանման հարցում ռազմավարական նշանակություն ունեն և պետք է պահենք: Չենք ուզում մի սանրով սանրել այս բոլոր խնդիրները, ուզում ենք ամեն մի համայնքի համար առանձին տալ լավագույն լուծումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս