Բաժիններ՝

Մաքսային միություն մտնելու կողմնակիցների 64.5 տոկոս են. Ահարոն Ադիբեկյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց իրենց սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս թե բնակչության քանի տոկոսն է ուզում, որ Հայասատանը մտնի Մաքսային Միություն, իսկ քանիսը` Եվրամիություն:

Սոցիոլոգը հշեցրեց՝ երբ նախագահը հայտարարեց, որ երկիրը տանում է Մաքսային միություն, և ոչ թե Եվրամիություն, խմորումներ տեղի ունեցան. «Այն ժամանակ ես իմ տվյալներով հայտարարեցի, որ բնակչության 60%-ը միշտ ավանդապես  կողմնորոշված է եղել դեպի Ռուսաստանը` տարբեր պատճառներով: Ամենակարևորը` Ռուսաստանում աշխատում են մեծաքանակ ազգականները, որոնց միջոցներով ապրում է այստեղի ընտանիքը: Արտադրողների զգալի մասը արտահանում են իրենց արտադրանքը դեպի Ռուսաստան, և զգալի մասը հումքը ստանումէ Ռուսաստանից»:

Նա նշեց նաև, որ, գոնե արտադրողները դեմ են Եվրամիությանը, որովհետև մեր ապրանքները մրցունակ չեն, չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին:

«Այն ժամանակ մեզ փորձեցին հակադրել, թե մենք իշխանամետ ենք, պաշտպանում ենք գործող նախագահի տեսակետը: Ես ասեցի` երբ Սերժ Սարգսյանը նախագահ չէր, մենք բազմիցս ասել ենք, որ մենք նախապատվությունը տալիս են Ռուսաստանին: Հիմա, քանի որ Ռուսաստանը ստեղծում է նոր Մաքսային միություն և հրավիրում է իր ավանդական ռազմավարական գործընկերներին, ոչ մի արտառոց բան չկա, միայն այն որ մենք ունենք դրական ակնկալիքներ»:

Սոցիոլոգը ներկայացրեց ամբողջ Հայաստանում նախորդ և մայիս ամիսներին կատարած իրենց հարցումները, որոնց մասնակցել են 5000 բնակիչ. «Հայաստանի` ինչ-որ մեկի միանալու կողմնակիցները 58 %-ն են, դեմ են 22, 2-ը, 20-ը անտարբեր են: Մաքսային միություն մտնելու կողմնակիցների թիվը կազմում է 64.5 տոկոսը, դեմը` 7.4 տոկոսը: Եվրամիության կազմի մեջ մտնելու կողմնակիցները 16.2 տոկոսն են, դեմը` 12.2 տոկոսը: Սա բավականին լուրջ հիմք է հասկանալու համար, որ այլընտրանքը, որը մենք ունեինք, որը նախագահը մեզ առաջարկեց, ինչ արձագանք ունի բնակչության կողմից»:

Ա. Ադիբեկյանն ասաց, որ հարցումների արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդները ավելի շատ դեպի Եվրոպա են նայում, քան Ռուսաստան. «Եթե նայում ենք մասնագիտությունների առումով բիզնես դասին` 4/1-ի է, այսինքն 4-ը ուզում է Մաքսային միություն, մեկը Եվրոմիություն: Պետական ծառայողները` 3/1-ին, մասնավոր ծառայողները 4/1-ին, գործազուրկները՝ 4/1-ին: Այսինքն` բոլոր կատեգորիաներում մենք տեսնում ենք 3-4 հոգի կողմ են Մաքսային միությանը, մեկը կողմ է Եվրոմիությանը»:

Նա նշեց, որ դրսից փող ստացողներից 5-ը կողմ են Մաքսայինին, 1-ը դեմ.

«Կուսակցական առումով մեզ թվում էր, որ գոնե ընդդիմադիր ուժերը պետք է հստակ կողմնորոշվեն: Հանրապետական կուսակցությունում 4-ից 3-ը կողմ են, մեկը դեմ է, ԲՀԿ-ից 3-ը կողմ են, մեկը դեմ է, ՀՅԴ-ից 3-ը կողմ են,մեկը դեմ է: Ժառանգությունը կիսվել է` 1-1-ի է դարձել, Իսկ Հայ ազգային Կոնգրեսում կարծես թե դեմ չկա»:

Նա նշեց, որ մարզերի և Երևանի մեջ բավականին մեծ տարբերություն կա. «Երևանի` Մաքսայինի կողմնակիցները մոտ 5 տոկոսով պակաս են, դեմերը ավելի են 2 տոկոսով: Նույնը Եվրամիության դեպում: 5 տոկոսով ավելի են Եվրամիության կողմնակիցները, 5 տոկոսով պակաս են դեմերը: Մարզեր կան, որ ավելի շատ արտագաղթ ունեն դեպի Ռուսաստան, մարզեր կան` դեպի Եվրոպա: Օրինակ, Արմավիրի շրջանից, ավելի շատ կան Իսպանիայում բնակվող հայ ընտանիքներ, քան Սյունիքից»:

Սոցիոլոգն ասաց, որ բոլոր առումներով մենք հասկանում ենք, որ Մաքսային միության կողմնակիցները բավական մեծ թիվ են կազմում. «Դա է պատճառը, որ եթե կուտակայինին` «Դեմ եմ, Դեմ եմ» կա, Մաքսայինին դեմ այդպես մեծ շարժում մեն չտեսանք»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս