Reuters․ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Սպիտակ տունը պատրաստել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որը կարող է կիրառվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի հետաձգել պատերազմի ավարտը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ նոր սահմանափակող միջոցները կհարվածեն Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտներին։
ԱՄՆ-ի պատրաստած հավելյալ պատժամիջոցների մի մասը ուղղված է ռուսական բանկային համակարգի դեմ, ինչպես նաև այն նավթային ենթակառուցվածքի, որն օգտագործվում է նավթը շուկա դուրս բերելու համար։ Անցյալ շաբաթ ուկրաինական կողմը նույնպես առաջարկել էր ԱՄՆ-ին ամբողջությամբ անջատել ռուսական բանկերին դոլարային ֆինանսական համակարգից, սակայն հայտնի չէ՝ Սպիտակ տունը որքան լրջությամբ է վերաբերվել այդ առաջարկին։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ մինչ պատժամիջոցների դիմելը, Վաշինգտոնը հուսով է, որ առաջին քայլը ձեռնարկեն եվրոպացի գործընկերները՝ ընդունելով նոր սահմանափակող միջոցներ։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը հայտնել է եվրոպացի դաշնակիցներին, որ աջակցում է Եվրոպական միության կողմից սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ ամերիկյան զենք գնելու և Ուկրաինային աջակցելու նպատակով։
Միաժամանակ, Թրամփի վարչակազմում նախնական քննարկումներ են սկսվել ԱՄՆ-ում պահվող ռուսական ակտիվները օգտագործելու հարցում՝ ուկրաինական բանակին աջակցելու համար։ Գործակալության աղբյուրի խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, մի քանի շաբաթ կհետևի իրավիճակին և կգնահատի Ռուսաստանի արձագանքը «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ արդեն կիրառված պատժամիջոցներին։
Reuters-ը նշում է, որ դեռ պարզ չէ, արդյոք Վաշինգտոնը այս ծրագրերը կկիրառի մոտ ապագայում, սակայն դրանց առկայությունը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմն ունի լրացուցիչ ճնշման գործիքակազմ Ռուսաստանի նկատմամբ։ Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի ամենախոշոր նավթային ընկերությունների՝ «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» նկատմամբ։
Դրանք Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցներն էին այն բանից հետո, երբ Թրամփը վերադարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Պատժամիջոցներից հետո չինական չորս պետական նավթային ընկերություններ (ՉԺՀ-ն ռուսական նավթի ամենամեծ գնորդներից մեկն է) դադարեցրել են ՌԴ-ից նավթի գնումները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են և պնդել է, որ դրանք «էական ազդեցություն չեն ունենալու երկրի տնտեսական վիճակի վրա»։

