Մադագասկարի զինվորական իշխանությունները քաղաքացիությունից զրկել են երկրի պաշտոնանկ արված նախագահին
Մադագասկարի ռազմական ռեժիմը նախկին նախագահ Անդրի Ռաձոելինային զրկել էց քաղաքացիությունից նրա տապալումից մի քանի օր անց, իսկ նրա դաշնակիցը ձերբակալվել է փողերի լվացման կասկածանքով, հաղորդել է Bloomberg-ը։
Հոկտեմբերի 24-ին հրապարակված հրամանագրում վարչապետ Հերինթսալամա Ռաջաոնարիվելոն հայտնել է, որ Ռաձոելինան կորցրել է քաղաքացիությունը Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալուց հետո։
Երկրի օրենսդրության համաձայն՝ «Մալագասիայի չափահաս քաղաքացին, որը կամավոր կերպով ձեռք է բերում օտարերկրյա քաղաքացիություն, կորցնում է Մալագասիայի քաղաքացիությունը»։
51-ամյա Ռաձոելինան այս ամսվա սկզբին փախել է երկրից եւ թաքնվել այն բանից հետո, երբ զինվորականներն անցել են կառավարության դեմ բողոքող ցուցարարների կողմը եւ զավթել իշխանությունը։
Նրա գտնվելու վայրն անհայտ է։ Գործարար Մամինիայնա Ռավատոմանգան նույնպես Մավրիկիայի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հանձնաժողովի կողմից ձերբակալվել է ուրբաթ՝ փողերի լվացման հետաքննության շրջանակում։ Radio France Internationale-ը հաղորդել է, որ Ռավատոմանգան նախկին նախագահի ֆինանսիստն էր։
«Կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պարոն Ռավատոմանգան, Մավրիկիայի մի քանի իրավաբանական անձանց կառավարմանը մասնակցության միջոցով, ունեցել է ակտիվներ, որոնք ենթադրաբար հանցավոր գործունեության եկամուտներ են»,- նշվել է հանձնաժողովի ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ։
Հանձնաժողովը քրեական կարգով սառեցման որոշում է կայացրել Ռավատոմանգայի անձնական բանկային հաշիվների եւ նրա ընկերությունների հաշիվների նկատմամբ։ Հետաքննությունը վերաբերում է նրա կառավարման ներքո գտնվող կազմակերպությունների կողմից պահվող 6.46 միլիարդ ռուփիի (141.8 միլիոն դոլար), ինչպես նաեւ 858.5 միլիոն ռուփիի անձնական միջոցներին, նշվել է հայտարարության մեջ։
Ռավատոմանգան հերքում է ցանկացած չարաշահում։ Գրավոր ցուցմունքում նա նշել է, որ միջոցներն օրինականորեն ձեռք են բերվել Մավրիկիայում 30 տարվա գործունեության ընթացքում եւ ենթարկվել են խիստ վերահսկողության «ամենահեղինակավոր բանկերի» կողմից։
«Դրանք օրինական են եւ չեն պարունակում որեւէ ընդհատակյա կամ անօրինական միջոցներ»,- ասել է նա։

