Իշխանությանը երկար ժամանակ չի մնացել, իրենց առաջին խանգարողը հենց իրենք են. խուսափում են հերոսների անուններից. Գեղամ Օհանյան

Դեռ 2017 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր և դժգոհում էր օրվա իշխանություններից, պարբերաբար ԱԺ ամբիոնից հարց էր բարձրացնում, որ պետք է Երևանի փողոցների անունները փոխվեն։

Նա առաջարկում էր, օրինակ, Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դեռ հակաեկեղեցական այս գրոհը չէր սկսել։ Անաստաս Միկոյան փողոցն էլ առաջարկում էր փոխել Քըրք Քըրքորյանի անվան, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան Հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը՝ Մոնթե Մելքոնյանի անուններով։

Այդ ժամանակ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Ազգալդյանի անունով կոչվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը։ Իսկ Լենինգրադյան փողոցը չանվանափոխելու համար նախկին քաղաքապետն ասել էր, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են և քույր քաղաքներ են: Տարոն Մարգարյանն այդ ժամանակ ընդառաջ էր գնացել «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով» փոխելու նախաձեռնության անդամների պահանջներին։

Փողոցների անունները փոխելը դրոշակ դարձրած Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո, այդպես էլ Լենինգրադյան փողոցը չանվանափոխեց ու չդարձրեց Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։

Կարդացեք նաև

Փոխարենը՝ հոկտեմբերի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ընդունվեց «Հանրապետություն» խմբակցության ներկայացրած նախագծը, որով Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի ՀՀ ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի անունով։

«Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով» փոխելու նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը մեզանից տեղեկացավ ավագանու ընդունած նախագծի մասին և բնավ չզարմացավ և հիշեցրեց, որ նախորդ իշխանությունները Անտառայինի մի հատվածն անվանեցին Լեոնիդ Ազգալդյանի անունով, և նշեց, որ մեկ մարդու անունով Երևանում չի կարող 2 փողոց կոչվել։

«Կարծում եմ՝ այս ամենի պատճառներից մեկն այն է, որ այսօրվա իշխանությունը խուսափում է ռազմական դաշտում սխրագործություններ արած մարդկանց անուններն օգտագործելուց, նաև սերունդներին կրթելու գործում կիրառելուց։ Պարզ է, սա իրենց «խաղաղության օրակարգի» տրամաբանության մեջ է, անկեղծ, այսօրվա իշխանություններից դժվար է զարմանալը»,- 168.am հետ զրույցում նշեց Գեղամ Օհանյանը։

Ըստ նրա, որքան էլ հայ ռազմական գործիչներին, նրանց սխրանքն իշխանությունը ստվերի «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար, միևնույն է՝ այդ խաղաղությունը չի լինելու և դրա համար ընդամենը  պետք է նայել, թե Ադրբեջանն ինչ խոսույթով է դիմում իր հասարակությանը։

«Հազար ու մի օրինակ կարելի է բերել, որ խաղաղություն չի լինելու, մեզ շրջանցող, մեր դերը տարածաշրջանում վերացնող քաղաքականություն են վարում Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ մեր ղեկավարությունն իրականացնում է նրանց օրակարգը՝ ուղիղ թե անուղղակի, այդ օրակարգն է իրականացնում։

Կարծում եմ՝ այս իշխանությանը երկար ժամանակ չի մնացել, իրենց առաջին խանգարողը հենց իրենք են՝ իրենց տգիտությամբ»,- ընդգծեց Գեղամ Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս