Մարդը՝ ցանցի մեջ. Հակասոցիալական
Արտարժույթի փոխարժեքի արհեստական կայունության պայմաններում, Հայաստանում անտեսանելիորեն արժեզրկվում են հիմնարար նշանակություն ունեցող հասկացությունները:
Հայրենիքի գաղափարն արժեզրկվել է այնպես ու այնքան, որ գրեթե դուրս է մղվել համակարգաստեղծ հասկացությունների շրջանառությունից: Առնվազն իշխանության համար ու իշխանության կողմից: Արժեզրկված հայրենիքին փոխարինելու է եկել պետությունը՝ «չորրորդ հանրապետություն» ապրանքանիշով, որն իր ներդրմամբ արժեզրկել է իրական պետության գաղափարը:
Դևալվացիոն այս շղթայում, սակայն, ամենաողբերգականն ու անդառնալին մարդու՝ մարդկային տեսակի արժեզրկումն է, որը տեղի է ունենում գրեթե ամենժամյա ռեժիմում:
Անտեսանելի այդ գործընթացը ներթափանցել է հանրային կյանքի բոլոր ոլորտներ, բայց մարդու կառավարվող արժեզրկումը տեղի է ունենում հատկապես պետության հետ ուղղակիորեն կապված բնագավառներում, առավել ևս ու հիմնավորապես՝ պետությունը ներկայացնող մարդկանց պարագային: Խայտառակ իրադարձություններ են պատահում գրեթե ամեն օր:
Հիմա շինծու ձերբակալությունների ու անբարոյական դատավարությունների սեզոնն է, ամեն շաբաթ հանրությունն ականատես է լինում իրավապահ մարմինների հերթական այլանդակ գործողությանը՝ եպիսկոպոսների էժան ձերբակալությունից՝ մինչև քաղաքապետի ցուցադրական առևանգում:
Հետո արձակվում են իշխանության պատվերը դակող դատավորների վճիռները, այդ ամենը կատարվում է ձերբակալողներին ուղեկցող ու դատարանների շենքերը հսկող հարյուրավոր ոստիկանների, նույնքան անհամազգեստ ուժայինների ուղեկցությամբ:
Շաբաթից՝ շաբաթ տեղի ունեցող այս ամոթալի տեսարանների մասնակիցը ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ էլ անգամ որևէ ուսապարկավոր կենդանի կամ կենդանակերպ ուսապարկ: Այս գործընթացում ներգրավված են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Նրանք, այո, արժանի են անարգանքի՝ այդ պահին ստրկաբար եղկելի հրամաններ կատարելու համար, բայց բոլոր դեպքերում, հայ մարդիկ են, ունեն ընտանիքներ, ազգականներ, ընկերներ:
Քանի որ հանրային մերժման ինստիտուտը Հայաստանում չի գործում, այդ հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ այս կամ այն չափով հանդուրժվում են իրենց միկրոմիջավայրերի կողմից՝ այդ հանդուրժմամբ տարածելով անբարոյականությունը, որ նրանք կրում են՝ որպես իշխանության հրոսակ:
Հնարավոր է՝ այդ հանդուրժումը լուռ չէ, բացառված չէ՝ կարմիր բերետավորը կարմրում է ընտանիքում ստացած ամոթանքից, սև պատմուճանով դատավորն էլ սևերես է շրջում ազգականների մոտ:
Բայց միևնույն է՝ անբարոյականության մեջ թաթախված այդ հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ՝ ամոթից գետինը մտնելու փոխարեն, մտնում են իրենց միջավայրեր ու բացիլի հանգույն վարակում հանրության ամենատարբեր շերտերի, որոնց անդամների հանրագումարը հաշվվում է տասնյակ կամ հարյուր-հազարներով:
Արդյունքում ստեղծվում է հակասոցիալական/ապասոցիալական ցանց, որը, ի տարբերություն վիրտուալ ցանցերի, քաղցկեղի մետաստազների նման ախտահարում է հանրային հարաբերություններն ու պետությունը: Անբարոյականությամբ: Անմարդությամբ:
Սոցիալական ցանցերով իշխանության եկածն ու իշխանություն պահողը դա անում է իր հյուսած հակասոցիալական ցանցի միջոցով, որը հնարավոր է դարձել մի քանի կարևորագույն հասկացությունների փոխկապակցված արժեզրկման արդյունքում:
Արժեզրկված մարդու համար հայրենիքը նույնիսկ պետություն չէ, այլ քնելատեղի, ինչպես որ պետությունը ոչ թե ազգային ինքնության հավաքական բարձրակետն է, այլ ֆեստիվառի հրապարակ: Իսկ դրանցում փոխարժեքներից ամենակարևորը պիտի լինի ու է՛ արտարժույթինը: Առաջիկայում՝ ոչ միայն դոլարինը:
Հարություն Ավետիսյան

