Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Լեհաստանում մի օր որոշեն դնել Թալեաթի արձանը. Նիկոլ Փաշինյանը՝ Կամո Արեյանին
«Բավարար չէ միայն ստացածն ու ծախսածը ներկայացնելը, կարևոր է իմանալ այդ գումարների ծախսման արդունքում ինչ բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել: Հայաստանում ռանգերի են բաժանվում պաշտոնյանեը: Արդեն որերորդ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայանում նիստին»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա զեկուցող Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշվեց մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միոկյանի արձանը, ինչո՞ւ Մարտի 1-ի զոհերի արձան դնելու միտք չառաջացավ. «Գուցե արդիական է գնդակահարողների և ոչ թե գնդակահարվողների արձանները կանգնեցնե՞լը»:
Կ.Արեյանը նախ հակադարձեց, թե Տարոն Մարգարյանը միտում չունի թերագնահատել որևէ մեկին, իսկ նիստին ներկա չէ, որովհետև ՀՀ նախագահի հրամանագրով Հայոց Ցեղասպանության տարելիցի հետ կապված նախապատրաստական հանձնաժողովի անդամ է և այս պահին մասնակցում է այդ հանձնաժողովի նիստին:
Ըստ նրա՝ գործող օրենքով մայրաքաղաքում արձանների տեղադրման, աշխարհագրական անվանակոչության իրավունքը վերապահված է Երևանի ավագանուն՝ համապատասխան առաջարկների հիման վրա. «Միկոյանի պահով քաղաքացիական նախաձեռնությամբ առաջարկ է եղել, ավագանին տվել է իր համաձայնությունը: Ինչ մնում է պատմաքաղաքական փաստերին, որ վերաբերում է նրա անցյալին, մենք գտնում ենք, որպատմության մեջ կան իրարամերժ գնահատականներ, բայց ավագանին տվել է իր համաձայնությունը որպես պետական գործչի»:
«Միկոյանի հետ կապված ասում եք՝ առանց պատմական ենթատեքստերի, բայց ասում եք պետական գործիչ է: Որպեսզի իմանանք պետական գործիչ է, թե պետական դահիճ, պետք է ուսումնասիրել: Դուք պատմությունը ուսումնասիրե՞լ եք: Դուք Երևանում Միկոյանի արձանը կանգնեցնելով՝ ի՞նչ եք ուզում ասեք մեզ, ՀՀ քաղաքացիներին»,- հայատարարեց Ն.Փաշինյանը՝ նաև հարցնելով, թե երբ է նախատեսվում արձանը կանգնեցնել, ով է ֆինանսավորելու. «Մի դիտարկում էլ պատմության հետ կապված՝ Միկոյանի անունը կապվում է Կատինում 22 հազար լեհ սպաների գնդակահարության հետ, ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Լեհաստանում մի օր որոշեն դնել Թալեաթի արձանը»:
«Թալեաթի արձանն ու անունը ինձ չեն հետաքրքրում»,- նկատեց Կ.Արեյանը:
Ըստ նրա՝ արձաններ տեղադրելիս ուղերձներ չեն լինում, թե երբ կտեղադրվի հայտնի չէ, էսքիզային տարբերակը դեռ չկա, ֆինանսավորման աղբյուրը պարզ չէ: Նա կոչ արեց նիստը ասուլիսի չվերածել ու մնալ Երևանի բյուջեի կատարողականի քննարկման սահմաններում:
Արդեն Արեյանի հեռանալուց հետո Ն.Փաշինյանը բորբոքված հայտարարեց, թե գործադիրի անդամներն իրավունք չունեն ԱԺ պատգամավորներին սովորեցնել, թե ինչպես վարվեն. «Գալիս երկու թուղթ կմկմած ասում ու գնում են»: