Արմավիրի մարզն ու Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասը կհամագործակցեն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը՝ երկրամասի գործադիր մարմնի ղեկավար, հեթման Միրոսլավ Նովակի գլխավորությամբ: Մորավսկի-Սիլեզյան երկրամասը համագործակցում է Հայաստանի Արմավիրի մարզի հետ, եւ պատվիրակությունը ժամանել է՝ հայ գործընկերների հետ փոխգործակցության ուղղությունները քննարկելու, համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:
Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Չեխիայի հետ միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումն ու զարգացումը, եւ նման մակարդակով բազմակողմ համագործակցություն ծավալելու համար առկա են բոլոր նախադրյալները:
«Կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների հետ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը, եւ մենք պատրաստ ենք աջակցել համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-նշեց փոխվարչապետը: Ա. Գեւորգյանը հեռանկարային համարեց մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցությունը:
Միրոսլավ Նովակը նշեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ գործարարներ, ովքեր այցի ընթացքում կծանոթանան հայկական շուկային, կնախանշեն հետագա գործակցության ուղղությունները: Չեխ գործարարների համար հետաքրքիր կարող են լինել գյուղատնտեսության, Հայաստանից գյուղմթերքի արտահանման, Չեխիայից գյուղտեխնիկայի ներկրման ուղղությունները, ուսումնասիրվում են նաեւ այլ ոլորտներում գործակցության հնարավորությունները:
Կողմերը կարեւոր համարեցին գործարար շփումների ակտիվացումը: Նշվեց, որ երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապի առկայությունը եւս բարենպաստ պայմաններ է ստեղծում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին