«Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից». Նիկոլ Փաշինյան
ԱԺ ՀԱԿ խմբագցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից: 2008 թվականի Մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում:
Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի: Սա հզորագույն հոգեւոր լիցք է ինձ համար՝ 60 հոգի, եւ ոչ մի տեղեկատվական արտահոսք:
60 մարդ, ում անվերապահ կարող եմ վստահել՝ նույնիսկ կյանքս: 2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ եւ ձերբակալվեցի, ապա դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի 11 ամիս անցկացրի անազատության մեջ եւ համաներմամբ ազատ արձակվեցի 2011 թվականի մայիսի 27-ին: Իմ վերադարձը տեւեց ուղիղ երեք տարի երեք ամիս:
Այս ամենը շարադրում եմ մեկ նպատակով. ուզում եմ ասել՝ շնորհակալություն: Շնորհակալություն՝ ընդհատակի իմ պահապան հրեշտակներին: Շնորհակալություն նրանց, ովքեր պայքարել են հանուն իմ քաղբանտարկյալ ընկերների եւ իմ ազատության:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զորակցել են, բոլոր նրանց՝ ում սիրտը ցավացել է:Շնորհակալություն իմ ընտանիքին, ում սերն ապրեցրել է ինձ՝ նույնիսկ ամենահուսահատ ժամերին: Եւ ուրեմն՝ Կեցցե՛ Ազատությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»: