Ծառուկյան-Արգամիչ դաշինքի իշխանության գալուց հետո ՀՀԿ-ն այլևս առաջվանը չէ. «Հրապարակ»

«Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը լավագույնս ապացուցեց, որ Ծառուկյան-Արգամիչ դաշինքի իշխանության գալուց հետո ՀՀԿ-ն այլևս առաջվանը չէ` խեղճացել է, ուժը կորցրել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Իշխող կուսակցության շաբաթօրյա համագումարը մի ԳՄ նիստի աշխուժություն ու հետաքրքրություն էլ չուներ:

Հարկ չէին համարել ներկայանալ դրսի ՀՀԿ-ականները, որոնք նախկինում հազարավոր կիլոմետրեր կտրում-հասնում էին կուսակցության գլխավոր միջոցառմանը:

Միակ «պատվավոր» հյուրը Սաշիկ Սարգսյանն էր, ով, ինչպես ՀՀԿ-ն, նույնպես առաջվանը չէր, չկար լրագրողների վրա հարձակվելու, սեռական բնույթի հայհոյանքներ տեղալու նախկին եռանդնը, անհասկանալի զուսպ ու լուռ էր, կարելի է ասել՝ անտրամադիր:

Հովիկ Աբրահամյանի՝ օլիգարխներին հարկային դաշտ բերելու հայտարարությունների ֆոնին փոքր-ինչ հետաքրքրություն ներկայացնող մասնակիցներից էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով բերանը կողպել էր և նոր վարչապետին ու իրեն վերաբերող հարցերին պատասխանում էր խորիմաստ ժպիտով:

Համագումարի մեխը Սերժ Սարգսյանի ելույթն էր, որը թվում էր, թե նախկինների պես պետք է նվիրված լիներ իրենց չուզողներին ու չարակամներին: Սակայն այս անգամ նա «մեծահոգաբար» զերծ մնաց քաղաքական թշնամիներին փնովելուց ու վատաբանելուց: Սովետաշունչ ՀՀԿ-ի «առաքելությունն ու կարողությունը» փորձում էր ապացուցել ՀՀԿ-ին նվիրված մի երկարաշունչ, հնաբույր ու ճռճռան դիֆերամբով:

Ելույթից շատերն այնպիսի տպավորություն ստացան, որ իշխանությունն այլևս հանձնված է Հովիկ Աբրահամյան-Ծառուկյան դաշինքին, իսկ իրենք դեռ իներցիայով մի որոշ ժամանակ կշարունակեն դե յուրե լինել մեծամասնություն»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս