Կառավարական ակնարկներ
ԱԺ-ում շարունակվում է ՀՀ նոր կառավարության ծրագրի քննարկումը։ Իհարկե, քչերն են մտածում, որ ծրագրից, դրա հիմնավորվածությունից, էջերի քանակից կամ ձևակերպումներից որևէ բան է կախված։ Սակայն դա չի խանգարում, որ հին ու նոր պաշտոնյաները մեծ կարևորություն տան դրան։
Ավելին, մամուլում հրապարակվեց մի աշխատանքային նկար, որտեղ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը համակարգչի դիմաց ճշգրտում են հույժ կարևոր այս փաստաթղթի վերջին շտրիխները։ Ասում են, որ դա խանդ է առաջացրել նախկին կառավարության անդամների մոտ, որոնք կարծում են, որ փաստաթղթի հեղինակային իրավունքն իրենցն է։
Իհարկե, բովանդակային առումով նոր ծրագիրը հնից որոշ տարբերություններ ունի։ Դրանց դեռ կանդրադառնանք։ Սակայն շատ ավելի ուշագրավ են մեսիջները կամ ակնարկները, որոնք Հովիկ Աբրահամյանն ուղարկում է նախորդ կառավարությանն ու ավելի շատ` հասարակությանը։ «Եթե ես շատ հակիրճ բնութագրեի կառավարության` ձեր դատին ներկայացվող ծրագիրը, ապա այն կանվանեի, առաջին հերթին, իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Իրատեսական` խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ` հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր` հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ»,- իր ելույթում ասաց Հովիկ Աբրահամյանը:
Բոլորն են հիշում, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա թիմին հիմնականում մեղադրում էին իրականությունից կտրված լինելու մեջ։ Տ. Սարգսյանի թեզերը` գիտելիքահենք տնտեսության, էլեկտրոնային հասարակության, արագ փոփոխվող աշխարհի և այլնի մասին, համարվում էին ուտոպիստական։ Հ. Աբրահամյանը հետո շարունակել է միտքը` պարզաբանելով, թե ինչ է նշանակում «իրատեսականություն»։ «Իրատեսականությունը չի նշանակում հավակնությունների բացակայություն: Իրատեսականությունը նշանակում է ռեսուրսների առկայության սթափ գիտակցում»,- ասել է նա` բավականին թափանցիկ ակնարկելով, որ նախորդ կառավարությունը սթափ չէր գիտակցում առկա ռեսուրսները: Ու թերևս դրա համար էլ խոսում էր այնպիսի դարակազմիկ ծրագրերի մասին, ինչպիսիք են Դիլիջանը ֆինանսական կենտրոն կամ Գյումրին նավահանգստային քաղաք դարձնելու տեսլականները։
Ընդհանրապես, Հ. Աբրահամյանի բոլոր մեսիջներն այդ շրջանակներում են` իրատեսականության։ «Բազմաթիվ են գաղափարները, որոնք չենք կարող իրականացնել ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում հնարավորություն տա, ասենք, էապես ավելացնել կրթության կամ առողջապահության ծախսերը»,- ասում էր նա: Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այն, որ կառավարությունը թիրախավորում է տարեկան 5% տնտեսական աճ, մինչդեռ նախկին կառավարությունը խոսում էր «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի» մասին։ Ասել է թե` մեր հնարավորությունը սա է։
Ավելի բարձր աճ կապահովենք` շատ լավ, չենք ապահովի` ոչ ոք մեզ չի մեղադրի։ Հ. Աբրահամյանը մի բավականին հետաքրքիր մեսիջ էլ է ուղարկել. «Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճելու է, և մենք ավելի շատ ռեսուրսներ ենք տնօրինելու: Սակայն սա լինելու է ոչ մեխանիկորեն, ոչ բարձրացող հարկային դրույքաչափերի հաշվին: Ցուցանիշն աճելու է ստվերային շրջանառության կրճատմանը համահունչ»: Նախորդ կառավարության ծրագրում այդ մասին առանձին տողով նշվում էր` պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում` համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով: Այս կառավարությունը և Հ. Աբրահամյանը նման նշաձող չեն դնում։ Իրենց իսկ խոսքերով` մեխանիկական նշաձող չեն սահմանում։ Սրանով հասկացնում են, որ իրենք չեն ցանկանում մեխանիկորեն, ինքնանպատակ ավելացնել հարկերը, այլ ցանկանում են, որ դա լինի բնական պրոցես։
Ընդհանրապես, իր նշանակման օրվանից ի վեր Հ. Աբրահամյանը փորձում է վերաիմաստավորել (չասենք` արժեզրկել) նախորդ կառավարության նախաձեռնությունները։ Որ դեպքերում հնարավոր է` նա խաչ է քաշում դրանց վրա։
Օրինակ` վերացվեց շքեղության հարկը, խոշորների համար պարտադիր աուդիտի պահանջը, և այլն։ Այսինքն` դու սա արել ես, ես չեմ անի։ Սակայն նախկիններին որոշ բաներ հասկացնելուն Հ. Աբրահամյանը նաև հակառակ կողմից է մոտենում` անում է որոշ քայլեր, որոնք նախկին կառավարությունը հրաժարվում էր անել։ Օրինակ, կառավարությունը նախատեսում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու համատեքստում` հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման հետաձգման շեմի աստիճանական իջեցում: Դե, իսկ այսուհետ հավասար պայմաններով աշխատելու մասին միտքը, որ կարմիր թելի նման անցնում է թե կառավարության ծրագրում, թե վարչապետի ելույթներում ու քայլերում (օրինակ` խոշոր գործարարների հետ հանդիպումը) ամենամեծ ակնարկն է առ այն, որ նախկին կառավարության օրոք պայմանները հավասար չէին։
Չնայած այս ամենին, Հ. Աբրահամյանի ակնարկներն ու մեսիջներն ի սկզբանե սահմանափակ ազդեցություն ունեն։ Այն պարզ պատճառով, որ Տ.Սարգսյանի վարչապետության օրոք Հ. Աբրահամյանը ոչ թե Նկարիչների միության նախագահն էր, այլ ԱԺ խոսնակը։ Ի պաշտոնե` ավելի բարձր, քան վարչապետը, և բոլոր իրավունքներն ուներ կառավարության «սանձերը ձգելու» համար։ Վերադառնալով կառավարության ծրագրին` նշենք, որ որպես ծրագիր` այն ավելի աբստրակտ է, և չափելի թիրախներ չկան։ Այսպես, այս ծրագրով կառավարությունը 2014-2017թթ. ընթացքում նպատակադրում է 3 արդյունք`
- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5% աճի միջոցով.
- նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` մինչև 65000 դրամի.
- աղքատության կրճատման ապահովում` 10 տոկոսային կետով:
Իսկ 2013-ին Տ. Սարգսյանի կառավարությունը նպատակադրել էր 10 արդյունք.
- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով,
- ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
- նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
- նվազագույն աշխատավարձ/աղքատության գծի համեմատ առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
- ծնելիության գումարային գործակցի աճ` մինչև 1.8-ի,
- 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում,
- միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում` հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի.
- աղքատության կրճատման ապահովում` 8-10 տոկոսային կետով,
- 100 000-ից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում,
- պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում` համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով:
Այսինքն` Տ. Սարգսյանի ծրագիրը գոնե թիրախների մասով ավելի կոնկրետ էր, և դրա իրականացման արդյունավետությունը հեշտ էր գնահատել։ Մնացած գեղեցիկ ձևակերպումները` անվտանգության, հավասարության, պաշտպանվածության և այլնի մասին, գրեթե նույնությամբ կրկնվում են երկու ծրագրերում։
Սակայն զարմանալին այն է, որ այս ծրագիրը և այս կառավարությունը խորհրդարանական ընդդիմության կողմից այնքան սուր քննադատության չարժանացան, որքան նախորդ ծրագրերը։ Օրինակ` Հրանտ Բագրատյանը, որ նախորդ կառավարության ներկայացրած փաստաթղթերը ջախջախում էր, այս անգամ բավականին հանդուրժողական գտնվեց և բառացիորեն ասաց, որ առաջին անգամ է` կառավարության ծրագրից ծրագրի հոտ է գալիս։
Մի երկու թեթև դիտարկում Բագրատյանն, իհարկե, արեց, սակայն նաև նշեց, որ անկախ նրանից, թե ինչպես կքվեարկի` այս կառավարությունն իրեն դուր է գալիս։ Սա չի նշանակում, որ պետք է դավադրությունների տեսությանը տրվել ու ինչ-որ ենթադրություններ անել։ Բագրատյանի կողմից նման հանդուրժողական վերաբերմունքի պատճառ կարող է լինել Հ. Աբրահամյանի կողմից հարգանքի ցուցադրումը նրա գիտելիքների և փորձի նկատմամբ։
Եվ պատրաստակամությունը` լսել նրա խորհուրդներն ու առաջարկությունները։ Հիշեցնենք նաև, որ նոր վարչապետն առաջարկում էր ստեղծել նախկին վարչապետերի ակումբ, ինչին Բագրատյանը դրական արձագանքեց` ժլատ չենք, կկիսվենք մեր փորձով։ Նաև հիշեցնենք, որ նախկին կառավարությունը մերժում էր Բագրատյանի գրեթե բոլոր առաջարկությունները։ Իսկ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հ. Աբրահամյանն անձնական հարաբերությունների կարգավորման մեծ մասնագետ է։ Թե որքանով է նա անկեղծ այս հարցում, և որքանով նրա դիրքորոշումը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը, ցույց կտա ժամանակը։