Ապաշնորհ աճպարարություն, կամ՝ լեռը երկնեց ու մուկ ծնեց. կառավարության հրապարակած ինքնաոչնչացման «փաստաթղթերը»

Դեկտեմբերի 2-ին կառավարության կայքում «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» խորագրի ներքո տեղադրվել են 13 «փաստաթղթեր»։ Քանի որ դրանց հետ որևէ ուղեկից բացատրագիր-մեկնաբանություն չի հրապարակվել, կարելի է ենթադրել, որ դա այն հրապարակումն է, որը խոստացել էր անել կառավարության ղեկավարը՝ ապացուցելու համար իր պնդումների ճշմարտացիությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Դրանցից հիմնականները հետևյալներն էին.

1. բանակցային փաստաթղթերում միշտ նշվել է Արցախի պատկանելությունն Ադրբեջանին,

2. բանակցային փաստաթղթերում նշվել է, որ Շուշին վերադարձվելու է Ադրբեջանին,

3. բանակցային փաստաթղթերում ինքնորոշման իրավունքը նշվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո,

4. բանակցային փաստաթղթերում Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենար ոչ միայն Արցախում, այլ նաև Ադրբեջանի ողջ տարածքում,

5. իրենք ժառանգել են տապալված գործընթաց, այդ պատճառով մերժել են այն ի սկզբանե, և այլն։

Իհարկե, առանց այդ հրապարակման էլ կարգավորման գործընթացին տեղյակ, անհրաժեշտ գիտելիքներ ունեցող ամեն մեկի համար վաղուց պարզ էր, որ այդ պնդումները զուրկ են որևէ հիմքից ու փաստաթղթերի և գործընթացի թյուրընկալումների հետևանք։ Եղել են հրապարակումներ (օրինակ, 1 Տ. Թորոսյան, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները, Թորոսյան Տ. 2020թ. պատերազմ. Նախադրյալները, հետևանքները և աղետի հաղթահարման հնարավորությունները), որոնք մանրամասն հիմնավորումներով, փաստաթղթերի հիման վրա մասնագիտորեն ապացուցել են, որ այդ պնդումներն անհիմն են, կեղծիք են ու աճպարարություն կամ, առնվազն, տգիտության հետևանք են։ Այդուհանդերձ, քանի որ այդ «փաստաթղթերը» հրապարակվել են՝ իբր հիմնավորելու համար այդ պնդումները, անհրաժեշտ է ընթերցողին ցույց տալ այդ ամենը՝ հենց հրապարակված փաթեթի հիման վրա։

Փաթեթը պատրաստողների գիտելիքների պակասի մասին է խոսում այն փաստը, որ դրանում եղած 13 նյութերից 4-ը չեն կարող փաստաթուղթ կոչվել։ Որպես այդպիսին են ներկայացվել Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանից մի հատված, մի օրաթերթի հրապարակում, Ռուսաստանի նախագահին ուղղված մի նամակ ու փոփոխությունների մի առաջարկ՝ առանց հիմնական փաստաթղթի, որին դա վերաբերում է։ Իհարկե, այդ նյութերում էլ բացակայում է վերոհիշյալ պնդումների հավաստիությունը վկայող որևէ բան, սակայն պնդումների հարցը քննարկելիս հարկ է մանրամասն անդրադառնալ հենց փաստաթղթերի ու նման կարգավիճակ չունեցող այլ նյութեր պետք է մի կողմ թողնել։

Ավելին, ժամանակավրեպ է 4 փաստաթղթերի հրապարակումը, որոնք վերաբերում են առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածին, քանի որ այդ ընթացքում բանակցությունները տեղի էին ունենում բոլորովին այլ սկզբունքների հիման վրա ու այսօրվա իշխանությունների վերոհիշյալ պնդումների հետ ոչ մի կապ չունեն։ Ինքնորոշման իրավունքի ամրագրումը՝ որպես Արցախի քաղաքական կարգավիճակի որոշման սկզբունք, ամրագրվել է 2005 թվականի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1416 բանաձևով և դրա առաջարկի հիման վրա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արձագանքով։

Ավելի ուշ՝ 2007 թվականի նոյեմբերին, այդ սկզբունքը դարձել է Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած բանակցային փաստաթղթի նոր տարբերակի՝ Մադրիդյան սկզբունքների մաս։

Հետևաբար, պնդումների իսկության տեսակետից փաստաթղթերը պետք է դիտարկել այդ ժամանակից սկսած։ Այսպիսով, այդ պնդումների իսկության հետ առնչվում են այդ փաթեթում ընդգրկված ընդամենը 5 փաստաթուղթ՝ 2007 թվականի Հիմնական սկզբունքները (որ հետո կոչվեց Մադրիդյան, քանի որ ներկայացվել էր Մադրիդում) ներառող առաջին փաստաթուղթը, 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, Ռուսաստանի 2014 թվականի առաջարկությունները, 2016 թվականի փաթեթը և 2019 թվականի հունիսի փաթեթը։

Ավելին, էական է դիտարկել 2007 և 2019 թվականների փաստաթղթերը, քանի որ առաջինը ինքնորոշման իրավունքի կիրառման վերաբերյալ առաջին բանակցային փաստաթուղթն է, իսկ վերջինը՝ այն փաստաթուղթը, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները մերժել են, հայտարարել են, որ սկսում են սեփական կետից՝ արհամարհելով Մինսկի խմբի համանախագահներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամների 13 տարվա ջանքերը։ Ակնհայտ է, որ նման անմիտ ու ամբարտավան պահվածքը տապալել է բանակցային գործընթացը։

Միջանկյալ երեք փաստաթղթերին մանրամասն անդրադառնալու կարիք չկա, քանի որ կառավարության ղեկավարի պնդումների տեսակետից առանցքային են այն ձևակերպումները, որոնք առկա են Արցախի ինքնորոշմանը վերաբերող առաջին և վերջին բանակցային փաստաթղթերում՝ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներն ու 2019 թվականի փաթեթը։

Այդ փաստաթղթերը ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է գիտելիքներ ունենալ հակամարտությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի մասին՝ «ՄԱԿ կանոնադրություն», «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին հռչակագիր», «ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիրը», «ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտ», որոնք սահմանում են հրապարակված փաստաթղթերում օգտագործվող նորմերի ու մեխանիզմների էությունը։ Պնդումների ու փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ ստացվում է հետևյալ պատկերը։

Հիմնական սկզբունքներ (2007 թվականի փաստաթուղթ)

Պնդում 1.

Այս փաստաթղթի հենց սկզբում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով սահմանված երեք սկզբունքների վրա՝ ուժի և ուժի սպառնալիքների չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման։ Միջազգային իրավունքի վերաբերյալ տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած մարդ կհասկանա, որ հակամարտության երեք կողմերից՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան, առաջինն ու երրորդը ճանաչված անկախ պետություններ են, ու ինքնորոշվելու խնդիր ուներ միայն Արցախը։

Այդ նույն միջազգային իրավունքը սահմանում է, որ ինքնորոշում՝ նշանակում է ինքնուրույն որոշել սեփական քաղաքական կարգավիճակը։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ ինքնորոշվող Արցախը չէր կարող պատկանել Ադրբեջանին։ Ավելին, դրանից հետո սահմանվում են խնդրի կարգավորման Խաղաղության համաձայնագրի սկզբունքները, որոնցից առաջին երկուսը վերաբերում են Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակներին։ Առաջինը սահմանում է, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման հանրաքվեով, որ քվեարկության դրվող հարցի վերաբերյալ որևէ սահմանափակում չի լինելու և հանրաքվեին մասնակցելու են մինչև 1988 թվականը Լեռնային Ղարաբաղում ապրած մարդիկ՝ հայերի ու ադրբեջանցիների թվային համամասնությունը պահպանելով՝ ըստ մինչ հակամարտությունն անցկացված ԽՍՀՄ վերջին մարդահամարի։

Երկրորդը սահմանում էր, որ մինչ վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ։ Դրա հիման վրա Արցախի ժողովրդի համար սահմանվում էին քաղաքական ու տնտեսական կենսունակությունն ու անվտանգությունն ապահովող իրավունքներ՝ ընտրել օրենսդիր և գործադիր մարմիններ, հիմնել դատարաններ, մասնակցել իրենց վերաբերող ԵԱՀԿ նիստերին, ստանալ օգնություն և ուղիղ օտաերկրյա ներդրումներ և այլն։ Մի՞թե ողջամիտ որևէ մեկը կարող է այս ամենն ընկալել՝ որպես պատկանելություն Ադրբեջանին։ Մի փնտրեք հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող որևէ փաստաթուղթ, որն արձանագրել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

Նման փաստաթուղթ պարզապես չկա։ Եթե նման բան լիներ, ապա երկու տգետ ծաղրածուներ՝ Մակրոնն ու Շառլ Միշելը, դա կօգտագործեին 2021 թվականին Բրյուսելում Հայաստանի ներկայացուցչին նման գաղափար ներշնչելու համար, այլ ոչ թե կվկայակոչեին Ալմա Աթայի կես էջանոց հռչակագիրը՝ ԱՊՀ-ն ձևավորելու մասին, որը ոչ մի կապ չունի հակամարտության կարգավորման հետ։ Մինչդեռ, ճիշտ հակառակն է՝ այն արձանագրում է, որ ԱՊՀ անդամ պետությունները հարգում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում և՝ ինքնորոշման իրավունքը։

Ակնհայտ է, որ այս պնդումը բացարձակ կամ աճպարարություն է, կամ կեղծիք՝ Բրյուսելի կործանարար հայտարարությունն արդարացնելու համար։

Պնդում 2.

Մի՞թե կառավարությունում որևէ մեկը հակամարտության կարգավորմանը վերաբերող այս կամ չհրապարակված որևէ փաստաթղթում Շուշի բառ է տեսել։ Այս փսթեթի հրապարակումից հետո մնում է երկու ճանապարհ. կամ մատնանշել այդ փաստաթղթի համապատասխան էջը, կամ դիմել համապատասխան հաստատություններ՝ տեսողության հետ կապված գանգատներով։

Ակնհայտ է, որ այս պնդումը ևս բացարձակ կեղծիք է և աճպարարություն։

Պնդում 3.

Երբ Ադրբեջանը հասկացավ, որ կոպիտ սխալ է թույլ տվել՝ 2009 թվականին ստորագրելով փաստաթուղթը, որի համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, փորձեց շրջանառել մի տգետ ու անհեթեթ թեզ, թե իբր ինքնորոշումը պետք է կիրառվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո։

Ցավոք, հետագայում որոշ հայ քաղաքական գործիչներ ճղճիմ ներքաղաքական նկրտումների կամ տգիտության պատճառով որոշ ժամանակ կրկնում էին այդ ցնորամտությունը։ Միջազգային իրավունքը հստակորեն սահմանել է, որ ինքնորոշման իրավունքը վերաբերում է ինքնորոշվող ժողովրդի ու մետրոպոլիայի հարաբերություններին, իսկ տարածքային ամբողջականությունը՝ ճանաչված պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը։

Վերջին սկզբունքը սահմանում է, որ ՄԱԿ անդամ երկրներից որևէ մեկն իրավունք չունի այլ անդամ երկրի տարածքից որևէ մաս անջատել և միացնել իրեն։ Եվ միջազգային ասպարեզում, և անգամ Հայաստանում առկա են բազմաթիվ և չհերքված գիտական հրապարակումներ, որոնք անվերապահորեն ապացուցում են, որ ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն ունենալ չեն կարող և չեն կարող միմյանց հակադրվել։

Ակնհայտ է, որ տարածքային ամբողջականությունը կարող է հակադրվել ինքնորոշման իրավունքին կամ տգիտության, կամ քաղաքական ցինիզմի պատճառով՝ պրիմիտիվ կեղծիքի նպատակով։ Անգամ Ադրբեջանը, մի քանի տարի դա անելուց հետո, տեսավ դրա անհեռանկարայնությունն ու հրաժարվեց դրանից։ Հայաստանի իշխանությունները փորձում են վերակենդանացնել ադրբեջանական մեռած թեզը։

Այս պնդումը ոչ միայն բացարձակապես անհիմն է ու կեղծ, այլև հավաստում է այն պնդողի քծնանքն Ադրբեջանին։ Հետևաբար՝ պնդում 3-ը ոչ մի կապ չունի հրապարակված փաստաթղթերի հետ։

Պնդում 4.

Այս փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է «Окончательный правовой статус Нагорного Карабаха (НК) будет определен путем плебисцита, выражающего свободное и подлинное волеизъявление населения НК. Под населением НК понимаются лица любой национальности, проживавшие в НК в 1988г., в тех же пропорциях армянских и азербайджанских общин, которые существовали до начала конфликта».

Մի՞թե որևէ ողջամիտ և ռուսերենի (կառավարությունն է տեղադրել փաստաթղթի ռուսերեն տարբերակը) տարրական գիտելիքներ ունեցող մարդ կարող է չհասկանալ, որ խոսքը Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության կամարտահայտության մասին է։

Հետևաբար՝ այս պնդումը ևս ոչ մի փաստաթղթային հիմնավորում չունի։ 

Պնդում 5.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայիս իշխանության ստացած ժառանգությունը գնահատելու համար պետք է մանրամասն անդրադառնալ բանակցային փաստաթղթի 2019 թվականի հունիսին համանախագահների ներկայացրած փաթեթին։ Միգուցե բանակցային փաստաթղթում ինչ որ բաներ փոխվե՞լ էին՝ ի վնաս Հայաստանի։

Կարգավորման գործընթացի 2019 թվականի հունիսի բանակցային փաթեթը

Քննարկվող հարցերի կապակցությամբ այս փաթեթն ունի առանցքային նշանակություն, քանի որ կապող փաստաթուղթ է նախորդ իշխանությունների և ներկայիս իշխանության կառավարման շրջանների միջև։

Նախ հեշտ է նկատել, որ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքների և 2019 թվականի փաստաթղթի միջև կան էական, այդ թվում և՝ կառուցվածքային տարբերություններ։ Խնդիրը միայն այն չէ, որ առաջինը բաղկացած էր մեկ փաստաթղթից, երկրորդը ՝ երեք։ Ընդ որում, այդ տարբերությունը միայն քանակական չէ, այլ վկայում է գործընթացի զգալի զարգացումների մասին։

2007 թ. փաստաթղթի՝ կարգավորման սկզբունքների վերջին՝ 13-րդ և 14-րդ կետերում սոսկ մեկական նախադասությամբ արձանագրվում էր, որ «կողմերը, համանախագահների աջակցությամբ, կդիմեն ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ խաղաղության համաձայնագիրը հավանության արժանացնելու և մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավորությունը հավաստող բանաձևի ընդունման համար» և «կխնդրեն ԵԱՀԿ-ին ու ՄԱԿ-ին, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռք առնել՝ ՄԱԿ կանոնադրության համաձայն»։

Մինչդեռ, 2019 թ. փաթեթում արդեն առկա են երեք փաստաթղթեր՝ Կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին հռչակագիր, Համանախագահների հայտարարության նախագիծ, որով նրանք աջակցություն են հայտնում այդ հռչակագրի իրականացմանը, և 13 կետ պարունակող ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը, ըստ փաստաթղթի թվագրման, մշակվել էր դեռևս 2016 թվականին։ Դա տրամաբանորեն վկայում է, որ այդ ժամանակ առկա է եղել նաև համապատասխան գլխավոր փաստաթուղթը՝ կարգավորման հռչակագիրը, որը մինչև 2019 թ. կրել է որոշ խմբագրական փոփոխություններ, սակայն ոչ էական, քանի որ այդ դեպքում նման փոփոխություններ կկրեր նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը։

Իսկ այդ ամենը վկայում է, որ արդեն 2016 թվականին համանախագահները կարծում էին, որ լուծումը մոտ է, և մշակել էին փաստաթղթերի ամբողջական փաթեթը։

Ավելին, կարելի է նկատել, որ համանախագահները 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո կարող էին գնալ այն ճանապարհով, որով գնացել են դրական ավարտ ունեցած ինքնորոշման հակամարտությունները՝ մետրոպոլիայի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո դրանք միջազգային ճնշումներով դադարեցվում են և պարտադրվում են միջազգային իրավունքով սահմանված լուծումներ։

Քանի որ կառավարության հրապարակած փաթեթը պարունակում է նաև 2016 թվականի փաստաթղթերը, ապա 2019 թվականի փաթեթի հիման վրա արված ենթադրությունները կարելի է ստուգել այդ փաստաթղթերի հիման վրա։ 2016 և 2019 թվականների փաթեթների համեմատությունը հաստատում է վերը բերված եզրակացությունները։Երկու հռչակագրերի համեմատությունը բացահայտում է հետևյալ տարբերությունները.

  • 2019-ի հռչակագրի նախաբանը՝ 2016-ի համեմատ, մի փոքր թեթևացվել է՝ հեռացնելով որոշ պատմական հաստատագրումներ,
  • Առաջին էջում «Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն» արտահայտությունից հանվել է «ամբողջ» բառը, որն այդ արտահայտության մեջ որևէ լրացուցիչ իմաստ չէր արտահայտում (քանի որ հրապարակվել են ոչ թե բուն փաստաթղթերը՝ անգլերեն լեզվով, այլ դրանց թարգմանությունները ռուսերեն, հնարավոր է, որ այդ բառի հետ կապված առկա է պարզապես թարգմանության տարբերություն),
  • 2019-ի վերջին կետում փակագծերի մեջ ավելացվել է մի փոքր պարզաբանում, 2019-ի փաստաթուղթ է վերադարձվել մի ձևակերպում, որը 2007-ի փաստաթղթում կար, բայց 2016-ից դուրս էր մնացել. «քվեարկության դրվող հարցը կամ հարցերը ոչ մի կերպ չեն սահմանափակվելու, ցանկացած արդյունք կողմերը կհարգեն»։

Ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ սկզբնական շրջանում (2007 թվականից սկսած) քննարկվող փաստաթուղթը Հակամարտության կարգավորման սկզբունքներ էր կոչվում, իսկ 2019 (2016) թվականինը՝ Հռչակագիր կարգավորման առաջին փուլի մասին, որի հիման վրա հետագայում պետք է կնքվեր միջպետական պայմանագիր, ինչը նշանակում է, որ նախկինում ձևավորված կարգավորման սկզբունքներն այդ հռչակագրի դրույթների մանրամասներ էին պարունակում։

Նշված տարբերությունների ոչ էական բնույթի անուղղակի հաստատում է այն հանգամանքը, որ գլխավոր փաստաթղթերը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի նախագծերը, նույնն են 2016-ի և 2019-ի փաթեթներում։

Հետևաբար, պարզելու համար կառավարության ղեկավարի պնդումների համապատասխանությունը 2016-ի և 2019-ի փաթեթներին, մնում է բացահայտել, թե ինչ փոփոխություններ է կրել բանակցային փաստաթուղթը 2007-ից մինչև 2019 (2016) թվականներ։

Պնդում 1.

Ինչպես 2007 թ. փաստաթղթում, 2016-ի և 2019-ի փաստաթղթերում էլ որևէ ձևակերպում չկա, որով Արցախը համարվում է Ադրբեջանի մաս։ Ճիշտ հակառակը, բոլոր այդ փաստաթղթերն էլ արձանագրում են Արցախի ինքնորոշման իրավունքը և կարգավորման գլխավոր նպատակներից են համարում այդ իրավունքի իրացումը։

Ավելին, 2016 և 2019 թվականների փաթեթները մանրամասնում ու ամրապնդում են այդ մոտեցումը։ Մասնավորապես, արձանագրվում է, որ

-«կարգավորման նպատակների իրագործումը պահանջում է գործողությունների հաջորդականությունը համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ և հաշվի առնել նրանց շահերը»։

-հինգ շրջանները կարող են վերադարձվել Ադրբեջանին միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա Խաղաղության պահպանման միջազգային ուժերի տեղակայումից հետո, որոնց մանդատի որոշումը, այդ թվում և արձագանքը կողմերից որևէ մեկի խախտումներին, որոշվելու է այդ բանաձևով,

-Արցախի ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղության պայմանագրի մշակմանը և այլն։

Ակնհայտ է, որ 2019 (2016)-ի փաթեթը ապահովում էր միջազգային իրավունքի հիման վրա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, զգալիորեն մանրամասնելով ու ամրապնդելով դրա երաշխիքները։

Հետևաբար՝ կեղծիք է այն պնդումը, թե բանակցային փաստաթղթերով Արցախը համարվել է Ադրբեջանի մաս։

Պնդում 2.

Ինչպես 2007 թվականի փաստաթղթում, այնպես էլ կարգավորման բանակցային գործընթացի մյուս բոլոր փաստաթղթերում Շուշիի որևէ հիշատակում չկա։

Հետևաբար՝ պնդում 2-ը անհիմն է ու կեղծիք։ 

Պնդում 3.

Ոչ միայն բանակցային բոլոր փաստաթղթերում, այդ թվում և՝ 2016-ի ու 2019-ի փաթեթներում, նման դրույթ չկա, այլև չի կարող լինել, քանի որ հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու հիմնական փաստաթղթերին։

Նման պնդումը սխալ է ու կեղծ, լավագույն դեպքում՝ միջազգային իրավունքի չիմացություն։ 

Պնդում 4.

2016-ի և 2019-ի փաստաթղթերում ևս հստակորեն ամրագրված է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ պետք է անցկացվի համաժողովրդական քվեարկություն, որը արտահայտի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»։ Որևէ ողջամիտ մարդ չի կարող այս արտահայտությունն ընկալել որպես այլ բան, քան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվե։

Այս պնդումը ևս կեղծ է ու ձեռնածություն։ 

Պնդում 5.

2016 թվականի փաթեթից միայն փոքր, ոչ էական խմբագրումներով տարբերվող 2019-ի փաթեթը, որն առաջարկվել է կառավարությանը, նախատեսում էր

  • 2007 թվականից սկսած միջազգային ատյաններում հաստատված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնար միջազգայնորեն ճանաչված պետություն՝ ՄԱԿ-ի անդամ,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորները կլինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, երեք համանախագահ երկրները և Հայաստանը,
  • Անվտանգության ապահովումը կիրականացնեին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա ձևավորված Խաղաղության պահպանման միջազգային ուժերը, որոնց մանդատը, այդ թվում և արձագանքը կողմերից որևէ մեկի խախտումներին, որոշվելու էր այդ բանաձևով,
  • Արցախին սահմանակից ադրբեջանական շրջանները լինելու էին ապառազմականացված գոտիներ,
  • Արդեն իսկ միջանկյալ կարգավիճակով ճանաչվելու էին Արցախի գործադիր ու օրենսդիր մարմինները, դատարանները, ինքնապաշտպանական ուժերը, միջազգային ուղիղ ներդրումները և Արցախի լիարժեք քաղաքական ու տնտեսական կենսագործունեության ու անվտանգության ապահովման մարմիններն ու գործընթացները։ Այս իրավունքները թույլ էին տալու ապահովել Արցախի ղեկավարության ու պաշտպանության բանակի միջազգային պաշտպանվածությունն Ադրբեջանի նկրտումներից և այլն։

Սա էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այս իշխանությունների ստացած ժառանգությունը՝ որպես 18 տարիների բարդ աշխատանքի արդյունք։ Անգամ կառավարության հրապարակած փաստաթղթերի խիստ թերի փաթեթի վերլուծությունը վկայում է, որ թեև դրան նախորդել էր անբարենպաստ շրջան, քանի որ 90-ական թվականներին համանախագահներն առաջարկում էին բանակցային փաստաթղթի տարբերակներ, որոնք չէին նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի կիրառում, հետևաբար՝ Արցախի անկախություն, սակայն շարունակական աշխատանքի արդյունքում հաջողվեց բանակցային գործընթացը տեղափոխել միջազգային իրավունքի հարթություն՝ ինքնորոշման իրավունքի կիրառման հիման վրա։

Սակայն ի՞նչ արեց այդ ժառանգությունը ստացած իշխանությունը։ Հրաժարվեց վերը թվարկված արդյունքներն ապահովող բանակցային փաստաթղթից՝ հայտարարելով իր կետից գործընթացը սկսելու մասին։ Հետևեց անհեթեթ մեկնաբանությունների ու «գաղափարների» շքերթ, որի գագաթնակետն էր, այսպես կոչված, «Մյունխենյան սկզբունքները»՝ Մադրիդյան սկզբունքների փոխարեն, որին լուրջ չվերաբերվեց որևէ մեկը։ Ի դեպ, «Մյունխենյան սկզբունքների» առանցքային գաղափարն էր՝ լուծումը պետք ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

Ակնհայտ էր, որ համանախագահ պետությունները չէին կուլ տալու այդ ամբարտավան ու անլուրջ պահվածքը։ Երբ այդ պահվածքն ու բանակցությունների տապալումը դարձնելով պատրվակ՝ սանձազերծվեց ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիա, պարզվեց, որ նույն տրամաբանությունն ու գործելաոճը կիրառվում է նաև պատերազմական իրավիճակում։

Մինչև կապիտուլյացիայի օրը պետական քարոզչամեքենան սուտ ու կեղծիք էր տարածում։ Արդյունքում՝ լիակատար կապիտուլյացիա, որը շարունակվում է նաև «խաղաղության» պայմաններում, 5000 զոհ, հազարավոր վիրավորներ, Արցախում թշնամու իրականացրած էթնիկ զտումներ ու ցեղասպանություն, միջազգային հարաբերություններում դերակատարության լիակատար կորուստ, առանց կանոնակարգման «սահմանազատում», բանակի ջախջախում, Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիա ադրբեջանական բանակի կողմից, ահռելի պետական պարտք, և այլն, և այլն։ Ստացվում է, որ, ըստ Հայաստանի կառավարության, Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար ընդունելի էր սա, այլ ոչ թե 2019 թվականի բանակցային փաթեթի վերոհիշյալ ձեռքբերումները։

Ակնհայտ է, որ 5-րդ պնդումն էլ կեղծիք է ու աճպարարություն։

Փաստերն ու հրապարակված փաստաթղթերը հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ այս իշխանության ստացած ժառանգության՝ 2019 թվականի փաթեթի ցանկալի հետևանքներն ի չիք են դարձվել կարգավորման գործընթացի տապալմամբ, ինչը հանգեցրել է պատերազմի ու դրա աղետալի հետևանքների։

Բայց պարզվում է, որ աճպարարությունը սահմաններ չունի։ Դեկտեմբերի 2-ին փաթեթը հրապարակելուց մեկ օր անց Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ոչ թե մատնացույց արվեցին վերը նշված 5 պնդումների կապը հրապարակված փաստաթղթերի հետ՝ փաստորեն հաստատելով, որ դրանք կապ չունեն փաստաթղթերի հետ, այլ առաջադրվեցին նոր պնդումներ։

Թերևս արժե այդ պնդումներին ևս անդրադառնալ՝ հրապարակված փաստաթղթերի հիման վրա։

Պնդում 6։ Եթե կար տարբերակ՝ լուծելու Ղարաբաղի հարցն այնպես, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, ապա թող ձեր ղեկավարները որոշեին նախորդ ժամանակաշրջաններում։

Սա, լավագույն դեպքում, «միամիտ» պնդում է։ Ինքնորոշման հակամարտությունների բանակցությունները տևում են տասնամյակներ, և դրանք չի լուծում մեկ կողմն ու միանգամից։ Այդ տասնամյակների ընթացքում բանակցային փաստաթղթի վրա արվում է մանրակրկիտ ու տևական աշխատանք։ Դա ակնհայտորեն երևում է 2007 և 2019 թվականների փաստաթղթերը համեմատելիս։ Երբ այդ աշխատանքը մոտենում է ավարտին, և մետրոպոլիան վերսկսում է պատերազմական գործողությունները, այդ փաստաթղթի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պարտադրում է լուծում։ Բոլոր ինքնորոշման հակամարտությունների դեպքում, երբ եղել է օրինական լուծում, ճանապարհը եղել է դա։

Հետևաբար, կարևոր էր փաստաթղթում ամրագրել ինքնորոշման իրավունքի իրացումը և անվտանգության մեխանիզմների ապահովումը, ինչը հաջողվել է անել 2019 (2016) փաստաթղթում։ Կարելի է ենթադրել, որ 2017-18 թվականների ընտրական ցիկլի ավարտից հետո այդպես էլ կլիներ, քանի որ 2016 թվականին Ադրբեջանը վերսկսել էր ռազմական ագրեսիան, որը համանախագահների կոշտ միջամտությամբ 4 օրում դադարեցվել էր։

Ակնհայտ է, որ միջնորդներն ընտրական ցիկլի ընթացքում որոշիչ գործողություններ երբեք չեն անում ու պետք է սպասեին 2018-ի երկրորդ կեսին։ Բայց տեղի ունեցավ հակասահմանադրական իշխանափոխություն, և նոր իշխանությունները խափանեցին կարգավորման գործընթացը։

Հետևաբար՝ այս պնդումը կեղծ է և հետևանք է կամ հակամարտությունների կարգավորման տրամաբանության վերաբերյալ գիտելիքների բացակայության, կամ, պարզապես, պարզունակ ինքնարդարացում է։ 

Պնդում 7։ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թ., պարզապես ոչ ոք մեզ այդ մասին չէր ասել։

Սա ակնհայտ կեղծիք է։ Իրականությունն այն է, որ կարգավորման գործընթացի 90-ական թվականների փուլն ավարտվել է 2000-ականների սկզբին և նոր փուլ է սկսվել ինքնորոշման իրավունքի հիման վրա, երբ համանախագահները ներկայացրել են սկզբունքորեն նոր բանակցային փաստաթուղթ՝ Մադրիդյան սկզբունքները։

Մի՞թե ակնհայտ չէ, որ եթե լուծվել էր, ապա ինչո՞ւ էին աշխարհի 5 ամենաազդեցիկ երկրներից երեքի՝ ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչ համանախագահները բերում նոր որակի բանակցային փաստաթուղթ ու կազմակերպում բանակցություններ ավելի քան 20 տարի։

Իսկ ազդեցիկ միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, այդ ընթացքում անվերապահորեն պաշտպանում էին Մինսկի խմբի շրջանակներում Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման սխեման։ Անլուրջ ենթադրություններն ու վերաբերմունքը կենսական խնդիրներին, դրանց հետ կապված գործընթացներին ու ազդեցիկ պետություններին՝ հանգեցնում է աղետների, ինչ տեղի ունեցավ 2018-2023 թվականներին։

 Հրապարակված փաստաթղթերը հաստատում են, որ երկրորդ փուլում տեղի են ունեցել 2 տասնամյակ տևած բարդ ու մանրակրկիտ բանակցություններ, ու 7-րդ պնդումը պարզապես կեղծ է ու կապ չունի իրականության հետ։ 

Պնդում 8։ Գրված է, որ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության կամարտահայտությունը։ Մեկնաբանությունը եղել է այն, և դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի՝ պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Ի՞նչ է նշանակում ԼՂ ամբողջ բնակչություն։ Նշանակում է նաև ԼՂ ադրբեջանական համայնքը։

Փաստաթղթերում չգտնելով որևէ հիմնավորում, որ իբր հանրաքվեն պետք է անցկացվեր Ադրբեջանի տարածքում, օգտագործվում է «ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում»։ Այսինքն, Հայաստանի կառավարության համար Ադրբեջանի կարծիքը վե՞ր է փաստաթղթերի ձևակերպումներից։

Այս պնդումը ևս որևէ փաստաթղթային հիմնավորում չունի, պարզապես հաստատում է, որ Հայաստանի կառավարության համար ճշմարտության արժեք ունեն Ադրբեջանի կեղծիքներն ու աճպարարությունները։ 

Պնդում 9։ Ես տվել եմ հարցը, թե այս փաթեթով ԼՂ–ն կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, և ստացել պատասխանը, որ կարող է, եթե Ադրբեջանը համաձայնի։ Բոլոր փաթեթներով նախատեսված է եղել այդ պահին ԼՂ գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում։

Իհարկե, եթե փաստաթղթերը հաստատեին կողմերը, այդ պահի՝ չճանաչվածության կարգավիճակը կվերանար ու կհաստատվեր միջանկյալ կարգավիճակ, որն Արցախի համար կլիներ անհամեմատ ավելի լավ, քան մինչ այդ էր։ Դա հեշտ է տեսնել վերևում 2007, 2016, 2019 թվականների փաստաթղթերի վերլուծությունից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի համաձայնությանը, ապա այդ փաստաթղթի ընդունումը ենթադրում էր, որ այն բոլոր կողմերը համաձայն լինեն՝ ստորագրեն։ Բայց հակամարտությունների կարգավորման գործընթացների պրակտիկային ծանոթ չլինելը հանգեցրել է սխալ եզրակացության։

Երբ, ի վերջո, պարզվում է, որ մետրոպոլիան չի ցանկանում ստորագրել փաստաթուղթը, այսինքն՝ տապալում է բանակցությունները կամ վերսկսում է ռազմական ագրեսիան, միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, պարտադրում է լուծում միջազգային իրավունքի՝ բանակցային փաստաթղթի վերջնական տարբերակի հիման վրա։ Դեռ որևէ ինքնորոշման հակամարտությունում մետրոպոլիան չի համաձայնել ինքնորոշվող կողմի անկախությանը։ Բայց մի շարք դեպքերում՝ Կոսովո, Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան և այլն, կիրառվել է պարտադրված լուծում միջազգային իրավունքի հիման վրա։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակցային փաստաթուղթը ևս հիմնված էր միջազգային իրավունքի վրա, ապա այս դեպքում ևս, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը հրաժարվելու էր ստորագրել և կիրառվելու էր պարտադրված լուծում՝ 2019 թվականի փաստաթղթի հիման վրա։

Ակնհայտ է, որ, չբացառելով այլ հանգամանքներ, 2018 թվականից սկսած միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի, հակամարտությունների կարգավորման գործընթացների ու փորձի չիմացությունը Հայաստանի կառավարությանը տարել է ծուղակ՝ կարգավորման գործընթացի խափանում։ Դա Ադրբեջանի միակ հնարավորությունն էր՝ խուսափելու 2019 թվականի փաստաթղթի հիման վրա ՄԱԿ-ի պարտադրած լուծումից, որի իրացման արդյունքում Արցախը դառնալու էր ՄԱԿ-ի անդամ անկախ պետություն։ 

Պնդում 10։ 2019 թվականի հունիսի թուղթը դա է։ Երբ որ ես ասել եմ՝ ինձ ասեք, ո՞րն է սեղմագիրը նախորդող շրջանի։ Համանախագահները դա տվել են՝ որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, հիմա այս փաթեթներով կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում։ Հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա նաև գրված է, բայց նոր մարդ ես, մտածում ես՝ գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։

Այս պնդումը ևս հաստատում է բանակցային գործընթացի մասին պատկերացումների բացակայության մասին։ Նման գործընթացներում պարզապես անլուրջ է համանախագահներից «սեղմագիր» պահանջելը և դրա հիման վրա գործընթացի ու փաստաթղթերի մասին դատողություններ անելը։ Փաստաթղթում յուրաքանչյուր բառ կարևոր է ու պետք էր ոչ թե սրան-նրան հարցեր տալ, այլ ունենալ անհրաժեշտ գիտելիքներ միջազգային իրավունքի մասին և կարողանալ փաստաթղթերն ինքնուրույն, սեփական մասնագետների միջոցով վերլուծել, բացահայտել վտանգները, եթե դրանք կան, ու հետևողական աշխատանքով շտկել։ Միջնորդները կողմերի համար մասնագիտական խորհուրդներ կամ մեկնաբանություններ տալու պարտականություն չունեն։

Ցավոք, այս պնդումը ևս վկայում է բանակցությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքի ու մասնագիտական աշխատանքի բացակայության մասին, որի հետևանքը եղավ տեղի ունեցած աղետը։

Քանի որ խնդիրը վերաբերում է կարևոր փաստաթղթերի, որոնց մասին թյուր պատկերացումները հանգեցրել են Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար աղետալի հետևանքների, հարցին վերջակետ դնելու համար կարելի էր կազմակերպել ոչ թե խորհրդարանական լեզվակռիվ, այլ մասնագիտական քննարկում։ Հրապարակված փաստաթղթերի հիման վրա վերը բերված վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկված բոլոր 10 պնդումներն էլ անհիմն են ու կապ չունեն այդ փաստաթղթերի հետ։ Պատահական չէ, որ չի ներկայացվել փաստաթղթերի հիման վրա պնդումների որևէ հիմնավորում։

Կառավարության կողմից փաստաթղթերի հրապարակման նպատակը եղել է ոչ թե դրանց հիման վրա պնդումների հավաստիության ցուցադրումը՝ ինչը հայտարարվել էր, այլ սովորական քաղաքացիների վրա կեղծ տպավորություն գործելը, քանի որ նրանց համար դժվար կլիներ դրանք կարդալ՝ առանց մասնագիտական գիտելիքների։

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տեսանյութեր

Լրահոս