Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՏԻՐԱԴԱՎՆԵՐԻ. ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԿՀ-ԻՑ
Տեղեկացանք, որ հայտնի անօրենները իրենց գլխավորի ղեկավարությամբ, օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Սբ. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին` այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի մայր եկեղեցին, այլև` Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը:
ա) Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչին չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-38 թթ. -ին:
Թող հիշեն հրոսակները` Սբ. Յոթվերքը հրաշագործ է և զորավոր, չի´ ներելու աստվածամարտներին:
բ) Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում` աշխարհիկ բիրտ ուժի միջոցով պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ. Սեղանի առջև:
Կրկնում ենք` վախեցեք Աստծու պատժից` Սբ. Յոթվերաց պատկերի միջոցով:
գ) Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ, որ հակառակ կիրառված բռնաճնշումների և ահաբեկման միջոցներին, հավատարիմ իր ուխտին, շարունակում է հնազանդ մնալ Ազգիս, Վեհափառ Հայրապետին և ապօրինաբար ազատազրկված իր առաջնորդին` հրաժարվելով որևէ զեղչում կատարել սրբազան տեքստում:
դ) Հորդորում ենք մեր քահանայից դասին և հավատավոր ժողովրդին` անտեղի հակառակության և վեճի մեջ չմտնել ազգադավների և տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում` փառք Աստծու բազում են:
«Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատև աղոթեք» (Հռոմ. ժբ. 11-18):
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԲԱԳՐԱՏ ԱՐՔ. ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
ԱՐՇԱԿ ԱՐՔ․ ԽԱՉԱՏՐՅԱՆ
05.12.2025
