Բաժիններ՝

Սուսիկ-փուսիկ ու նոր ծրագիր

Մյուս երկրներում` չգիտեմ, բայց Հայաստանում վաղուց արդեն կառավարության հերթական ծրագրից լուրջ սպասումներ չկան: Կամ՝ հերթական կառավարության ծրագրից լուրջ սպասումներ չկան: Ճաշակի խնդիր է, թե նախադասություններից որը կընտրեք: Դրա պատճառները տարբեր են: Նախորդ 12 կառավարությունների աշխատանքը չսևացնելու ամենամեծ մղումով անգամ չենք կարող պնդել, թե դրանք դրական ու էական ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վրա:

Փոխարենը` ժամերով կարելի է փաստարկել դրանց անմիջական ազդեցությունը հանրահայտ «գաղջ մթնոլորտի» ձևավորման գործում: Մյուս կողմից` ինքը` Նորին մեծություն, հիմնական օրենք հայտարարվող Սահմանադրությունն է այս պատկերը կերտում: Որովհետև ընդամենը 20 օր ժամանակ է նախատեսել ՀՀ նախագահի համար` կառավարության կառուցվածքն ու կազմը որոշելու համար: Այնուհետև նոր ձևավորված կառավարությանը հենց նույնքան ժամանակ է տրվում գործունեության ծրագիր գրելու համար: «Բավարա՞ր ժամանակ է սա, թե՞ ոչ» հարցը ճաշակի խնդիր չես համարի: Հիմնական օրենքն ընդունողներն այդքան ժամանակ են հատկացրել, և վերջ: Նույնիսկ լրատվամիջոցներն են նորանշանակ նախարարներին 100 օր ժամանակ հատկացնում պաշտոնը ստանձնելիս: Իսկ հիմնական օրենքն անողոք է:

Դա ակնհայտ դարձավ հատկապես այս օրերին, երբ Հովիկ Աբրահամյանի ձևավորած կառավարությունը ձեռնամուխ եղավ տնտեսական ծրագիրը գրելուն: Այն պիտի ներկայացվի մինչև մայիսի 23-ը: Մինչդեռ հայտնի է, որ մայիս ամիսն իր ոչ աշխատանքային օրերով առաջամարտիկ է: Կարճ ասած, նոր կառավարությանը մի կողմից` տոները խանգարեցին, մյուս կողմից` Ֆրանսիայի նախագահը՝ իր պետական այցով: Նորանշանակ կառավարությունը չէր կարող անտեսել նման բարձրաստիճան հյուրի այցն ու օրնիբուն զբաղվել սահմանադրական պարտականությունները կատարելով: Բարդ չէ ենթադրելը, որ ծրագիր գրելու գործընթացին խանգարեց նաև կառավարության նշանակման փուլային տարբերակը: Երեք-չորս օրը մեկ ՀՀ նախագահը մեկ-երկու նախարար էր նշանակում:

Արևելյան գեղեցիկ ու խիստ մարդկային՝ մաղարիչ անելու սովորությունն` իր հերթին, պիտի որ խանգարեր կենտրոնանալ տնտեսական ծրագրի վրա: Այլ կերպ ասած՝ բոլոր հնարավոր բացատրություններն ու պատճառները կան նոր ծրագրից մեծ ակնկալիք չունենալու համար: Նախ` վարչապետն ինքը հայտարարեց, որ իր կառավարության ծրագիրն իրատեսական է լինելու՝ քաղաքավարի ու այլաբանորեն ակնարկելով, որ այն բազմախոստում չի լինելու: Նախորդ մի քանի ծրագրերի նման, որ տեսականորեն մրցակցում էին բոլշևիկյան հանրահայտ ՆԷՊ-ի հետ: Որոնք մեզ ինչ ասես չխոստացան: Հիմա այդ խոստումները հիշելն ու թվարկելը Հերակլեսի սխրանքներին հավասար մի բան կլինի: Հիշում եք՝ նոր ատոմակայան, պարսկական երկաթուղի, ֆինանսական կենտրոն, տեխնոպարկ` առագաստանավերի ֆոնին, գիտակրթական, տուրիստական և բազում այլ կենտրոններ:

Մի խոսքով, «Հայկական աշխարհ», կամ, 19-րդ դարի բառապաշարով ասած` «Հայաստան, երկիր դրախտավայր»: Չստացվեց: Պատմությունը դեռ ցույց կտա, թե ովքեր խանգարեցին մեր հարազատ իշխանություններին կյանքի կոչելու այս ազգանվեր ծրագրերը: Բայց խանգարիչ հանգամանքներն այսօր էլ առկա են: Զորօրինակ` «Դ!եմ եմ» շարժումը: Վարչապետը հանդիպեց նրանց հետ: Հանդիպեց ու բացատրեց, որ հաշվի կառնի հասարակական կարծիքները: (Ավելի ճիշտ կլիներ գրել՝ հասարակական կարծիքը: Որովհետև այն տարօրինակորեն միահամուռ է և խիստ սազական շարժման անվանմանը): Այս խոստումին հետևած քայլերից պարզ է, որ նոր կառավարությունը Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշումների հանգույն տեքստեր կհեղինակի: Տեքստեր, որոնցից ոչ ոք ոչինչ չի հասկանա: Բայց նոր կառավարության ֆինանսատնտեսական լծակներին, թող ներվի ասել, նախկինների նման տեսաբաններ չեն: Նոր կառավարությունը հարկահավաքման ու բյուջետային ծախսերի ոլորտները երկար ժամանակով անորոշության մեջ չի թողնի:

Սուսիկ-փուսիկ կընդունվեն ենթաօրենսդրական որոշումներ, կառաքվեն համապատասխան շրջաբերականներ: Ու մինչ հասարակությունը կտեղեկանա դրանց մասին, բանը բանից անցած կլինի: Նման ենթադրությունների համար հիմք կարող է լինել վարչապետի հանդիպումը գործարարների հետ: Մեր վարչապետն իր աշխատանքային գրաֆիկում տեղ հատկացրեց այդ հանդիպմանը: Կարդացեք պաշտոնական տեղեկատվությունն այդ մասին. «Վարչապետ Աբրահամյանը գործարարների հետ քննարկել է մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում արծարծվել են բազմաթիվ հարցեր»: Ահա այսպիսի կարևոր մանրամասներ` տեղի ունեցած հանդիպման մասին: Իսկ Դուք հավանաբար ենթադրում էիք, որ վարչապետը մեր երկրի գործարարների հետ քննարկելու էր «Ֆուտբոլի 2014-ի աշխարհի գավաթի հարցերի լայն շրջանակ, որի շրջանակում արծարծվել են բազմաթիվ հարցեր»: Ահա այդքան բազմախոստում ու իմաստալից է լինելու նոր կառավարության նոր ծրագիրը: Բան չմնաց, մի քանի օրից կհամոզվենք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս