Գյուղատնտեսության նախարարությունը զբաղվում է միջնորդավորված բիզնեսով
«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամն» անցած տարիներին 1.6 մլրդ դրամի ներդրումներ է կատարել 9 կազմակերպությունում՝ խթանելու համար գյուղական փոքր և միջին վերամշակող կազմակերպությունների տնտեսական ակտիվությունը` բաժնետիրական ներդրումների և փոխառությունների տրամադրման միջոցով: Անցած տարի Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ծրագրի գումարներից նախատեսվել է ընդհանուր 7,863.5 հազար ԱՄՆ դոլար վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցների հաշվին նախատեսվել է նաև հարկային պարտավորությունների և տուրքերի վճարումը:
Ուշագրավ է, որ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը» ստեղծվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ 2009-ին: Եվ եթե հիմնադրամը ներդրում է անում որևէ ընկերությունում ու շահույթ ակնկալում, ապա նշանակում է, որ հիմնադրամի միջոցով նախարարությունն է միջնորդավորված ձևով զբաղվում բիզնեսով:
ՎՊ-ն պարզել է, թե որ ընկերություններում է հիմնադրամը ներդրումներ կատարել.
«Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ (ձկնարտադրություն)
Հիմնադրամը «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ում կատարել է 200 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 29.55% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 30 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն ստացված միջոցները պետք է ծախսեր ջրավազանի կառուցման, թթվածնի օքսիգեներատորների ձեռքբերման, աէրատորների ձեռքբերման և տեղադրման, լաբորատորիայի վերանորոգման և լաբորատոր սարքերի ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև՝ թառափի մայրական կազմի ավելացման նպատակով:
«Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ (թռչնաբուծություն)
Հիմնադրամը «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ում կատարել է 200.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 27.01% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 30.0 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ն ստացած միջոցները պետք է ծախսեր ինկուբատորային սարքավորումների, ածխե վառարանների, ճտի տեղափոխման հատուկ բեռնատար ավտոմեքենայի, կերաբաղադրամասերի և կերահավելումների ձեռքբերման նպատակով :
«365 Գրուպ» ՓԲԸ (գինեգործություն)
Հիմնադրամը «365 Գրուպ» ՓԲԸ-ում կատարել է 200.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 33.51% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 30.0 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: «365 Գրուպ» ՓԲԸ-ն ստացված միջոցները պետք է ծախսեր սառնարանային համակարգի, տարաների, պոմպերի, պաստերիզատորների, ֆիլտրերի, պիտակի հաստոցի, սարքավորումների մոնտաժման, տեղափոխման ծախսերի և գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով, ինչպես նաև` իրականացներ վերանորոգման աշխատանքներ, կատարեր շրջանառու կապիտալի համալրում:
«Հարպրոդ» ՓԲԸ (պահածոների արտադրություն)
Հիմնադրամը «Հարպրոդ» ՓԲԸ-ում կատարել է 200.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 28.91% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 30.0 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: «Հարպրոդ» ՓԲԸ-ն ստացած միջոցները պետք է ծախսեր պիտակավորման սարքերի, բեռնատար մեքենայի, մինի բեռնատարների, գոլորշու մատակարարման կաթսայի, լցնող սարքի, փականող սարքի մասերի ձեռքբերման նպատակով, ինչպես նաև` շրջանառու կապիտալը պետք է համալրի 100.0 մլն դրամով:
«ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ (հյութերի արտադրություն)
Հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում կատարել է 200.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 25.0004% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 30.0 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: Ընկերությանը տրամադրվել է նաև 200.0 մլն դրամի փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով: «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ն ստացած միջոցներով պետք է ձեռք բերեր հիմնական միջոցներ և համալրեր շրջանառու կապիտալը:
«Չիզ Թաուն» ՓԲԸ (պանրագործություն)
Հիմնադրամը «Չիզ Թաուն» ՓԲԸ-ում կատարել է 115.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 33.26% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 17.5 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: Ընկերությանը տրամադրվել է նաև 48.0 մլն դրամի փոխառություն, տարեկան 12% տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով, որը 2012-ին վաղաժամկետ մարվել է: «Չիզ Թաուն» ՓԲԸ-ն ստացած միջոցները պետք է ծախսեր շինությունների արտաքին վերանորոգման, ջեռուցման, անվտանգության համակարգի, կոմունիկացիաների, օդափոխիչ համակարգի իրականացման, սառնարանի, վերելակի կառուցման, կաթի մթերման երկու կետերի հիմնման, սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման, մինի բեռնատարի և այլ ակտիվների ձեռքբերման, ինչպես նաև` հումքի և այլ շրջանառու միջոցների համալրման նպատակով:
«Արալեռ ՏՈՏ» ՓԲԸ («Հովբար» ՍՊԸ, ոչխարաբուծություն)
Հիմնադրամը «Արալեռ ՏՈՏ» ՓԲԸ-ում կատարել է 90.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 44.27% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 13.5 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: Ընկերությանը տրամադրվել է նաև 50.0 մլն դրամի փոխառություն, տարեկան 12% տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով: «Արալեռ ՏՈՏ» ՓԲԸ-ն ստացված միջոցներով պետք է իրականացներ մայր ոչխարների ներմուծում և շինարարական աշխատանքներ, ինչպես նաև` կատարեր շրջանառու կապիտալի համալրում:
«Մեղրիի պահածոների գործարան» ՓԲԸ (պահածոների արտադրություն)
Հիմնադրամը «Մեղրիի պահածոների գործարան» ՓԲԸ-ում կատարել է 50.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 27.51% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 7.5 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: Ընկերությանը տրամադրվել է նաև երկու փոխառություն` ընդհանուր 88 մլն դրամ, տարեկան 12% տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով: «Մեղրիի պահածոների գործարան» ՓԲԸ-ն ստացած միջոցները պետք է ծախսեր արտադրամասերի վերանորոգման աշխատանքների, նոր կաթսաների ձեռքբերման, կաթսայատան նորոգման և վերազինման, մեքենասարքավորումների նորոգման, փոքր բեռնատարողությամբ սառնարան մեքենա ձեռք բերելու, նոր այգիների և սառնարանային տնտեսության հիմնման, շրջանառու կապիտալի համալրման համար:
«Ագրոլոգ» ՓԲԸ (սառնարանային տնտեսություն)
Հիմնադրամը «Ագրոլոգ» ՓԲԸ-ում կատարել է 20.0 մլն դրամի ներդրում, որի դիմաց ձեռք է բերել 41.86% բաժնեմաս 7 տարի ժամկետով, տարեկան առնվազն 3.0 մլն դրամ շահութաբաժնի վճարման պայմանով: «Ագրոլոգ» ՓԲԸ-ն ստացած միջոցները պետք է ծախսեր սառնարանային սարքավորումների մոնտաժման, սառնարանի ջերմամեկուսացման, ավտոմեքենայի և մրգերի ձեռքբերման նպատակով:
ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը և դրա արդյունքում Հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով և հիմնադրամի` «Ներդրումների իրականացման և փոխառությունների տրամադրման ուղեցույցից» շեղումներով: Ընկերություններում Հիմնադրամի կողմից կատարված ներդրումները կամ տրամադրած փոխառությունները հիմնականում ծախսվում են պայմանագրերով սահմանված ծախսային հոդվածների շեղումներով, այլ կերպ ասած` պայմանագրով ծախսման ուղղություններ սահմանելը հաճախ կրում է ձևական բնույթ: Օրինակ` «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ի բաժնեմասի ձեռքբերման պայմանագրով 2012թ. ընթացքում ՓԲԸ-ի հիմնական միջոցների և վերանորոգման աշխատանքների վրա կատարված ծախսերը սահմանվել է 155.08 մլն դրամ, սակայն, ըստ ներկայացրած փաստաթղթերի՝ 2013-ը ներառյալ, կազմել է 61.9 մլն դրամ: Իսկ «Արալեռ ՏՈՏ» ՓԲԸ-ն պետք է ներմուծեր 900 գլուխ «Էդիլբաև» տեսակի ոչխար: Հիմնադրամի կողմից տրամադրված փաստաթղթերով ընկերությունը 2012-2013թթ. ՌԴ-ից ներմուծել է ընդհանուր 366 գլուխ ոչխար: Սակայն ՊԵԿ 04.12.2013թ. գրության համաձայն՝ ընկերության կողմից ՀՀ տարածք ոչխար չի ներմուծվել: Եվս 235 գլուխ տեղական գառներ ձեռք են բերվել ք. Աշտարակում, ինչը ոչ ներդրումային հայտով, ոչ էլ բաժանորդագրման պայմանագրով նախատեսված չի եղել : Ծրագիրը կազմվել էր այն գաղափարի վրա, որ Հիմնադրամի ներդրումներով պետք է ներմուծվեին միայն «Էդիլբաև» տեսակի տոհմային ոչխարներ, որոնց հատկանիշների (մսատվություն, գառների ծնելիություն, քաշ և այլն) հիման վրա էլ կատարվել են հետագա իրացումների, շահույթի, հետևաբար նաև` Հիմնադրամին շահութաբաժինների վճարման և փոխառության մարման կանխատեսումները: