Ֆինանսների նախարարության հիմնարկի օֆշորային դեգերումները
ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկն անցած տարի Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» կազմակերպություն հետ 704.1 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման համար: Հայաստանի Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում պարզվել է, որ գումարն ամբողջությամբ (բացառությամբ հարկերի) փոխանցվել է Կիպրոս՝ ընկերության հաշվին: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար, 288 հազար ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ: Պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամտակարարի պայմանագրով իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն: Պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է 2005 թ. նոյեմբերին, սակայն թե ովքեր են հիմնադիրները, այդ մասին տվյալներ չկան: Նկատենք, որ սովորաբար ընկերությունների հիմնադիրների անունները ռեգիստրի կայքից բացակայում են այն դեպքում, երբ դրանք բարձրաստիճան այրեր կամ նրանց հետ անմիջական կապ ունեցող անձինք են լինում:
«Բնական հարց է առաջանում, եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար դոլարով, ապա ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից 704.1 հազար դոլար արժեքով»,- նշված է ՎՊ զեկույցում:
ՎՊ-ն նաև պարզել է, որ պայմանագրով նախատեսված ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի, պիլոտավորվող կազմակերպություններում ավտոմատացված հաշվապահական համակարգի փորձնական ներդրման ու այդ կազմակերպություններում կարողությունների զարգացման աշխատանքները պիլոտավորվող չորս կազմակերպություններից և ոչ մեկում չի կատարվել և դրանք չեն վերազինվել, նախատեսված վերապատրաստում անցել է չորս կազմակերպություններից երեքի մեկական մասնագետ, իսկ չորրորդում վերապատրաստում չի անցել ոչ մեկը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի և փորձարկման շրջանակներում ներգրավված մարմինների մոտ 50 հաշվապահների վերապատրաստման փոխարեն, վերապատրաստվել է 31 մասնակից:
2008-2009թ.թ. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բարեփոխումների իրականացման դրամաշնորհային ծրագիրի շրջանակում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրումն ապահովող հիմնական իրավական ակտերի նախագծերը մշակվելու համար, որոնք հետագայում հանդիսացել են Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի տեխնիկական առաջադրանքի անբաժանելի մաս, 29.08.2008թ. 142,195.2 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքվել «Continental Financial Services, Inc.» ընկերության հետ:
Հատկանշական է, որ «Continental Financial Services, Inc.» ընկերության և «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի միջև նույն օրը կնքվել է ենթամատակարարի պայմանագիր, որով խորհրդատուի գործառույթները` կրկին իրականցվել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն:
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքները չեն սկսվել զրոյական մակարդակից, սակայն 2-րդ ռազմավարության իրականացման համար, որն իրենից ներկայացնում է նույն իրավական ակտերի լրամշակված տարբերակը, վճարվել է 309.8 հազար դոլարով ավելի մեծ գումար, քան նախորդ ծրագիրը:
Հավանաբար ավելորդ չէ հիշեցնել, որ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն էր և, ստացվում է, որ օֆշորային տիրույթներում դեգերումների սերը նրան չի շրջանցել: