Ալեքսանդր Կարավաևի կարծիքով` ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական բաղադրիչ պետք է որ ունենա

Մոսկվայի պետական համալսարանի Ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևի կարծիքով` ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական բաղադրիչ պետք է որ ունենա:

«Ցանկացած խոշոր ինտեգրացիոն միավոր, որն ունի պատմական հիմքեր, երկրների առջև ծառացած քաղաքական մարտահրավերների նմանություն և էլիտաների միջև սերտ կապեր, անխուսափելիորեն պետք է ծնի ինչ-որ քաղաքական գործընթաց: Դժվար է ասել, թե այն ինչ տեսք կունենա, բայց սկզբում նրանք կարող են սկսել հասարակ բաներից, օրինակ` միջխորհրդարանական վեհաժողովներից: Սակայն ներկա փուլում էլ երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումները, մեծ հաշվով, իրականացնում են քաղաքական կարգավորման գործառույթը, որովհետև ակնհայտ է, որ որևէ ներքին մարտահրավերի, վտանգի, օրինակ` հեղափոխության դեպքում, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների համար միակ հենակետը լինելու է Ռուսաստանը: Դա պարզ է և ընկալվում է որպես բնական երևույթ»,- մեզ հետ զրույցում ասաց Կարավաևը:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու հնարավորություններին և ժամկետներին, քաղաքագետը նշեց, թե հաստատապես չի կարող ասել, որ փաստաթուղթը հունիսի 1-ին պատրաստ կլինի, բայց ակնհայտ է, որ աշխատանքի զգալի մասն արդեն ավարտված է: Միաժամանակ նա համաձայնեց, որ Հայաստանի դեպքում հարցն ավելի շատ քաղաքական է.

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովն ուղղակիորեն հայտարարել է, որ աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, և այժմ մնում է միայն քաղաքական որոշումը, որ հարցին վերջակետ դրվի, և փաստաթուղթն ուղարկվի ստորագրման»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս