
Քննարկվեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը:
ԱԶԲ հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը տեղեկացրեց, որ արդեն ավարտվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որը բանկն իրականացնում էր ՀՀ կառավարության առաջարկով: Համագործակցություն է ձեւավորվել նաեւ ոլորտում գործող մյուս կազմակերպությունների՝ KfW-ի , ՎԶԵԲ-ի հետ: KfW-ի կողմից կատարվում են Վանաձոր, Սպիտակ եւ Դիլիջան քաղաքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրերի իրագործելիության ուսումնասիրություններ: ՎԶԵԲ-ը նույնպես նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Հրազդանի եւ Սեւանի տարածաշրջանների համար:
Քննարկվեցին ծրագրերի իրականացման հեռանկարներին եւ մոդելներին առնչվող հարցեր: «Աղբահանության խնդիրը մեզ համար օրակարգային հարց է դառնում՝ ոչ միայն բնակչության կենցաղի բարելավման, այլեւ զբոսաշրջության զարգացման, մեր երկրի ներդրումային գրավչության տեսակետից»,-ընդծեց փոխվարչապետը: Նա առաջարկեց կատարված ուսումնասիրությունների եւ ծրագրերի ֆինանսական գնահատականների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ մասնագիտական եզրակացություններ ստանալու համար: Փոխվարչապետը նշեց նաեւ, որ հարցը կքննարկվի կառավարությունում՝ հստակեցնելու համար ծրագրերի հնարավոր իրականացմանը պետության մասնակցության հարցը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին