Անահիտ Բախշյանը նոր կառավարության մասին` «Դեռ բոլորովին լավը չեք, բայց կարող եք»

«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ իրականում որևէ ակնկալիք նոր կառավարությունից չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ` լինելով մանկավարժ, փորձով գիտի, որ, ինչպես ուսուցիչներն են ասում՝ ամենաանհուսալի տղաներին ինքը կարողանում էր դարձի բերել, որովհետև ինքն անընդհատ ասում էր՝ «դու լավն ես, դու չգիտես, որ լավն ես, դու կարող ես սա անել, նա անել և ավելի լավ անել». «Ու այդ երեխան, իսկապես, այսօր շատ պիտանի մարդ է դարձել մեր երկրում: Հետևաբար՝ այս հնարքը նաև օգտագործում եմ մեր կառավարությանը թասիբի քցելու համար, որ դուք կարող եք»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ընդհանեց Ա. Բախշյանին՝  ասելով. «Եվ լավն ենք», ինչին Ա. Բախշյանը հակադարձեց. «Ոչ, դեռ բոլորովին լավը չեք, բայց կարող եք, թասիբի եմ քցում, որ դառնաք»:

Ա. Բախշյանը նկատեց. «Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիսպետչերականի ժամանակ (ապօրինի շինությունների մասին խոսք գնաց) մի լավ բան ասեց. «Բոլոր այդ ապօրինի շինությունների, ապօրինի գործարքների մեջ դուք շատ լավ գիտեք` կա´մ ձեր ընկերներն են, կա´մ բարեկամներն են: Սկսեք ձեր ընկերներից»: Եվ այսպեպ լսում եմ` ասում եմ, շատ լավ ուղերձ է, ու ես սա բարձրաձայնում եմ, որպեսզի մեր նոր վարչապետը` պարոն Աբրահամյանը, սկսի իր ընկերներից: Ազգայնացնի այն հարստությունը, որն իր ընկերները (որոնք այսօր նախարարներ են դարձել) կուտակել են: Մարդիկ չեն տեսնում, որ ոչ արդար, ոչ ազնիվ ձևով կուտակած այդ ամեն ինչը, որ իրենց նախարար եղած ժամանակ (օրինակ, Կարեն Ճշմարիտյանը) ինչեր են ձեռք բերել, հիմա էլ նորից շարունակելու են իրենց ձեռք բերածը պաշտպանել: Եվ հարց է առաջանում` ո՞ւմ հաշվին են պաշտպանելու, զարգացնելու, շատացնելու այդ իրենց կուտակածը. մեր սոցիալապես չափազանց ծանր վիճակում գտնվող ժողովրդի հաշվին»:

Վ. Այվազյանն էլ ասաց, որ ինքն արդեն 20 տարի է՝ քաղաքականության մեջ է և ուզում արձանագրել հետևյալը. «Ցավոք սրտի, մենք հասել ենք մի իրավիճակի, որ ամենավարկաբեկավածը, ամենախոցելին և ամենավատը դարձել է քաղաքական գործիչը: Եվ ցանկացած իշխանություն ձևավորվում է անկախ նրանից՝ կլինի դիմությունի՞ց, թե՞ ընդդիմությունից, ինքը դատապարտված է»:

Ա. Բախշյանի այն հարցին, թե ո՞վ է վաստակել դա, Վ. Այվազյանը պատասխանեց. «Տիկին Բախշյան, դուք և ես»:

Վ. Այվազյանի կարծիքով` կառավարության առջև պետք է դնել աշխատելու խնդիր, ոչ թե ի սկզբանե ասել՝ դուք ձախողված եք. «Ընդհանրապես, աշխարհում գոյություն ունի ժամկետ, գոնե այդ 100 օրը ասում ենք համբերեք, տեսնենք՝ սա ի՞նչ կանի: Ինձ, օրինակ, հույս ներշնչում է, որ այս կառավարությունը շատ ավելի շատ բան է անելու, քան որևէ մեկը»:

Ա.Բախշյանի այն դիտարկմանը, որ Վ.Այվազյանը նախկինի մասին էլ էր նույնը ասում, վերջինս ասաց. «Ես էլի եմ պաշտպանելու նախկինը, սա կուսակցական թիմ է, բայց ես նախկինի մասին այս նույնը չեմ ասել»:

Հարցին, թե նոր կառավարության կազմում ավելի գործնական անձի՞նք ենք ընգրկված, Վ. Այվազյանը պատասխանեց. «Այո: Եվ թիրախներն էլ են փոխված, թիրախավորման խնդիրնեն էլ են փոխված: Նախկինի մաիսն ես ե՞րբ եմ գովերգել: Մի քանի անգամ ասել եմ, որ գործողությունները ճիշտ է արել, կամ ճիշտ չի արել, բայց երբ ինքը եկել է Ազգային ժողով, երևի, ամենից շատ ստիպողների օրենսդրական փոփոխություններ անողներից է եղել ձեր խոնարհ ծառան: Որևէ մեկը, որ եկել է ԱԺ-ի քննարկումներին, տեսել է, որ մի անգամ չի եղել, որ կառավարությունը գա ու հանգիստ իմ մոտով անցնի»:

ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ կառավարությունը հենց առաջին օրվանից փոխել է իր գործելավոճը. «Կառավարության ղեկավարն ասաց, որ մեզ համար առաջին թիրախը մարդն է, մնացածը ածանցյալներ են: Այսինքն` այդ ամբողջը պետք է անես, որ մարդը իրեն նորմալ զգա: Լավ է ասել, չէ՞: Հիմա էլ ուղարկել է, որ շրջանառության հարկերը մենք իջեցնենք: Իրենց համար բյուջեի մուտքը կարևոր չի, այլ որ այդ 60 հազար հոգին կարողանան ազատ շնչել: Ասում է՝ անում է: Ես որ ասում եմ բան է փոխվել, մարդիկ ասում են՝ չէ մի ասեք»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս