«Էնքան Արամ Հարությունյաններ կան, դուք ո՞ւմ նկատի ունեք». Կովալենկո Շահգալդյան. «Ժամանակ»

Երեկ «Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով ամենաերկարակյաց մարզպետներից էր. մարզը ղեկավարում էր 2001-ից՝ շուրջ 13 տարի: Նրա փոխարեն, որոշ տեղեկություններով, մարզպետ է նշանակվելու բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Երեկ «Ժամանակ»-ը զրուցել է Կովալենկո Շահգալդյանի հետ:

– Պարոն Շահգալդյան, Ձեր հրաժարականի պատճառը կարո՞ղ ենք իմանալ:

– Հրաժարականն ու աշխատանքից դուրս գալը տարբեր բաներ են:

– Դուք միշտ ասում էիք՝ հրաժարական չեք տա…:

– Ես Ձեր ինադու չէի տալիս, տեսա էլ իմ մասին չեք խոսում, հրաժարական տվեցի:

– Ինչպե՞ս եք գնահատում ներկա կառավարությունը և նոր վարչապետին:

– Ես նման իրավասություններով և ունակություններով օժտված չեմ, որ ուրիշի աշխատանքին գնահատական տամ: Համ էլ դեռ համբերեք, կառավարությունը ծրագիր կներկայացնի մինչև ամսի 12-ը ԱԺ, ծրագիրը կնայենք, կծանոթանանք ծրագրին, նոր կարծիք կհայտնենք:

– Իսկ Արամ Հարությունյանին ճանաչո՞ւմ եք ապագա մարզպետացու:

– Էնքան Արամ Հարությունյաններ կան, դուք ո՞ւմ նկատի ունեք:

– Բնապահպանության նախկին նախարարին:

– Ես շատ լավ ճանաչում եմ, մենք շատ մտերիմ ընկերներ ենք: Շատ երկար տարիներ իրար հետ աշխատել ենք, հարաբերվել ենք, մինչև հիմա էլ ջերմ հարաբերություններ ունենք:

– Ճի՞շտ է, որ հրաժեշտի երեկո եք կազմակերպել:

– Չեմ կազմակերպել, բայց կազմակերպելու եմ: Ես չեմ կազմակերպել, իմ գործընկերներն են կազմակերպել, բա իհարկե: Ես հրաժեշտ չեմ տվել, էսօր, վաղը աշխատանքի մեջ եմ: Մյուս օրը, որ կառավարությունը որոշում կայացրեց, իմ աշխատանքը կընդհատվի: Հրաժեշտը կլինի շաբաթ-կիրակի օրը:

– Պարոն Շահգալդյան, փաստորեն Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր որդուն դարձրեցիք Չարենցավանի քաղաքապետ:

– Ընտրվում է քաղաքապետը, ոչ թե քաղաքապետ դարձնում են:

– Ուզում եք ասել՝ մարզպետի Ձեր հեղինակության հետ կապ չունե՞ր:

– Բացարձակապես, իմ տղայի հեղինակությունն էդ քաղաքում ավելի բարձր է, քան իմը, կարող եք դրանում համոզված լինել:
Ամբողջությամբ կարդացեք ««Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս