Հրաշալի բլեֆ կամ ստրատեգիական բլեֆչիները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում Գալուստ Սահակյանի՝ ԱԽ նախագահության քվեարկությունից հետո շատերն են հարց տալիս նույն խորհրդարանում կառավարության ապագա ծրագրի քվեարկության մասին:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն կողմ էր քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը, այսինքն՝ հայտարարել էր քվեարկության ազատ ռեժիմ, և կուսակցության կեսից ավելին ազատորեն ընտրել էր ՀՀԿ-ի Գալուստին: Այսօր շատերն են հարց տալիս՝ իսկ Հովիկ Աբրահամյանի ծրագրին ԲՀԿ-ն կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ: Այսինքն՝ կրկին ազատ ընտրությո՞ւն, թե՞ որոշում ընտրություններին չմասնակցելու մասին:
Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է իրար: Եթե մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայտնի քառյակը փորձ էր անում ցույց տալ, որ քաղաքական դաշտը հստակեցվել է, և կա մենակ մնացած ՀՀԿ-ն ու «հրաշալի քառյակը», ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո պարզվեց, որ իրականում այդ ամենը քարոզչական մանիպուլյացիաներ էին՝ ուղղակի «հրաշալի բլեֆ»:
Հարցն այն է, որ հրաշալի բլեֆիստները այսօր քաշվել են մի կողմ և ոչ մի բան չարեցին ու չեն անում կառավարության կազմավորման գործընթացում՝ այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ գործընթացը ընդամենը հանդիսանում է հասարակությանը հայտնի դեմքերի ռեաբիլիտացիա՝ ուրիշ ոչինչ:
Այս ամենի ֆոնին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցի քննարկումն ուղղակի զավեշտալի է, ընդամենը քաղաքական կյանքի հերթական իմիտացիա, լրագրողական գործունեության նյութ:
Չնայած այսօր էլ, իհարկե, քաղաքագետ-ստրատեգիական մտքի բարձունքից կհայտարարվի, որ կառավարության ծրագրի քվեարկությամբ հնարավորություն կա Հովիկ Աբրահամյանի կառավարության անվստահությանը հասնելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գալու, և դրա համար էլ հուժկու քառյակը չի պայքարել Հովիկ Աբրահամյանի և քրեական-օլիգարխիայի հաղթարշավի դեմ՝ այդ հաղթանակը պյուռոսյան հաղթանակ դարձնելու համար:
Միայն թե անհասկանալի է մնում, թե այդ դեպքում կառավարության պաշտոնանկությունից հետո ժողովրդական ալիքով բոլորին քշելու մարտավարությունն ի՞նչ եղավ, որ Հովիկ Աբրահամյանի ծրագիրը տապալելու մարտավարությունն ինչ լինի»:
Ամբողջությամբ կարդացեք ««Ժամանակ»-ի այսօրվա համարում։