Կարող են բավականին քանակի ֆիրմաներ փակվել. Գագիկ Մակարյան
ՀՀ կառավարությունը բիզնեսի և հասարակական կազմակերպությունների դատին է ներկայացրել «Շրջանառության հարկի» մասին օրենքի նոր փոփոխություններ, որոնցով առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից բոլոր ձեռնարկությունների համար իջեցնել 30 մլն դրամ, այսինքն 30 մլն դրամից բարձր շրջանառություն ունեցող ընկերությունները կընկնեն ԱԱՀ-ի տակ, միայն առևտրի ոլորտում գործող ընկերությունների համար իջեցվում է 1%, եթե դրանք ներկայացնեն փաստթղթեր մատակարարումների հետ կապված, իսկ եթե ոչ, նրանք մնում են 3.5%-ի տակ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, նաև շրջանառության 3.5% հարկ շարունակելու են վճարել բոլոր արտադրական ձեռնարկությունները, 5%՝ այլ ոլորտի ընկերությունները, և միայն առևտրով զբաղվողները 1%-ի իրավունք են ձեռքբերում՝ փաստաթղթավորման դեպքում:
«Կրկին շատ նեղացվում է փոքր բիզնեսի գործունեության դաշտը: Այսինքն, չփոխելով անհավասար մրցակցության վիճակը, նորից գցում են ավելի սուր անհավասար մրցակցության մեջ, որովհետև ԱԱՀ դեպքում փոքր բիզնեսը տարեկան մոտ 3 անգամ ավելի մեծ հարկեր է վճարելու: Քանի որ փոքր և միկրո ձեռնարկություններն արդյունավետ չեն գործում և իրենց մոտ արդյունավետության ցածր մակարդակը ստիպում է հաճախ այլ աղբյուրներ որոնել իրենց գոյությունը պահելու համար, ես անհանգստանում եմ, որ կարող է սրվել ստվերայնության հարցը, կարող են բավականին քանակի ֆիրմաներ փակվել, կամ դրանք պետք է տրոհվեն 2 մասի, իսկ այս դեպքում էլ փոխկապակացվածության խնդիրը կա, որի դեպքում ավելի մեծ տուգանքներ և տույժեր է նախատեսված: Հետևաբար, եթե ձեռնարկությունները չտրոհվեն, ներկայիս արդյունավետությամբ չեն կարողանա գործել: Դա կբերի աշխատուժի կրճատման, գործազրկության ավելացման, կամ ստվերի այլ եղանակներ կմշակվեն»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքով, քանի որ հարկերը կավելանան, կնվազի վարկեր վերցնելու հնարավորությունը, այսինքն, չեն կարողանա վարկ վերցնել և արդիականացման խնդիր լուծել. «Արդյունքում գլոբալ առումով մրցունակությունն ընկնում է, փոքրերը դառնում են քիչ մրցունակ, որովհետև մոդեռն չի, եկամտաբերությունը ցածր է, աշխատուժն էլ այդքան որակյալ չի, որովհետև չի կարողանա որակյալ աշխատուժ պահել, վերապատրաստել և այլն: Եվ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մեկ տարի հետ կսկսենք հաշվել, թե ինչքան բիզնեսներ փակվեցին: Հիմա անընդհատ խոսում են, որ օգնելու են փոքր բիզնեսին, բայց ինչպես փորձում էին օգնել Նեսոյին՝ «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթում, արդյունքում հերոսը մահացավ, հիմա այդպես էլ վերջում կհաշվեն, թե ինչքան փոքր բիզնեսներ շուկայից դուրս թռան»:
Գ.Մակարյանը հայտնեց, որ միությունը բացասական կարծիք է տվել շրջանառության հարկի փոփոխւթյուններին: Նա նկատեց, որ օրինագծի փաթեթը նախկին վարչապետի ժամանակ ձևավորված փաթեթ էր, նախկինի ժառանգությունն է և հույս հայտնեց, որ նոր վարչապետիմոտ քննարկում տեղի կունենա ու փոփոխությունները կփոխվեն:
«Այսօր ՀՀ-ում կա մոտ 68 հազար միկրո և փոքր ձեռնարկություն, որից 55-60 հազարը 58.3 մլն-ի շեմի տակ է ընկնում ու եթե ոչ կեսը, ապա 40%-ը հայտնվելու է ոչնչացման վտանգի տակ: Այսինքն՝ խաղում են 20 հազար ձեռնարկության ճակատագրի հետ»,- ասաց Գ.Մակարյանը: