Վատ նորություն ունեմ ՔՊ-ի ղեկավարի համար. Հայաստան զինված ադրբեջանցիներ են բերելու. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է OC Media լրատվամիջոցի հրապարակումներից մեկին:

«Վատ նորություն ունեմ «խաղաղություն» բերած ՔՊ-ի ղեկավարի ու նրա պրոպագանդիստների համար. OC Media (Open Caucasus Media) միջազգային հայտնի լրատվամիջոցը իր երեկվա հրապարակումով պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը, որոնք իրենց կեղտոտ բառապաշարով հերքում էին այս ընթացքում իմ հրապարակումները՝ ասելով, թե «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունն ընդամենը հ/կ է, կապ չունի այդ երկրի իշխանության հետ և որ բանի տեղ դնել պետք չի այդ կազմակերպությունը, ու որ  իբր իրենք խաղաղություն են հաստատել»,- տեսանյութում նշել է  քաղաքական գործիչը և հինգ ուղություններով բացահայտել, թե ինչպես են ՀՀ իշխանությունները մոլորեցնում հանրությանը:

Ի դեպ, ի թիվս այլնի՝ նա շեշտել է, որ Արևմտյան Ադրբեջան տխրահռչակ կազմակերպությունը ՀՀ-ն զավթելու կոնկրետ ռազմավարություն ունի և որ այդ կերպ իրականացվում է մեր երկիրն օկուպացնելու ծրագիրը:

«Սա հարյուրհազարավոր ադրբեջանական քաղաքացիներով Հայաստանը բնակեցնելով մեր երկիրն օկուպացնելու ծրագիր է: Նրանք հատուկ են ստեղեծել հ/կ, իբր հումանիզացրել են: Բայց նրանք սրանով նպատակ ունեն փոխել մեր երկրի ժողովրդագրական կազմը. քչացնել ու վերացնել հայերին և բերել ադրբեջանցիներ, և ամբողջությամբ դարձնել նրանցով բնակեցված:

Այստեղ շատ կարևոր է նաև նկատի ունենալ, որ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահը հատուկ շնորհանդեսի ժամանակ ազդարարեց, որ սկսում են մեծ վերադարձի հայեցակարգ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ներքո»,- շեշտեց Արման Թաթոյանը:

Ի դեպ, նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը խոսում է երկու պայմանի մասին՝ անվտանգ վերադարձ, արժանապատիվ վերադարձ:

«Անվտանգությունն, իրենք ասել են, որ պետք է լինեն միջազգային զինված առաքելություններ, ՀՀ տարածքում, այդքան բնակավայրերի մոտ զինված մարդիկ են լինելու, որոնք պետք է իբր վերահսկեն այդ ադրբեջանցիների անվտանգությունը:

Արժանապատիվ վերադարձն էլ նշանակում է, որ այդ մարդիկ պետք է գան այստեղ լավ ապրեն, իրենց լավ զգան, ասենք գալու են, փողոցներից մեկում տեսնեն մեր հերոսներից մեկի նկարը, պետք է ասեն՝ չեղա՛վ, էս ո՞նց է, պետք է հանել. ՀՀ իշխանությունը հիմա այդ ուղղությամբ շատ էլ լավ աշխատանքներ է տանում, հետո գնալու են Սևան, մեկ էլ տեսնեն՝ չէ՛, չեղավ, Սևանա լճի անունը ո՞նց է մնացել, պետք է փոխել, որովհետև այս «արևմտյան ադրբեջանցիները» մնալու են վիրավորված, հետո գնալու են Եռաբլուր, ասելու են՝ վախենում ենք դրանից, ու պահանջելու են, որ դա կա՛մ փակեն, կա՛մ այնպես անեն, որ չտեսնեն…:

Այսինքն, ժողովուրդ ջան, այդ պայմանները նշանակում են, որ հայկականություն չպետք է լինի, նրանք ջնջում են մեր պատմական հիշողությունը, վերացնում են մեր ինքնությունը»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների կողմից այս ամենի նկատմամբ ժողովրդի թմրեցումը մեկ նպատակ ունի՝ վերընտրություն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս