Ադրբեջանի «մեքենաները»՝ ընդդեմ Հայաստանի տնտեսության
«Ադրբեջանցիները պետք է իրենց «պատմական հողեր» վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,- հայտարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանձնարարելով պետական կառույցներին, գիտնականներին և հասարակական կազմակերպություններին զբաղվել այդ հարցով: Այլ կերպ ասած, Ալիևը հանձնարարում է նրանց զբաղվել Հայաստանը փափուկ ուժով վերցնելու հարցով:
Այս հանգամանքը շատ էական է և արժանի ուշադրության, որովհետև Հայաստանում Ադրբեջանից եկող վտանգները գնահատվել ու գնահատվում են առավելապես ռազմական ուժի «պրիզմայով»: Մինչդեռ, բավականին անտեսվում է այն «փափուկ ուժի» հանգամանքը, որ Ադրբեջանն առաջ է մղում ամենևին ոչ հիմա, այլ՝ տարիներ շարունակ:
Օրեր առաջ Հայաստանում էին Ադրբեջանի, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում «խաղաղության» հարցեր են քննարկել Հայաստանի քաղհասարակության որոշ ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի պատվիրակների մեջ էր կին, որը Լաչինի միջանցքն արգելափակող «էկոակտիվիստներից» էր: Հայաստանում այս հանգամանքն արժանացավ հատուկ ուշադրության:
Սակայն ուշադրությունն առավելապես կենտրոնացած էր հենց այն հանգամանքով, որ Արցախը բլոկադայի մատնողին Հայաստանում արժանացրել էին հյուրընկալության: Այստեղ, սակայն, կան այլ նուրբ շերտեր, որոնք պահանջում են ոչ պակաս ուշադրություն, հատկապես ալիևյան «փափուկ ուժի» մարտավարության բարձրաձայնման համատեքստում:
Ադրբեջանի հատուկ նշանակության «էկոակտիվը» միայն Արցախը չէ, որ թիրախավորել էր: Ադրբեջանական «էկոակտիվը» թիրախավորում է նաև Հայաստանի տնտեսությունը, հայաստանյան տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող ուղղություններ, ինչպիսին, օրինակ, հանքարդյյունաբերությունն է: Այս մասին ինքս խոսել և գրել եմ բազմիցս: Նախորդ տարի այս օրերին Ադրբեջանն ընդունում էր Cop29-ը, որի ընթացքում ձևավորում էր ռեգիոնալ շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային կոալիցիա:

Սա չպետք է մոռանալ: Այդ կոալիցիան «պատից կախված հրացանն» է, որը մի օր անպայման կրակելու է, իսկ առայժմ գուցե ընդամենը «լիցքավորվում» է: Եվ, թերևս, Ալիևի տված հանձնարարականները վերաբերում են նաև դրան՝ հասարակական կառույցների շարքում: Ադրբեջանը, որ միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքում իր հանքահումքային ռեսուրսներն իրացնելու համար, թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ ներկայացնելով մտացածին մեղադրանքներ:
Ընդ որում, երբ Ալիևն ասում է, որ ադրբեջանական փափուկ ուժը Հայաստան է «վերադառնալու» մեքենաներով, մեծ հարց է՝ արդյո՞ք այդ «մեքենաների» մեջ լինելու են միայն ադրբեջանական ազգանունով կամ ծագումով անձինք, թե՞ այլ պատկանելություն, բայց նույն նպատակն ունեցողներ, որոնք կլինեն Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղը և դրա զարգացման հեռանկարները թիրախավորելու նպատակով Բաքվի ստեղծած «էկոկոալիցիայի» «արտահաստիքային» մասնակիցներ:
Հայաստանում կա՞ այս մարտահրավերի հանդեպ նույնքան համակարգված և մշակված ռազմավարական դիմակայության գործողությունների ծրագիր, տնտեսության, ինչո՞ւ ոչ, նաև արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցում հսկայական ռեսուրս ունեցող ոլորտի թե ստրատեգիական պաշտպանության, թե զարգացման համապարփակ ու առարկայական ծրագիր, պատկերացում: Թե՞ այստեղ էլ ամեն ինչ ընթանալու է այն սցենարով, ինչով մինչ այժմ ընթացել է «խաղաղության օրակարգը», այսինքն՝ ադրբեջանական հավակնությունների հանդեպ անձնատուր լոյալության:
Մի քանի շաբաթ առաջ Ծաղկաձորում ոլորտի վերաբերյալ խոշոր ֆորումի ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարն ահազանգում էր, որ ոլորտում պետք են նոր ուսումնասիրություններ, նոր ներդրումների ներգրավում, այլապես եղած պայմաններում հանքարդյունաբերական ոլորտը տասը տարի անց կարող է հայտնվել բավականին սպառված վիճակում:
Կարծում եմ, կարիք չկա ավելորդ բացատրության, թե ում կարող է ձեռնտու լինել այդ սպառված վիճակը: Ավելորդ է ասել այն մասին, որ Ալիևը մի օր էլ կարող է հայտարարել, որ իրենց «պատմական հողերում» եղած ռեսուրսները պատկանում են իրենց, և դրանք պետք է տնօրինեն «վերադարձող ադրբեջանցիները»:
Եթե որևէ մեկը Հայաստանի համար այս տնտեսական ռազմավարական ռիսկերն այսօր համարում է չափազանցություն, թող մտաբերի, թե, օրինակ, ինչպիսի չափազանցություն էր թվում Արցախի լիակատար կորուստը 2019 թվականին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

