Եթե ընտրես ՔՊ-ին, Սևանը կդառնա Գյոկչա. Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարող հայտարարություններ է արել. այս անգամ նա այդ մասին խոսել է նոյեմբերի 3-ին՝ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի 80-ամյակի միջոցառման ժամանակ՝ հայտարարելով. «Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը։ Մենք պետք է դրան հակադարձենք մեր սեփական գիտական ​​ճշմարտություններով»։

Ըստ Ալիևի՝ ադրբեջանցիների համար անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ, որովհետև 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։

«Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճ: Այդ քարտեզները պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար»,- ասել է Ալիևը, ով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 8-ին Թրամփի վկայությամբ Խաղաղությանը միտված համաձայնագիր է ստորագրել։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, խոսելով Ադրբեջանից հնչող Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարող այս հայտարարության մասին, նշեց՝ Ալիևը նման խոսույթով «հարամեց» Նիկոլ Փաշինյանի նախընտրական բանկետը։

Կարդացեք նաև

«Ալիևը հարամեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական բանկետը. միայն Փաշինյանը կիմանա, թե ինչի՞ համար Ալիևը նման բան արեց։ Ալիևը նման հայտարարություններով նաև սառնասրտորեն ներկայացրեց իր ծրագիրը՝ ասելով, որ ռազմական ճնշմանը փոխարինելու է գալու դեմոգրաֆիական ճնշումը, որովհետև ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում բերելու է դեմոգրաֆիական խնդիրների»,- ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ Ալիևը սահմանել է նաև այն գինը, որը պետք է Փաշինյանը վճարի սահմանին չկրակելու դիմաց։

«Ալիևը, պատկերավոր ասած, Հայաստանի ընտրությունների քվաթերթիկն է սահմանել՝ ինչպես լավագույնս սահմանել է իմ ընկեր Վահե Հովհաննիսյանը։ Եթե ընտրում ես ՔՊ-ին, Սևանը դառնալու է Գյոկչա։ Հիշեք, որ Ալիևը բանալի բանաձևեր է օգտագործում՝ կգանք մեքենաներով և ոչ թե տանկերով։ Գիտեք՝ երբ են բանալի բառերով խոսում, երբ այդ բառերի տակ կա դրված ծրագիր»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս