Հիմա ի՞նչը քեզ ստիպեց վերադառնալ հայրենիք և «արթնանալ» հոգևոր քնից. Սամվել դպիրը՝ Տեր Տարոնին

Սամվել դպիր Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Տե՛ր Տարոն, դու ե՞րբ դարձար «ժողովրդավար» քահանա: Մեծ ջանք պահանջվեց, որ լսեմ քո խոսքը: Ափսոսում եմ, որ այս ընթացքի մեջ հայտնվեցիր: Հիմա մի քանի հարց ուղղեմ, չնայած նախորդներից և ոչ մեկին չպատասխանեցիր: Միգուցե հիմա՞ կխորհես:

1) Եթե թեմից բացակայությանդ ժամանակ գնացել ես մեկ այլ եկեղեցի, ապա վերջին անգամ Ս.Պատարագ ե՞րբ ես մատուցել, մկրտություն, պսակ, թաղման կարգ կատարել, լավ, ժամերգություն արել:

2) Այսքանից հետո համարում ես, որ միայն Աստված գիտի արդյոք քո ծառայությունը լիարժեք համարե՞լ, կամ` ո՞չ: Իսկ ինքնագնահատական ի վիճակի չե՞ս տալ:

3) Հիմա ի՞նչը քեզ ստիպեց վերադառնալ հայրենիք և «արթնանալ» հոգևոր քնից:

4) Դու ինքդ քեզ հոգևոր մա՞րդ ես համարում, լու՞րջ: Ասա ի՞նչ հոգևոր ծառայություն ես մատուցել ու որտե՞ղ այս ընթացքում:

5) Հասկանու՞մ ես, որ խոցվել ես չարից հպարտությամբ, իսկ մնացած անկումդ ինքստինքյան է ստացվում:

6) Ժողովու՞դը պետք է գնահատի հոգևորականի հոգևոր լինելը: Սա ի՞նչ պոպուլիզմ է:

7) Լսե՞լ ես մեր Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի մասին: Թեմի առաջնորդը, կամ եպիսկոպոսն է գնահատական տալիս իր ծառայության ենթակա քահանային:

8)Չգիտե՞ս, որ քահանայական շնորհները գործում են միայն եկեղեցու միասնության ներքո: Քեզ օծել է Հայկազուն սրբազանը եկեղեցական իշխանությամբ, և նա տվյալ դեպքում որպես անձ չէ հանդես գալիս, այլ քահանայական շնորհների փոխանցող:

9) Եթե մյուռոն օրհնելը եկեղեցուն ես վերագրում, ոչ թե անձին, ապա ինչու՞ Ստեփանի կարգալուծության հիմքերը անձերի մեջ ես փնտրում, քեզ ձեռնադրելը անձի ես վերագրում: Ցավում եմ, որ երկակի մոտեցումներ ես ցուցաբերում:

10) Բագրատ սրբազանը վաղուց թեմի առաջնորդ չէ, իր կողմից տրված անժամկետ արձակուրդը դրանով չավարտվե՞ց: Ինչու՞ չվերադարձար այդ ժամանակ:

11) Եթե «տ.Արամ» ես անվանում Ստեփանին, ապա կարգալուծությունը չես ընդունում: Իսկ դա Եկեղեցու դեմ ըմբոստություն չէ՞: Այդ հոգեվիճակով ո՞նց ես պատկերացնում քո հետագա ծառայությունը Եկեղեցում:

12) Չե՞ս ըմբռնում, որ կարգալուծությունը թղթի վրա գրված մի բան չէ ընդամենը: Դա Եկեղեցու վճիռ է, վավերացված Վեհափառ Հայրապետի կողմից, ում դա վերապահված է Եկեղեցու իշխանությամբ ու կարգով: Եթե քահանայի խոսքով Եկեղեցուց տրված քահանայական իշխանությամբ միայն երկնքում արձակվում են մարդու մեղքերը, ապա գրով էլ երկնքում լուծարվում, իսկ կարգալույծի վրայից վերցվում են քահանայական շնորհները:

Վերջապես, եթե իմանայիր, թե ինչից ես զրկվելու կարգալուծությունից հետո, այդպես անհոգ քեզ չէիր պահի: Եթե քահանան չի մտահոգվում, ապա նա բացարձակապես չի պատկերացնում, որ, ըստ «Կանոնագիք հայոցի» քահանայական կարգը սերտապես շաղկապված է շնորհների, օծման, նշանի և ձևի հոտ: Զրկվելով կարգից, քահանան զրկվում է ամեն ինչից: Իսկ եթե պատկերացնում է, ապա դա իր գիտակցված որոշումն է: Աստված իրեն դատավոր»:

Տեսանյութեր

Լրահոս