Ուշադրություն դարձնենք տեղեկությանը. Խոսքը ոչ թե ղազախական, այլ ռուսական ցորենի մասին է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նոյեմբերի 4-ի կեսգիշերին, Ռուսաստանից Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորենով բեռնված շարժակազմ:

Ուշադրություն դարձնենք տեղեկությանը. Խոսքը ոչ թե ղազախական, այլ ռուսական ցորենի մասին է: Տարածվել են նաեւ շարժակազմի լուսանկարներ, որտեղ երեւում է վագոնների վրա գրված՝ «Ռոսագրոտրանսը»:

Ես ուզում եմ հիշեցնել, հարգելի հետեւորդներ, թե ինչ գնահատական եմ հնչեցրել, երբ Իլհամ Ալիեւը Ղազախստանում հայտարարեց, որ հանում են դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները, իսկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն էլ անմիջապես հայտարարեց ղազախական ցորենի մասին:

Ես նշեցի, որ ըստ իս, այս համաձայնությունները կամ որոշումները կայացվում են Ռուսաստանի «կորդինատորությամբ»՝ Դուծանբեում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում կայացած քննարկումների արդյունքում:

Մի քանի օր անց այդ տեսակետս անուղղակի հաստատվեց Օվերչուկի հայտարարությամբ, որ Ադրբեջանը հավաստիացրել է, որ Ռուսական երկաթուղիներ ընկերությունը Ադրբեջանի երկաթուղու միջոցով կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստան:

Հիմա, ուշադիր: Իսկ Հայաստանում, այս Ադրբեջանի քայլն ու ղազախական ցորենի պատմությունը պարզունակ պրոպագանդայով մատուցվում էր իբրեւ թե Ռուսաստանից կախվածության հաղթահարման հերոսական դրվագներից մեկը:

Պարզապես, հարգելի հետեւորդներ, պետք չէ թույլ տալ, որ հանրության «ուղեղը» փորձեն «լվանալ» այդօրինակ պարզունակ քարոզչությամբ: Այլապես, հաղորդակցությունների ապաշրջափակումն ինքնին դրական երեւույթ է: Բայց նաեւ շատ կարեւոր է, թե ինչ քաղաքական գին ունի այդ երեւույթը: Ցավոք սրտի, այդ գինը վճարում է Հայաստանը՝ ադրբեջանական նարատիվների հանդեպ լոյալությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս