«ԱՊՐԻ Արմենիա»-ն «On Think Tanks» համաշխարհային հարթակի կողմից ճանաչվել է 2025-ի 100 լավագույն վերլուծական կենտրոններից մեկը

Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (ԱՊՐԻ Արմենիա) «On Think Tanks» համաշխարհային հեղինակավոր հարթակի կողմից ճանաչվել է որպես 2025 թվականի 100 լավագույն վերլուծական կենտրոններից մեկը՝ միանալով համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ազդեցիկ հաստատությունների շարքին, ինչպիսիք են՝ «Brookings Institution»-ը, «Chatham House»-ը, «Istituto Affari Internazionali»-ն, «IFRI»-ը, «Bruegel»-ը, «the Stockholm International Peace Research Institute»-ը և «ODI»-ը։

Գործընկերների կողմից ճանաչում ունեցող այս որակավորումը տրվում է այն հաստատություններին, որոնք ծավալում են ուշագրավ գործունեություն, կիրառում են նորարարություններ և ոլորտում թողնում են իրենց ազդեցությունը։ Այս ճանաչումը ցույց է տալիս, որ վերլուծական կենտրոնները մեծ համայնքի մի մասն են, որոնց գործունեության հիմքում ընկած է միմյանցից սովորելու պատրաստակամությունն ու փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակումը։

«ԱՊՐԻ Արմենիա»-ի համար այս որակավորումն ինստիտուցիոնալ զարգացման և միջազգային ճանաչում ձեռք բերելու ճանապարհին կարևորագույն նվաճում է: «ԱՊՐԻ Արմենիա»-ն հիմնադրվել է 2022 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախնական աջակցությամբ, որին հետագայում միացել են նաև Հայաստանում և աշխարհում գործող այլ դոնորներ։ Ինստիտուտը մեկնարկեց նպաստելու խորը վերլուծության, ռազմավարական երկխոսության և գիտելիքահեն քաղաքականությունների ձևավորման հրատապ պահանջների բավարարմանը` դառնալով տարածաշրջանային և միջազգային ներգրավվածության վստահելի հարթակ։

ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը նշում է. «Շատ ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում գործող վերլուծական կենտրոնի մեջ ներդրում անելով այսօր արդեն առաջընթաց ենք գրանցել ոչ միայն աշխատանքի որակի և մտավոր կարողությունների զարգացման, այլ նաև քաղաքականության ոլորտում լայն ներկայացվածության առումով։ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նվիրյալ աշխատանքի և համառության շնորհիվ ձեռք բերված այս հատուկ ճանաչումը վերահաստատում է մեր հավատն առ այն, որ Հայաստանն աշխարհում մտքի առաջնորդության հարգված և գնահատված աղբյուր դառնալու ներուժ ունի»:

Վերջին երեք տարիների ընթացքում «ԱՊՐԻ Արմենիա»-ն Հայաստանում, Եվրոպայում, Հնդկաստանում և Միացյալ Նահանգներում կազմակերպել է ինը համաժողով՝ ավելի քան 3500 մասնակցի ներգրավվածությամբ: Թիմը համագործակցել է աշխարհի մի շարք վերլուծական կենտրոնների հետ՝ ներկայիս աշխարհը ձևավորող իրադարձությունների վերաբերյալ հայկական տեսակետներն ու առաջատար վերլուծությունները կիսելու նպատակով: Քաղաքականության վրա ազդեցություն ունենալու իր հանձնառության շրջանակներում կազմակերպությունը նաև ղեկավարել է տեղական կարողությունների զարգացմանը, փորձագիտական ​​երկխոսությանն ու հանրային դիվանագիտությանն ուղղված նախաձեռնություններ:

«ԱՊՐԻ Արմենիա»-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի զարգացմանը՝ ավելի հաստատուն, կայուն և ժողովրդավար ապագա կերտելու համար։ Այն վստահելի երկխոսության, անկախ վերլուծությունների և հեղինակավոր գաղափարների կենտրոն է, որի նպատակն է լուծումներ տալ քաղաքական կարևորագույն խնդիրներին և բացահայտել Հայաստանի ներուժը։ «Այս որակավորումը ոչ միայն նվաճում է, այլ նաև պատասխանատվություն», – նշում է «ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը:

«Մեր տարածաշրջանի համար այս կարևոր ժամանակահատվածում այն վերահաստատում է մեր աշխատանքի արդիականությունն ու հրատապությունը: Մենք ավելի բարձր նշաձող ենք սահմանելու Հարավային Կովկասում համագործակցություն, երկխոսություն և փաստերի վրա հիմնված քաղաքական մտածողություն խթանելու գործում»:

Տեսանյութեր

Լրահոս