100 հազար դրամ տուգանք՝ կնոջ մորը ձեռքերով և ոտքերով հարվածելու համար

Երևանաբնակ 44-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջ մոր առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ: Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մոր դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված):

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչև դատաքննությունը սկսելը տղամարդը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Տուժողը դատարանին հայտնել է, որ ամբաստանյալի հետ չի հաշտվել, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման վերականգնման պահանջ չունի, և դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չի առարկել:

Դատարանը որոշել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել: Հաշվի առնելով 44-ամյա տղամարդու անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դատարանը հանգում է հետևության, որ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված առավել մեղմ` տուգանք պատժատեսակի նշանակումը բավարար է՝ նրան ուղղելու, նոր հանցանքի կատարումը կանխելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար:

Դատարանը վճռել է տղամարդուն դատապարտել 100 հազար դրամ տուգանքի: Առաջին ատյանի դատարանը վճռել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ հրապարակումից մեկ ամիս անց:

Տեսանյութեր

Լրահոս