Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանին բացարձակապես պետք չէ պատերազմ Ղարաբաղում
Հարցազրույց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ
– Ինչպե՞ս կգնահատեք Մաքսային միության շուրջ վերջին զարգացումները, և, ըստ Ձեզ, ե՞րբ է կհիմնադրվի Եվրասիական տնտեսական միությունը:
– Նախ, պետք է հստակեցնել, որ Մաքսային միությունը լավ, թե վատ, արդեն կա, իսկ Եվրասիական միությունը դեռ չի ստեղծվել, ընդամենը նախագիծ է: Եվ դեռ հայտնի չէ` երբ այն կհիմնադրվի և ինչ ձևաչափով:
– Մայիսի 29-ին Աստանայում կկայանա Մաքսային միության անդամ երեք պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Ի՞նչ փաստաթուղթ է այդ օրը ստորագրվելու:
– Հարցն այն չէ, թե ինչ փաստաթուղթ է լինելու, այլ այն է, թե որքանով այդ փաստաթուղթը պարտավորեցնող կլինի, այսինքն` կստորագրվի կոնկրետ պայմանագի՞ր, թե՞ ընդամենը հռչակագիր` միություն ստեղծելու մտադրության մասին: Այն փաստը, որ ապրիլի 29-ին Մինսկում կայացած հանդիպմանը եռյակի ղեկավարները համաձայնության չեն եկել, արդեն իսկ ցույց է տալիս, որ ավելի հավանական է երկրորդ տարբերակը:
– Որքանո՞վ եք հավանական համարում հունիսի 1-ին Հայաստանի կողմից Մաքսային միության պայմանագրի ստորագրումը:
– Հավանականություն կա, որ չստորագրի, քանի որ մեծ դիմադրություն կա նույն Բելառուսի և Ղազախստանի կողմից:
– Այդ դիմադրությունը կարո՞ղ է ազդել Հայաստանի անդամակցման վրա:
– Կարող է:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Կարծում եմ` այդ դիմադրությունը պայմանավորված է Ադրբեջանի ճնշումով, և Բելառուսն ու Ղազախստանն իրենց դիրքորոշումը կարող են բացատրել նրանով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, և այդ պատճառով Հայաստանը չի կարող անդամակցել:
– Իսկ Ռուսաստանի՞ գործոնը:
– Իհարկե Ռուսաստանը ձգտելու է ամեն ինչ անել, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, բայց կան բազմաթիվ նրբություններ, և միգուցե միայն Ռուսաստանի ցանկությունը չբավականացնի:
– Եվ ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել Հայաստանի վերաբերյալ:
– Կարծում եմ` Հայաստանը կմիանա Մաքսային միությանը:
– Իսկ ե՞րբ:
– Այս ամռանը:
– Հայաստանը կստորագրի միայն Մաքսային միությա՞նը, թե՞ նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:
– Խոսքը գնալու է Մաքսային միության մասին: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, կարծում եմ, եթե այն հիմնադրվի, ապա կարող է լինել հռչակագիր` Եվրասիական տնտեսական միության անդամակցելու Հայաստանի մտադրության վերաբերյալ:
– Ձեր կարծիքով` որքանո՞վ է ընդհանրապես Մաքսային միությունը կայացել:
– Ըստ իս` այն գտնվում է, այսպես ասեմ, ձևավորման գործընթացում, առայժմ դժվար է գնահատական տալ, թե որքանով է կայացել: Բայց եթե այն չլիներ, ավելի վատ կլիներ:
– Դա կապվա՞ծ է նոր անդամների միանալու կամ չմիանալու հետ:
– Կարծում եմ` տվյալ դեպքում Հայաստանի միանալը կամ չմիանալը չի ազդի նրա ձևավորման վրա, որովհետև Հայաստանի տնտեսությունը, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսությունների համեմատ, բավական փոքր է, և նրա անդամակցումը որևէ վտանգ կամ մարտահրավեր չի պարունակում: Հայաստանի անդամակցումը տվյալ դեպքում ոչինչ չի փոխի: Այստեղ հարցն ավելի կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների և Հայաստանի անվտանգության առումով:
– Այդ դեպքում երկու երկրները կարող էին շարունակել զարգացնել երկկողմ հարաբերությունները, առանց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու:
– Եթե չլիներ Եվրամիության կողմից մարտահրավերը` այդ Ասոցացման համաձայնագրով հանդերձ, նրա փորձը` տարածաշրջանում ստեղծել ազդեցության գոտի և Հայաստանը պոկել Ռուսաստանից և այլն, այդ դեպքում Հայաստանի միանալ-չմիանալու հարցն էլ արդիական չէր լինի:
– Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ այս պահին դա Ռուսաստանի պահանջն է:
– Կարելի է այդպես էլ ձևակերպել, բայց մյուս կողմից` Հայաստանի անվտանգությունը Հայաստանի՞ խնդիրն է, թե՞ Ռուսաստանի:
– Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանի անվտանգության հարցը տնտեսական միության հետ:
– Տնտեսությունն անվտանգությունից և քաղաքականությունից առանձին չի լինում:
– Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան կապվա՞ծ է տնտեսական միության հետ:
– Իհարկե: Եվրամիությունը չտվեց Հայաստանին անվտանգության երաշխիքներ, փոխարենը` այդ երաշխիքները տվեց Ռուսաստանը: Այդքանը:
– Փաստորեն, եթե Հայաստանը չմիանար Մաքսային միությանը, ՀԱՊԿ-ի հետ պայմանագիրը չեղյա՞լ էր համարվելու:
– Ոչ, ոչ, ես նման բան չասեցի: Բայց Դուք մոռանում եք, որ Հայաստանից բացի` կա նաև Լեռնային Ղարաբաղ: Եվ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին:
– Դրա համար էլ Հայաստանն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, ոչ թե Ռուսաստանը:
– Իհարկե, բայց եթե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սկսվի պատերազմ, ո՞վ է այդ դեպքում զբաղվելու անվտանգություն երաշխավորելով:
– Այսինքն` դա Ռուսաստանի ցանկությո՞ւնն է, որ պատերազմ սկսվի:
– Ոչ, դա Ռուսաստանի ցանկությունը չէ, բայց դա հավանական է: Ռուսաստանին բացարձակապես պետք չէ պատերազմ Ղարաբաղում: