Գերեզմանափորը մեղադրվում է քլունգով և ոտքերով հարվածելով՝ անձին սպանելու, նրա դին Արզնի-Շամիրամ ջրանցքը նետելու մեջ
Առաջին ատյանի դատարանում սկսվել է գերեզմանատանը տեղի ունեցած սպանության գործի քննությունը: 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գերեզմանատանը հանգուցյալ անձի գերեզմանափոսը համագյուղացու հետ փորելու ժամանակ վիճաբանել է մոտեցած տղամարդու հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած երկծայր մետաղյա քլունգով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իրեն մոտեցված տղամարդու գլխի և մարմնի տարբեր մասերին, ապօրինաբար վերջինիս զրկել է կյանքից և նույն օրը մեկ այլ անձի օգնությամբ դին տեղափոխել է Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ, սպանված տղամարդու դին նետել ջրանցքը: 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս):
Նա կալանավորվել է:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև 67-ամյա մի տղամարդու: Նրան մեղադրանք է առաջադրվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մաս): Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: