Կառավարության ձևավորման վրա որոշակի ազդեցություն ունեցել են տարբեր խոշոր բիզնեսներ. Գագիկ Մակարյան
«Ներկայիս կառավարությունը շատ հետաքրքիր կառուցվածք ունի, այնտեղ կան և´ առաջադեմ մարդիկ, և´ հետադեմ նախարարներ, կան և´ երիտասարդներ, և´ տարիքավորներ: Այսպիսի կառավարությունը ինչպե՞ս պետք է ներդաշնակ աշխատի և այդ բեռը ընկնելու է, բնականաբար, վարչապետի ուսերին, որովհետև կառավարության դիրիժորը վարչապետն է, որ պետք է այդ տարբերությունների մեջ գտնի լծակներ՝ համակարգը ճիշտ աշխատացնելու համար»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ կառավարության ձևավորման վրա որոշակի ազդեցություն ունեցել են տարբեր խոշոր բիզնեսներ, որոնք փորձում են իրենց շահերն առաջ տանել. «Խոշոր բիզնեսն ասոցացվում է օլիգարխիկ, կոռումպացված անձնաց հետ: Խոշոր բիզնեսը կարողանում է ընտրությունների միջոցով իր լծակները իշխանությունում ապահովել»:
Անդրադառնալով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության խնդրին և Բելառուսի դիրքորոշմանը՝ Մակարյանը նշեց, որ Հայաստանը պետք է չշտապի: Նրա խոսքով՝ ՄՄ-ում ներդրում և ամենամեծ դերակատարումն ունի Ռուսաստանը, որի համար Ուկրաինայի դեպքերը դաս եղան և ՌԴ-ն փորձելու է այլևս նման իրավիճակում չհայտնվել:
Մակարյանի խոսքով՝ մայիսի վերջին 11 կետերից բաղկացած միասնական փաստաթուղթ է ստորագրվելու, ՀՀ-ն հասել է 4-րդ կետի իրականացմանը: Նա նշեց, որ եթե ՀՀ-ն հաստատապես որոշել է այս ուղղությամբ գնալ, կարող է Բելառուսին շահագրգռել, օրինակ՝ Բելառուսը 4-5%-ով վարկեր է տալիս այլ պետությունների, ՀՀ-ն կարող է այդ վարկը վերցնել և ձեռքբերել բելառուսական ապրանքներ՝ տեխնիկա, տրակտորներ և այլն. «Ամեն մի երկիր իր շահերով է շարժվում, Հայաստանը պետք է մանիպուլյացիա անի և, քանի որ դեռ ձայնի իրավունք չունի ՄՄ-ում, կարողանա իր կողմը գրավել մյուս երկրներին: Եթե ՀՀ-ն չկարողանա իր շահերն առաջ տանել ՄՄ-ում, մենք խոշոր հաշվով տանուլ կտանք»: