Բաժիններ՝

Պիտեր Բալաշ. Հայաստանը հնարավորություն ունի ճիշտ որոշումներ կայացնել՝ ՌԴ-ից ամբողջությամբ կախված չլինելու համար

Մեր զրուցակիցն է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի միջազգային բիզնեսի ամբիոնի վարիչ, Սլովակիայի «Էկզիմբանկի» համահիմնադիր, Սլովակիայի գազային արդյունաբերության դիտորդական խորհրդի նախագահ Պիտեր Բալաշը:

– Պարոն Բալաշ, ի՞նչ համեմատություն կանցկացնեք Հայաստանի ու Սլովակիայի միջև և, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ-ն` երկրում իրավիճակը բարելավելու համար:

– Տարիներ առաջ Սլովակիան նույն դրության մեջ էր, ինչ Հայաստանը. երկրում կար կոռուպցիա, բազմաթիվ պարտքեր ու խնդիրներ: Բայց Սլովակիան վերջին 10 տարում աճ է արձանագրել, մենք Եվրամիության անդամ ենք ու եվրոգոտու անդամ: Այսպիսով՝ մենք կարող ենք համեմատել, թե ինչ աշխատանք է տարվում Հայաստանում և ինչ իրավիճակ է այստեղ: Կարծում եմ՝ Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել նոր ռազմավարություն` օգտագործելով երկրի տնտեսական հնարավորությունները, արտերկրի ուղղակի ներդրումները և այդ ներդրումների համար նոր պայմաններ ստեղծելով, քանի որ կա կոռուպցիոն խնդիր, տնտեսության ազատականացման խնդիր և արտերկրի հայերի ներուժի օգտագործման խնդիր:

Տնտեսական նոր ռազմավարությունը կարող է օգնել բարելավելու իրավիճակը, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է պետության քաղաքական կամքը՝ արմատական փոփոխություններ իրականացնելու հարցում: Հայաստանի նոր կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, նաև հսկայական աշխատանք տանի տնտեսության ազատականացման ուղղությամբ: ՀՀ կառավարությունը գուցե աջակցություն գտնի արտերկրում բնակվող հայերի շրջանում:

Կարդացեք նաև

Այսպիսով, իմ կարծիքով, նոր տնտեսական ռազմավարությունը կարող է օգնել, բայց միայն այն դեպքում, եթե այդ ռազմավարությունը ստանա հանրության աջակցությունը: Հայաստանն այսօր ընտրել է մի ճանապարհ, որ տանում է դեպի Մաքսային միություն: Մենք դեռ կհետևենք, թե ինչպես է Հայաստանն աշխատում և ինչպես է լինելու նրա մասնակցությունը ՄՄ-ում:

– Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ նոր վարչապետին:

– Հայաստանը շատ փոքր երկիր է, իսկ փոքր երկրները պետք է լավ և ուժեղ գործընկերներ գտնեն: Այս տեսանկյունից՝ ես կգնայի արտերկրներ և կգտնեի ուժեղ գործընկերներ, կշահեի նրանց վստահությունը: Խոսքս չի վերաբերում միայն խորհրդային երկրներին ու Ռուսաստանին, խոսքս վերաբերում է այլ երկրներին: Ես կփորձեի աջակցություն գտնել այնտեղ, որպեսզի ավելացնեմ արտաքին ներդրումները: Շատ կարևոր է բացել դռներն արտաքին ներդրողների համար, շահել բանկային ոլորտի վստահությունը, ֆինանսական ոլորտի վստահությունը, դրանից հետո շատ բան արդեն իր հունով ինքնահոս կգնա: Ձեր ռազմավարությունը նաև պետք է նախանշի, թե ինչ ուղիով է գնալու Հայաստանը, և թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան, որ շտապ լուծման կարիք ունեն:

– Ձեր կարծիքով` նոր վարչապետը նոր կառավարությունում պեգտք է ընդգրկի նաև ընդդիմադիր ուժերին:

– Ես չգիտեմ Հայաստանի քաղաքական համակարգի բոլոր նրբությունները: Կարող եմ ասել, թե իմ կարծիքով` այս պահին որն է առավել կարևոր` կառավարությունը պետք է շահի հասարակության վստահությունը: Երկրում հաջողության հասնելու համար հարկավոր է շահել մարդկանց վստահությունը, որպեսզի նրանք աջակցեն նոր կառավարությանն ու նոր վարչապետին: Առանց հասարակության վստահության հնարավոր չի լինի առաջխաղացում ու զարգացում ունենալ, հատկապես Ձեր երկրում, որտեղ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, և այն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է: Նոր կառավարությունը գալիս է այլ ամբիցիաներով և ամեն ինչ պետք է վերափոխել ու ամեն ինչ պետք է հիմնվի նրա վրա, որ մարդկանց հնարավորություն տրվի իրենց կյանքը փոխելու, այդ թվում` հնարավորություն տրվի գործազուրկներին աշխատանք գտնելու, հնարավորություն տրվի նոր սերնդին` չարտագաղթելու: Այս տեսակետից վստահության ձեռքբերումը նոր իշխանական համակարգի առաջին խնդիրն է, որ յուրաքանչյուրի համար նոր միջավայր ստեղծվի զարգանալու և իր կենսակերպը բարելավելու համար:

– Ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը: Ըստ Ձեզ` այս զարգացումներին զուգընթաց` Հայաստանը կկարողանա՞ համագործակցել ԵՄ երկրների հետ նույն ծավալներով, ինչպես նախկինում:

– Հայաստանն այժմ լավագույն հնարավորություն ունի ճիշտ որոշումներ կայացնելու համար, որպեսզի ամբողջությամբ կախված չլինի Ռուսաստանի Դաշնությունից: Ռուսական գազը, ռուսական նավթն անհրաժեշտության դեպքում «հարգանքի» արժանի են: Մյուս կողմից` տնտեսության ազատականացումը, շուկայի դռների բացումն ու արտաքին ներդրողների ներգրավումը Ռուսաստանի ստեղծած միության դեմ չէ, դա տնտեսության առողջացմանը միտված քայլեր են: Այս առումով Հայաստանը պետք է օգտագործի բոլոր կողմերի հետ իր համար շահավետ հնարավորություններն ու առավելությունները:

Արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունն Արևմուտքի հետ պետք է ակտիվացնել, նաև պետք է ակտիվացնել ԵՄ-ի հետ արտահանումն ու ներկրումը, և դա Ռուսաստանի դեմ չէ, դա միայն Հայաստանի զարգացման համար է: Խնդիրն այն է, թե ինչպես վճարել այն հումքի համար, որը սովորաբար ստանում եք Ռուսաստանից` գազ ու էներգակիրներ: Այս տեսակետից Հայաստանը պետք է ձգտի ավելի շատ արտադրել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ: Միջազգային շուկաներում գազն ու նավթը թանկ են, եթե ՀՀ-ն ստիպված լինի թանկ էներգակիրներ գնել, ապա Հայաստանի արտադրանքի ինքնարժեքը բարձր կլինի, իսկ այդ դեպքում ոչ մի հնարավորություն չի լինի արտաքին շուկաներ դուրս գալու և մրցունակ լինելու համար:

– Հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները` ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանը սեպտեմբերի 3-ին ՄՄ անդամակցության վերաբերյալ հայտարարություն չաներ, Ռուսաստանից Հայաստանի հանդեպ նմանատիպ ագրեսիա սպասելի կլինե՞ր:

– Շատ դժվար հարց է, որովհետև Ուկրաինան այլ դիրքորոշում ուներ Արևմուտք-Արևելքի հարցում, այնտեղ այլ քաղաքական կառուցվածք է, շատ ու շատ պատմական խնդիրներ կան այնտեղ: Խորհրդային ժամանակաշրջանում Ուկրաինայի կապերը Ռուսաստանի հետ գուցե ավելի սերտ էին, քան Հայաստան-Ռուսաստան կապերը: Չի կարելի համեմատել Ուկրաինան ու Հայաստանը և չի կարելի ասել, թե այստեղ ինչ կլիներ, եթե Հայաստանը մտքափոխ չլիներ և շարունակեր շարժվել դեպի Եվրամիություն:

Մաքսային միությանը չանդամակցելու դեպքում, իհարկե, մեծ խնդիր կլիներ էներգակիրների հարցը, թե ինչ գնով ՀՀ-ն կկարողանար ներմուծել գազ և նավթամթերք:

Այս տեսակետից գուցե Իրանի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ լիներ, բայց ես բավականաչափ վստահ չեմ, որովհետև քաղաքական բնույթի շատ խնդիրներ կան: Մյուս կողմից` ես կարծում եմ, որ ԵՄ-ի և ԵՄ անդամների հետ համագործացությունն այնքան շահավետ չէր լինի Հայաստանի համար, որքան Ռուսաստանի հետ համագործակցության խորացումը:

Ես կարծում եմ, որ դուք կարիք ունեք երկարատև ժամանակաշրջանի համար նոր ռազմավարության` Հայաստանի տնտեսական միջավայրը փոխելու համար, բարձր տեխնոլոգիաներին զարկ տալու համար, բարեփոխելու կրթական համակարգը, և այդ դեպքում Դուք այդքան կախված չեք լինի էներգակիրներից: Օրինակ, նույն ԱԷԿ-ի աշխատանքի դեպքում դուք մեծ կախվածություն ունեք Ռուսաստանից, քանի որ գործող ԱԷԿ-ն արդեն բավականին երկար ժամանակ է շահագործվում` շուրջ 40 տարի, դրա կյանքի տևողությունը սպառվում է, դուք կարիք ունեք նոր ԱԷԿ-ի, որի կառուցման ձեր միակ հույսն այժմ Ռուսաստանն է:

Այժմ պետք է սպասենք իրադարձությունների զարգացումներին: Ես կարծում եմ, որ իշխանության խելամիտ քայլերի դեպքում Հայաստանը կարող է լավ համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ համագործակցել եվրոպական ներդրողների հետ ու աջակցություն ստանալ Սփյուռքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս