
Ձեր ներկայացրած ռազմավարությունը չի կարող իրականանալ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

«Ձեր ներկայացրած ռազմավարությունը չի կարող իրականանալ, որովհետև դրանում կան նպատակներ, որ առանց կառավարության գործուն աջակցության չի կարող իրականացվել»,- այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
Ռազմավարությամբ նախատեսվում է առաջիկա 5 տարում ՀՀ-ն ընդգրկել աշխարհի 20 լավագույն բարձր տեխնոլոգիական երկրների շարքում:
Կ.Մինասյանը նշեց, որ կառավարությունն իր ռազմավարությունը համաձայնեցնում է ոլորտի հետ, իսկ միության ռազմավարությունը կառավարության հետ համաձանեցված չէ. «Կառավարությունը շատ ամբիցիոզ նպատակներ է դրել, որ այստեղ ներկայացված չեն: Մենք հաջողության չենք հասնում, որովհետև առանձին-առանձին ենք ուզում իրագործել: Այդ սիներգիզմը չկա, չձևավորվեց»:
Կ.Մինասյանը նկատեց նաև, որ ռազմավարությունում հաշվի չեն առել աշխարհի ՏՏ ոլորտի հայերին: «Պետք չէ մեզ սովորեցնել, եկեք միասին աշխատենք»,- կոչ արեց նա: