Իրանն ազատ է կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ նշանակելու հարցում. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իրավունք ունի ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ նշանակել նրան, ում անհրաժեշտ է համարում և որ ՄԱԿ-ի քարտուղարությունը չպետք է գնահատական տա Թեհրանի կատարած ընտրությանը:

Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Իրանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Համիդ Աբու Թալեբիի նշանակումը, ինչը հարուցել է Վաշինգտոնի դժգոհությունը.

«Մենք չէ, որ պետք է դատենք այն մարդու մասին, որի վրա կանգ է առել Թեհրանի ընտրությունը: ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ ազատ է իր մշտական ներկայացուցչին նշանակելու հարցում:

ԱՄՆ-ի ու Իրանի միջև տվյալ հարցով քննարկումներն անցկացվում են ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի սահմաններից դուրս, և ՄԱԿ-ը որևէ կերպ ներգրավված չէ դրանցում: Բնականաբար, մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը և հուսով ենք, որ այն կհաջողվի լուծել»:

Համիդ Աբու Թալաբեին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Մոհամմադ Խազաիին, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից: Սակայն ԱՄՆ-ը թույլ չի տվել, որ նա մուտք գործի երկիր (ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում):

ԱՄՆ-ն ընդգծել է, որ իրանցի դիվանագետը նախկինում հանդիսացել է իսլամական հեղափոխական, ուսանողական կազմակերպության անդամ, որի անդամները 1979 թվականին Թեհրանում գրավել էին ԱՄՆ-ի դեսպանատունը և 444 օր (մինչև 1981 թվականի հունվար) պատանդ էին վերցրել մոտ 60 ամերիկացի դիվանագետների ու նրանց ընտանիքների անդամների:

Տեսանյութեր

Լրահոս