Բաժիններ՝

Տեսաք՝ ով գնաց

Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար վարչապետը համարյա գործատու է: Կամ նրան հավասարեցված անձ: Տիգրան Սարգսյանն իր գործունեությամբ մոտ վեց տարի հոդվածի նյութ է ապահովել մեզ համար: Հետևաբար` անազնիվ կլինի, եթե տնտեսական թեմաներով գրող որևէ լրագրող չանդրադառնա նրա հրաժարականի թեմային: Ամենահեշտն, իհարկե, արդեն նախկին վարչապետի ձախողումները թվարկելն է: Մեկիկ-մեկիկ:

Ահագին տարածք կզբաղեցնի: Հնարավոր է` նույնիսկ երկու և ավելի հոդվածի նյութ դառնա: Երևէ հենց դա էլ պետք էր անել մի շաբաթ առաջ` հրաժարականի մասին լուրի հրապարակման օրը: Անցած մեկ շաբաթն, իհարկե, բավարար ժամանակ չէ հստակ նկարագրելու համար, թե «Տեսեք-տեսեք` ով գնաց»:

Հատկապես, որ ՀՀ վարչապետներից հենց Տիգրան Սարգսյանն է ամենաշատը եղել մամուլի ուշադրության կենտրոնում: Հրանտ Բագրատյանի հետ` իհարկե: Բայց դա իր բացատրությունն ունի: Հասարակությունը` չգիտեմ, բայց տնտեսությամբ հետաքրքրվողները հենց նրանցից ամենամեծ սպասումն ունեին: Նրանցից ո՞վ և որքա՞ն արդարացրեց մասնագետների ու հասարակության հույսերը, առանձին ու ծանր զրույցի թեմա է: Համեմատելն էլ բարդ է լինելու:

Հրանտ Բագրատյանը չի պաշտոնավարում 1996թ.-ից: Իսկ Տիգրան Սարգսյանը 1991-ից մինչ հիմա մշտապես բարձրագույն պաշտոններ էր զբաղեցնում: Վեց տարի առաջ նրա նշանակումը շատերին ոգևորեց: Հավանաբար հասարակությունը կարոտել էր գրագետ ու կիրթ պաշտոնյայի: Շատ էր կարոտել` կիրթ ու զարգացման տեսլական ունեցող պաշտոնյայի: Վարչապետն իրեն բնորոշ անմիջականությամբ` սկսեց խոսել ու պատմել իր ծրագրերը:

Կարդացեք նաև

Միջին ու բարձր չինովնիկների մեծամասնությունը չէր հասկանում` ի՞նչ է խոսում վարչապետը: Չինովնիկների մեծամասնությունը մտերիմների հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է, որ չեն հասկանում: Նրանց մեջ կային նույնիսկ կառավարության անդամներ: Մեր նորօրյա պատմության նախարարաց դասի մեջ քիչ չէին կոոպերատիվ ու պետական 6-7 բուհի դիպլոմ ունեցողները: Քաղաքապետերի ու թաղապետերի մասին խոսելն ավելորդ է:

Այս պարագային միջնակարգ կրթության փաստաթղթերն են տարօրինակ ու տարաժամյա: Թվում էր, թե ուր որ է` վարչապետն ինտելեկտուալների իր թիմով ահագին բան կփոխի կառավարման համակարգում: Բայց նրանք ընդամենը սկսեցին ինտելեկտուալ խաղեր խաղալ: Հեռուստատեսությամբ ի ցույց դնելով իրենց գրագիտությունը:

Բնականաբար` պետբյուջեի հաշվին: Պետբյուջեի նկատմամբ այս վերաբերմունքը, ցավոք, բոլոր ոլորտներում էր: Տիգրան Սարգսյանի կառավարության բոլոր ձեռնարկներին ինչ անուն ասես կարելի է կպցնել: Դրանց մի մասը բարդ չէ նույնիսկ անիրատեսական որակելը: Բայց ոչ մի ձեռնարկ ու ծրագիր չի կարելի համարել սոցիալական: Երևէ հենց այդ պատճառով վերջին տարիներին խորացավ աղքատությունը: Պաշտոնական տվյալներով` այն, կարծեմ, 50 տոկոսով աճեց: Եթե պատկերացնենք, որ վարչապետին հաջողվեր Գյումրիում մի 100-120 աշխատատեղ ունեցող գերժամանակակից տեխնոպարկ գործարկել, միևնույն է, հանրապետության երկրորդ քաղաքը շարունակելու էր մնալ ավերակների ու տնանկների քաղաք:

Շարունակելու էր մնալ գործազրկության ամենամեծ ցուցանիշն ունեցող քաղաք: Եթե վարչապետին հաջողվեր Կենտրոնական բանկի ամբողջ աշխատակազմը Դիլիջան ուղարկել, միևնույն է, դա չէր կանխելու դիլիջանցիների արտագաղթը: Եվ այսպես շարունակ` առաջադրված ու չիրականացված բոլոր ծրագրերի պարագային: Իր վարած կառավարության վերջին նիստին վարչապետը զայրացել էր:

Ըստ նրա` պետությունը հսկայական ծախսեր է անում գյուղացիներին օգնելու համար, բայց հասարակությունն` ընդհանրապես, ու գյուղացիները` մասնավորապես, դա չեն գնահատում: Ըստ վարչապետի` մեղավորը որոշ գործարարներ են, ովքեր իրենց վարկանիշի համար մի քանի դրամ ծախսելով` սևացնում են պետության ու կառավարության արածը: Պետությունն, իհարկե, ամեն տարի հսկայական գումարներ էր ծախսում: Էժան դիզվառելիք, պարարտանյութ, գյուղատնտեսական քիմիկատներ ու բուժանյութեր էր ներկրում:

Այս իմաստով` վարչապետը ճիշտ էր: Բայց այն գյուղացուն չէր հասնում: Դրանից օգտվում էին միայն ոլորտի խոշոր գործարարները: Վարչապետը նույնիսկ վերացրեց գործազրկության նպաստը: Վերացրեց` պատճառաբանելով, որ այն հասցեատերերին չի հասնում: Նույն կերպ սոցիալական ուղղվածություն չուներ նաև ստվերային տնտեսության դեմ պայքարը: Այն իրականում հարկային ողջ բեռը մանր ու միջին գործարարության վրա տեղափոխելն էր: Հավանաբար դա էր պատճառը, որ կառավարման հինգուկես տարում կառավարության դեմ սոցիալական, այսինքն` լայնամասշտաբ շարժում սկսեց:

Շարժում, որ հանգեցրեց վարչապետի հրաժարականին: Կամ առնվազն նպաստեց դրան: Իսկ տնտեսությունը ներքաշվեց սահմանադրական խառնաշփոթի մեջ: Մեկ շաբաթն իսկապես փոքր ժամանակ է վեց տարվա գործունեությունն ամփոփելու համար:

Բայց մի բան ակնհայտ է` Տիգրան Սարգսյանի կառավարման վեցերորդ տարում հրապարակային ելույթներում հայհոյում էին ոչ միայն մականունավոր պատգամավորները, այլև նրանցից ու կառավարության անդամներից ամենակիրթ ու գրագետ մարդու համբավ ունեցողները: Իսկ «սա արդեն խորհրդանշական է»,- ինչպես ասվում է հանրահայտ ֆիլմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս