Հայկական դիվանագիտության վերջին մերկապարը

Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Սա Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային ժամանակացույցի՝ հերթական, ոչինչ չասող, առաջին հայացքից որևէ հետաքրքրություն չներկայացնող պաշտոնական տեղեկատվություն է, որը տարածել է ԱԳՆ-ն: Ուրիշ ո՞ւր պետք է այցելի Հայաստանի արտգործնախարարը սեպտեմբերի 3-ից ու մարտի 27-ից հետո: Շատ-շատ՝ Զիմբաբվե, Բոլիվիա կամ Չինաստան: Բայց դրանք ահագին հեռու են, վերջերս էլ, «ԱԳՆ-ից-տեղից հեռու», ինքնաթիռներ են ընկնում օվկիանոսը:

Բայց նույն տեղեկատվության մեջ Արտգործնախարարությունը ներկայացրել է Նալբանդյանի այցի ավելի բացված տարբերակը: «Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով»:

Այս ընդամենը մեկ նախադասության մեջ միանգամից երկու ցնցող նորություն կա: Առաջինը՝ որ Հայաստանն արտաքին քաղաքականություն ունի և երկրորդը՝ որ այդ մասին Նալբանդյանը պետք է պատմի ռուսական դիվանագետների դարբնոց համարվող բուհում` МГИМО-ում: Հենց այնտեղ են այսօր սովորում Ռուսաստանի ապագա դիվանագետները, ովքեր, բնականաբար, պետք է շարունակեն իրենց նախորդների՝ ՌԴ ներկայիս արտաքին քաղաքականության պատասխանատուների քաղաքականությունն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ նրանք պետք է առաջնորդվեն «Կերակրենք Կովկասին, որ հանկարծ ինքն իրեն չկերակրի, կամ մեկ ուրիշ պետություն չստանձնի այդ հանձնառությունը»` սկզբունքով, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխանության կորստին:

Էդվարդ Նալբանդյանն այդ ամենի անմիջական մասնակիցն  ու իրականացնողներից մեկն է: Նա մեկն է այն պաշտոնյաներից, ովքեր Հայաստանը փաստացի հանձնել են Ռուսաստանին: Բայց քանի որ այնտեղ հայերին շատ են սիրում, թույլ են տալիս առայժմ հանդես գալ «պետության» անունից և ունենալ այնպիսի պաշտոնյաներ, որոնց գործունեությունն իմաստ չունի: Ինչպես, օրինակ, արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանի ելույթը МГИМО-ում մոտավորապես նույնն է, որ պատանդ հանձնվածն ահաբեկիչների երեկոյան խրախճանքի ժամանակ նրանց կամ նրանց «սկաուտներին» պատմի, թե ինչպես է առանց դիմադրելու, հաճույքի ակնհայտ նշաններ ցույց տալով՝ հանձնվել՝ հանուն իր անվտանգության:

Սա այլևս անգամ ծիծաղելի չէ: Հասկացանք՝ նվաստանալ, հասկացանք՝ հանձնվել: Բայց մի՞թե պարտադիր է դա անելուց հետո խայտառակվել մարդկանց առաջ, ովքեր ընդամենը մի քանի տարի անց «ապահովելու են» Հայաստանի անվտանգությունը, այսինքն՝ զբաղվելու են Հայաստանով: Եթե, իհարկե, մինչև այդ վերացրած չլինեն անկախ պետության խորհրդանիշերը, և Էդվարդ Նալբանդյանը նշանակված չլինի Հայաստանի հարցով ժողկոմի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս