Դավաճանություն՝ քվեարկության ներքո. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը իր այսօրվա խմբագրականում գրում է. ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է Հայաստանի շահերից: Այս արտահայտությունը հիմնավորումն է այն քվեարկության, որով Հայաստանի Հանրապետությունը հանդես եկավ ՄԱԿ-ում Ուկրաինայի բանաձևի քննարկման ընթացքում: Ինչպես գիտենք, Հայաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ կատարված գործողությունների մասին բանաձևին: Հայաստանը մնացել էր 10 երկրի հետ՝ ներառյալ Ռուսաստանը: Թե որոնք էին մյուս 9 երկրները՝ ավելորդ է հիշատակել անգամ, առավել ևս, որ հասարակությունն արդեն իսկ հասցրել է ծանոթանալ Հայաստանի այս աղմկոտ ընկերակցությանը, հազարամյա քաղաքակրթության մասին խոսող ազգի 21-րդ դարի նոր ընկերներին: Եվ այսպես. Հայաստանի քվեարկության հիմնավորումն է՝ դա պահանջում է Հայաստանի շահը: Որևէ մեկը, որ հիմնավորում է քվեարկությունը՝ լինի իշխանական, ոչ իշխանական կամ չգիտես էլ ինչ կարգավիճակի անհատ, բերում է հենց այս միտքը: Սակայն ինչ կա այդ մտքի տակ՝ կարծես թե փորձ չի արվում հասկանալ: Նրանց, այսինքն՝ այդ միտքը որպես փաստարկ բերողներին, դրա տակ եղածը հասկանալ պետք չէ, պետք չէ, որ հասարակությունը փորձի դա հասկանալ, որովհետև այդ դեպքում պարզ է լինում ըստ էության հայկական պետական և ազգային շահերի հանդեպ դավաճանությունը: Բայց հենց այս պատճառով էլ հասարակությունը պետք է հասկանա՝ աղետալի հետևանքներից զերծ մնալու, պետության ապագան դավաճանության ողբերգական շարունակություններից զերծ պահելու համար: Երբ ասվում է, որ սա է պահանջում Հայաստանի շահը, պետք է պարզել, թե կոնկրետ ինչպես է արտահայտվում այդ շահը տվյալ դեպքում: Այսինքն՝ ի՞նչ է շահում Հայաստանը տվյալ դեպքում: Այս հարցի պատասխանը կարծես թե չկա, այսինքն՝ չկա պատասխան, որ ահա, մենք քվեարկում ենք դեմ կամ քվեարկում ենք այնպես, ինչպես Ռուսաստանի համար դուրեկան կլիներ, և դրա դիմաց Ռուսաստանը մեզ օժանդակում է, աջակցում մեզ համար կարևոր այլ հարցերում: Ընդ որում, պետք է նշել շատ կոնկրետ հարցեր և ըստ որում՝ համարժեք, այսինքն՝ մասշտաբներով կամ համամասնական կարևորությամբ ղրիմյան հարցին համարժեք հարցեր, որոնցում շահում է Հայաստանը՝ դեմ քվեարկելով բանաձևին: Զորօրինակ՝ որ Ռուսաստանը դրա դիմաց կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Նման կոնկրետ մատնանշումներ, սակայն, որպես Հայաստանի շահ, բացարձակապես գոյություն չունի: Այսինքն՝ երբ հայտարարվում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել Հայաստանի շահերին համարժեք, ապա այստեղ, ըստ էության, մնում է մի բան՝ որ Հայաստանին պարզապես չեն պատժել այլ կերպ քվեարկելու համար: Այսինքն՝ Հայաստանի շահերը ըստ էության սահմանափակվում են, սահմանագծվում են ՉՊԱՏԺՎԵԼՈՎ: Եվ այս բառի մեջ ըստ էության ամփոփվում է հայաստանյան պետականության, անկախության ողջ ընթացքը և այսօրվա հանգրվանը: Այսինքն՝ Հայաստանը, որպես պետականություն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այս ընթացքում անկում է ապրել՝ այնքան, որ այսօր աշխարհի համար կարևորագույն հարցերում, լրջագույն գործընթացներում մենք դիրքորոշում ենք հայտնում հետապնդելով միմիայն մի նպատակ՝ հանկարծ չպատժվենք, հանկարծ մեզանից ոչինչ չվերցնեն, հանկարծ մեզ չհարվածեն:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս