Չե՞ք հավատում. տեսնողներ են եղել

Այնպես է ստացվում, որ որքան շատ են որևէ իրադարձության վկաները, ականատեսները, այնքան դժվար կամ, ավելի ստույգ, գրեթե անհնար է պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում: Խորհրդարանական չորս ուժեր ցանկանում են ստեղծել 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունները քննող հերթական հանձնաժողով: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիպուկ նկատեց, որ քանի դեռ քաղաքական մեծամասնություն է այն ուժը, որի օրոք իրականացվել է Մարտի 1-ը, հանցագործությունը չի բացահայտվի:

Սակայն իրականությունն այնպիսին է, որ հանցագործությունը չի բացահայտվի, եթե անգամ ստեղծվի բաղձալի հանձնաժողովը: Վկաներ, հասկանո՞ւմ եք, չկան: Այդպես, «Պապլավոկում» օրվա ամենապիկ ժամին, չգտնվեց վկա, ով կպատմեր՝ ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները սպանել Պողոս Պողոսյանին:
Այդպես, հարյուրավոր մարդկանց աչքի առաջ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի սպանդը խորհրդարանում:

Սակայն Հոկտեմբերի 27-ը մինչ օրս հանելուկ է մնում: Ձերբակալվեցին ահաբեկչական գործողության անմիջական մասնակիցները, գործի հետ, այսպես թե այնպես, կապ ունեցող վկաներն անհասկանալի պայմաններում կյանքից անժամանակ հեռացան:

Ահա և քեզ բացահայտված գործ: Որից հետո ակնհայտ է՝ այսօր էլ 27-ի մասին գիտենք ճիշտ այնքան, որքան հանցագործության օրը, մթնշաղին:
Թե ինչպես կարող է մեր աչքի առաջ կերտվող նորագույն պատմությունն այսքան անհայտ լինել, ունի իր բացատրությունը: Ներկան անհայտ է, քանի որ անհայտ է նաև անցյալը:

Վերջերս փորձ արեցի ռադիոհաղորդում պատրաստել Ավարայրի ճակատամարտին նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին (այդ թեմային անդրադարձել ենք, տես՝ այստեղ և այստեղ.) մասնավորապես՝ Վասակ Սյունու, Վարդան Մամիկոնյանի և մյուս նախարարների դերակատարության մասին: Մեր լավագույն պատմաբաններից և ոչ ոք, լսելով թեման, չցանկացավ մասնակցել հաղորդմանը:

Նրանցից մեկն ուղղակի ասաց. «Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել, քանի որ հասարակությունը պատրաստ չէ լսել: Երբ լույս տեսավ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը, եկեղեցին հարձակվեց նրա վրա: Այնպես որ, ներեցեքգ»: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ խոսքը հեռավոր 5-րդ դարի իրադարձությունների մասին է, երբ կողմերից և ոչ մեկը, որքան հասկանում ենք, ողջ չէ, և, թվում է, բարոյական, բարեկամական, անձնական որևէ գործոն պիտի որ չխանգարի մասնագետին՝ բարձրաձայնել իր գիտական եզրակացությունը:

Բայց՝ ո՛չ, պատմաբանն իրեն նման շքեղություն թույլ տալ չի կարող. պատմության ամեն դրվագ ունի իր տերը, այս դեպքում՝ սեփականատերը: Արցախյան ազատամարտի տարիները գործող իշխանությունների համար «մթի ու ցրտի տարիներ» էին: Գործող իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, ըստ առաջին նախագահի, «թաթար-մոնղոլական» է», «ավազակապետական»:

Առհասարակ, Հայաստանում այդպես էլ հնարավոր չեղավ պատմական իրադարձությունների, արխիվային նյութերի բազմակողմ քննությամբ ժամանակակից պատմության առանձին դրվագներ անկողմնակալ լուսաբանող հաղորդումներ ունենալ: Ժամանակին նման փորձ էր լրագրող Ռուզաննա Խաչատրյանի «Հայտնի անհայտը» շարքը՝ Հ1-ով: Սակայն հաղորդաշարն ունեցավ հետաքրքիր, սակայն կարճ կյանք: 2010 թվականին լրագրողը չորս ամիս աշխատեց Հայոց բանակի կազմավորման մասին ֆիլմի վրա: Եվ 2011թ. հունվարի 28-ին այն պիտի հեռարձակվեր Հ1-ով, անգամ հաղորդումների ծրագրում կար: Բայց չհեռարձակվեց։

«Բացատրություն, թե՝ ինչո՞ւ, չտրվեց: Ոչ էլ ասացին, թե հատկապես ո՛ր մակարդակում է մերժվել,- պատմում է լրագրողը: -Բանակի սկզբնավորման՝ սկսած Ղարաբաղի ազատագրական պայքարից, դրան մասնակցած քաղաքական բոլոր ուժերից, ապա նաև կանոնավոր բանակի ստեղծման հետ կապ ունեցած մի քանի տասնյակ մարդու նոր զրույցներ էինք տեսագրել, մի քանի տասնյակ մարդու արխիվային զրույցներ էինք հանել, մնացած արխիվային կադրերի ու փաստաթղթերի, տեղական ու օտարերկրյա հրապարակումների մասին էլ չեմ ասում: Որ ասեմ՝ հրաժարվում էին պատմել, չէ՛: Երևի հակառակն էր՝ ամեն մեկն ուզում էր նաև իր ներդրած «լումայի» մասին խոսել: Ես երկար եմ մտածել, թե ինչո՞ւ ֆիլմն արգելվեց:

Ամենահավանական պատճառն եմ համարում այն, որ այդպես էլ չիմացածս արգելողները մտավախություն ունեին, թե ում անունը չի նշվել, կարող է նեղանալ իրենցից, և ոմանց անունը, որ տրվել է, կամ նրանք խոսել են ֆիլմում, արժանի չէին նման թեմայով իրենց ռեկլամելուն: Կարծում եմ, ես ոչ մի կարևոր անուն բաց չէի թողել, անկապ մարդկանց չէի խոսեցրել, բայց չէի կարող զրուցել կամ անուններ տալ նրանց, որոնք մինչև հիմա համոզված են, որ առանց իրենց` Հայաստանի կանոնավոր բանակը չէր ստեղծվի:

Եվ չէի կարող որևէ մեկի դերը խիստ բարձրացնել կամ` հակառակը: Կարճ ասած՝ իմ տպավորությամբ՝ նորագույն պատմության հետ գործ ունենալիս մեզ մոտ բոլորն ուզում են, որ դափնիները վերագրվեն անձամբ իրենց կամ իրենց շրջապատին, իսկ ձախողումները՝ իրենց հակառակորդներին կամ, առնվազն, ուրիշներին»:

Ղարաբաղյան պայքարը ևս սեփականաշնորհված է: Այն ազատամարտիկները, ովքեր կռվել են, սակայն օրվա հացի խնդիր ունեն, հետևաբար՝ հանդգնում են դժգոհել գործող իշխանություններից, նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ այլևս «նվնվացողներ» են: Նրանք վճարունակ չեն այնքան, որ գնեն գեղեցիկ առասպելներ՝ սեփական սխրանքների մասին: Իսկական ազատամարտիկը թանկ է վճարում իր կոչման, արագացված կարգով հյուսված լեգենդի համար: Վկան՝ ԵԿՄ վերջին համագումարը: Բոլորի համար անակնկալ պարզվեց, որ օլիգարխներից ոմանք ազատամարտիկ են եղել:

Սեփականաշնորհված է նորանկախ հանրապետության պատմության ամեն դրվագ: Պաշտոն զբաղեցրած բոլորն ունեն իրենց «անուրանալի ավանդը» պետականաշինության, եկեղեցաշինության, տնտեսության զարգացման, ղարաբաղյան պայքարի, հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի աչքերի մեջ շեշտակի և ատելությամբ նայելու, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարի, Ցեղասպանության ժամանակ թուրքերի դեմ ֆիդայական ջոկատներ կազմելու և շատ այլ հերոսական դրվագներում:

Չե՞ք հավատում. տեսնողներ են եղել:

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս