Բաժիններ՝

«Ճշմարտություն, միայն ճշմարտություն և ոչինչ ճշմարտությունից բացի»

Ջորջ Օրուելի անտիուտոպիայում` «1984»-ում, Ճշմարտության նախարարությունն ամեն օր, ամեն ժամ, ըստ անհրաժեշտության` վերափոխում, վերաձևում էր պատմությունը: Եվ ամեն փոփոխությունից հետո ոչնչացվում էին գրքերի, թերթերի նախորդ խմբաքանակները, տպվում էին նորերը, ու որևէ հղում հնարավոր չէր գտնել` հաստատելու, որ այսինչ իրադարձությունը երբևէ եղել է: Հայ ժողովրդի պատմության առանցքային իրադարձությունների աղբյուրներ, բարեբախտաբար, կան: Պատմությունը կոնկրետ փաստերի, թվերի գիտություն է: Պատմաբաններն աշխատում են եղած աղբյուրների հետ, համեմատում դրանք: Եվ, ըստ այդմ, ներկայացնում եզրակացությունը` ինչպիսին էլ այն լինի: «Պատմությունից դաս քաղել» արտահայտությունն էլ, ակնհայտորեն, այդ ուղերձն ունի. սեղանին դնել ողջ ճշմարտությունը, անել անհրաժեշտ հետևություններ` պատմական նույն սխալը չկրկնելու համար:

Փետրվարի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը: Ավարայրը մեր պատմության ամենաներկայանալի, փառավոր էջերից մեկն ենք համարում: Ավարայրի ճակատամարտի, դրան նախորդող և հաջորդած իրադարձությունների մասին անցել ենք դպրոցական, ապա և` բուհական դասագրքերում: Առանցքային միտքը, որ կարելի է մեկ նախադասությամբ շարադրել, սա է` սպարապետ Վարդան Մամիկոնյանը` իր համախոհ նախարարների, հոգևորականների, ժողովրդի հետ, հանուն քրիստոնեության, «վասն հավատոյ, վասն հայրենեաց», կռվեց ու նահատակվեց:

Ավարայրը` որպես իրադարձություն, սրբացված է: Սրբացված են նաև մեր նահատակները: Հետևաբար` անձեռնմխելի: Այս ճակատամարտի հետ կապված բոլոր դրվագներն այնքան են պատվել առասպելներով, որ դժվար է զատել հրաշապատումն իրականությունից: Վարդանանց տոնին հիշում ենք ոչ միայն սուրբ հերոսներին, այլև «անօրեն», «ուրացող», «հայրենիքի, ազգի ու կրոնի դավաճան» Վասակ Սյունուն: Ձեռքիս տակ է մի հոդված, որը շարունակաբար լույս է տեսել «Մշակ» օրաթերթի 37,38,39 և 40 համարներում, 1914 թ., վերնագրված` «Վասակ Սյունի»:

Ստորագրված է` Թոմաս: «Մեր պատմությունը,- գրում է վերլուծության հեղինակը,- չափազանց աղքատ է աչքի ընկնող, տաղանդավոր, կամքի տեր անձնավորություններով, որպիսին է, անկասկած, Սյունյաց մեծ նախարար Վասակը, ուստի հնարավորին չափ պիտի աշխատենք վերագնահատել այդ մեծ մարդու գործունեության դրդապատճառները օբյեկտիվ եղանակով, աչքի առաջ ունենալով միայն և միմիայն զուտ պատմական ճշմարտությունը»: Դժվար առաքելություն է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Վասակի և նրա գործունեության մասին տեղեկությունները մեզ հասել են պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարպեցու պատմություններով: Ըստ հոդվածագրի` Եղիշեն իր պատմությունը գրել է Դավիթ երեց Մամիկոնյանի խնդրանքով, իսկ Փարպեցին` Վահան Մամիկոնյանի` Վարդան Մամիկոնյանի եղբորորդու:

Ըստ այդմ` պատմիչները չէին կարող ամբողջովին անաչառ լինել Վասակի հանդեպ, հատկապես որ, երկուսն էլ հոգևորականներ էին, մոլեռանդ քրիստոնյաներ: Վասակ Սյունու գործունեությանն է անդրադարձել նաև Լոս Անջելեսի «Հորիզոն» տպարանում 1952 թ. լույս տեսած «Մարզպանը և սպարապետը» գիրքը (հեղինակ Հրանդ Ք.Արմեն):

Իր եզրակացության մեջ հեղինակը գրում է, թե փետրվար ամսին տոնում ենք վիպասանությունը, թեև առաջարկում է` «բայց գիտնանք պատմական իրողությունը»:
Կարելի է բարձրացնել շատ տրամաբանական հարց` իսկ ի՞նչ երաշխիք, որ վերոնշյալ երկու հեղինակները, որոնց վերլուծությունը հիմնված է Եղիշեի և Փարպեցու Պատմությունների վրա, չեն սխալվում` փորձելով Վասակ Սյունու վրայից հանել «դավաճանի», «ուրացողի»` բոլորիս այնքան հարազատ դարձած պիտակները: Ի՞նչ երաշխիք, որ նրանք բարեխիղճ, ոչ կողմնակալ աշխատություններ են հրամցնում ընթերցողին:

Այս դեպքում իր անառարկելի հեղինակությամբ մեզ օգնության է գալիս մեր պատմաբաններից ամենավստահելին` Լեոն:
Լեոն իր Հայոց պատմության «Վարդանանք» գլխում (1967թ., հատոր 2, էջ 47) ներկայացնում է այն աղբյուրները, որոնցից օգտվել է ինքը: 1. Ղազար Փարպեցի. վերջինս գրել է իր Պատմությունը 5-րդ դարի վերջում կամ 6-րդի սկզբում: Ինքն անձամբ ականատես չի եղել դեպքերին, սակայն «ունեցել է գրավոր աղբյուր և լսել է պատմություններ Վարդանի ժամանակակիցներից»: 2. Եղիշե վարդապետի անունով մեզ է հասել մի Պատմություն: Եղիշեն հավաստիացնում է, թե ինքը դեպքերի ականատեսն է:

Ըստ Լեոյի` ապացուցված է, որ Եղիշեն ապրել է 6-րդ դարի 2-րդ կեսին, նրա աղբյուրը եղել է Փարպեցին, և «Եղիշեի գործն ավելի մի դյուցազներգական վեպ է, քան լուրջ մի պատմություն»: 3. Սեբեոսը (7-րդ դարի պատմագիր): 4. Հովհաննես կաթողիկոսը և Թովմա Արծրունին (9-10-րդ դարերում ապրած պատմիչներ): 5. Վարդան Բարձրաբերդցին (13-րդ դար, պատմագիր): Սրանք բազային աղբյուրներն են:
Վասակ Սյունու մասին հիշատակություններ են հասել ոչ միայն վերոնշյալ աղբյուրներից: Նրա մասին վկայություններ ունեն նաև Մովսես Խորենացին և Կորյունը` Մաշտոցի աշակերտը:

Սյունյաց նահապետությանը Վասակը շատ երիտասարդ տարիքում է տիրանում, և Մովսես Խորենացին նրան անվանում էր «Մանուկն Վասակի Սիւնեց տեր»: Որևէ աննպաստ խոսք Վասակի մասին Խորենացին իր Պատմությունում չի գրել: Վասակը մեկն էր Մաշտոցի եռանդուն օգնականներից` երկրում լուսավորություն տարածելու, Սյունիքում դպրոցներ բացելու հարցում: «Քաջն Սիսական Վասակ, այդ խորհրդական և հանճարեղ և յառաջիմաց, շնորհատուր իմաստութեամբ Աստուծոյ»,- այսպես է Վասակ Սյունուն հիշատակում Կորյունը:

Այս հղումները ներկայացնում եմ այն հիմնավորմամբ, որ եթե Ավարայրի ճակատամարտի մասին պատկերացում կազմենք միայն մեր դասագրքերից, բանավոր զրույցներից, ապա Վասակն այնտեղ բացառապես ներկայացված է` որպես անարգ դավաճան: Ավարայրի ողջ պատմությունն էլ ներկայացվում է առասպելաբանությանը հատուկ ոճով` հերոս (Վարդան Մամիկոնյան) և հակահերոս (Վասակ Սյունի): Լեոն նույն տեղում գրում է.«Ստացվում է այն տպավորությունը, որ Հայոց աշխարհում մարդի՛կ չէին կանգնած իրար դեմ, այլ հրեշտակներ և դևեր:

Դևերի գլխավորն էր Հազկերտը, որից հետո գալիս էին «դառնեացեալ ծեր» Միհրներսեհը և Սյունեցի խան Վասակը: (գ) Եվ հակառակ կողմը` «երկնային առաքինություններով լցված» հայ-քրիստոնյա կուսակցությունն էր, որի շարքերում ամեն ոք` տղամարդ թե կին, չափահաս թե երեխա, անմարմին էակների նմանություն էր բերում` լցված լինելով նահատակվելու և այս փուչ աշխարհից հեռանալու տենչանքով»:
Հայոց պատմության դասագրքերը վստահեցնում են, թե Վասակի և Վարդանի միջև էլ հակամարտությունը բացառապես կրոնական է: Դառնանք Լեոյին. «Մենք պարզ տեսնում ենք, որ ամենից առաջ երկրային շահերն էին, որ խոսում էին և կարող էին հրամայաբար խոսել Հայաստանի իրականության մեջ» (նույն տեղում, էջ` 52):
Հազկերտի հայտնի նամակից հետո, երբ պարսիկ արքան առաջարկում էր հայ ժողովրդին ընդունել զրադաշտականությունը, մերժում ստանալով` իր մոտ է կանչում հայոց, վրաց և աղվան նախարարներին: Տիզբոնում, ինչպես իր «Վարդանանք» պատմավեպում հրաշալի նկարագրել է Դերենիկ Դեմիրճյանը, նախարարները ստիպված են լինում առերես ուրանալ քրիստոնեությունն ու առերես ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում բոլորին սպառնում էր մահ, իսկ պետությունը փաստացի մնում էր առանց իշխանության:

Պատմության դասագրքերը մեզ ներկայացնում են գեղարվեստական մի գործ, ըստ որի` նախարարները պատրաստվում էին հայրենիք վերադառնալուն պես` ապստամբություն բարձրացնել:

Ըստ Լեոյի` Տիզբոն ժամանած հայ 10 նախարարները համաձայնեցին առերես ընդունել զրադաշտականությունը ոչ այնքան նրա համար, որ մերժելու դեպքում տեղում կձերբակալվեին, կոչնչանային, այլ «Անհրաժեշտ էր, որ յուրաքանչյուր նախարար վերադառնա իր տունը: Եվ այս ոչ թե որևէ դիմադրություն կազմակերպելու համար:

Ապստամբության մասին նախարարները չէին էլ մտածում: Եթե ամեն մեկը կարողանա իր երկրում ապրել` պահելով քրիստոնեությունը, այդ կլինի լավագույն ելքը, բայց եթե այդ անհնարին կլինի, այն ժամանակ ամեն մեկը կվերցնի իր ընտանիքը և կերթա օտար աշխարհ: Այս առաջին հայտնի օրինակն է, որ հայը վտանգի առջև իր տկարությունը նկատելով, ընդգրկում էր գաղթելու գաղափարը, որ հետագա դարերում այնքան ընդարձակ չափերով արտահայտվեց, դառնալով հայության համար մի տեսակ հավիտենական վիճակ, մի տեսակ «թափառական հրեայի» ճակատագիր»:
Պարսից արքունիքն ուներ նախարարների անկեղծությունը հարցականի տակ դնելու բոլոր հիմքերը, և, որպես պատանդ, պարսից արքան իր արքունիքում է պահում Վասակ Սյունու երկու զավակներին` Բաբիկին և Ատրներսեհին, ինչպես նաև վրաց Աշուշա բդեշխին: Կա մի կարևոր հանգամանք, որը մասին դասագրքերը լռում են` «չմանրանալով»

: Նախարարների վերադարձից հետո Վարդան Մամիկոնյանը վերցնում է իր և իր եղբայրների ընտանիքներն ու ճանապարհվում դեպի հունական Հայաստան: Լեո. «Այդ մի փախուստ էր: Սպարապետն ի կատար էր ածում այն վճիռը, որ կայացրել էին նախարարները Պարսկաստանում: Այս քայլով Մամիկոնյան տոհմը վճռում էր հոժարակամ հրաժարվել իր դիրքից ու նշանակությունից, իր խոշոր հարստություններից` օտարության մեջ հանգիստ գտնելու համար»:

Վասակի նամակի ու հավաստիացումների միջոցով է միայն հնարավոր լինում Վարդան Մամիկոնյանին ճանապարհի կեսից կանգնեցնել ու ետ վերադարձնել Հայաստան: Ըստ Թոմասի. «Վասակն իր ույժով աշխատում էր, որ երկրում ընդհանուր ապստամբություն չբարձրանա. այդ պատճառով էլ նա աշխատեց վերադարձնել Վարդանին, որ նրա միջոցով կարողանա ազդել հայ կղերի վրա, որոնք գրգռում էին թե՛ իշխաններին և թե՛ ժողովրդին»:

Շարունակելի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս