Սրբեր և ուրացողներ
Սկիզբը` նախորդ համարում
Վարդան Մամիկոնյանի փախուստը` Հայաստանից
Տիզբոնում քրիստոնեությունն առերես ուրացած նախարարները Հայաստան վերադառնալուց հետո պարսիկների դեմ ապստամբություն չէին ծրագրել: Ինչպես հոդվածի առաջին մասում` հղում անելով պատմիչներին, գրել էինք, Տիզբոնից վերադառնալուն պես` Վարդան Մամիկոնյանն իր ու եղբայրների ընտանիքները վերցրած` բռնում է Բյուզանդիայի ճամփան: Սպարապետի այս անակնկալ քայլն անսպասելի էր թե՛ նախարարների, թե՛ մարզպանի համար: Երկրում քաոսային վիճակ էր. նախարարների ուրացման լուրը երկրում ապստամբական իրավիճակ էր ստեղծել: Եվ, թե ինչ կարող էր արժենալ հայոց սպարապետի հեռանալը Հայաստանից, դժվար չէր պատկերացնել: Իսկ եթե երկրում տարածվեր այդ լուրը, մեծ խուճապ կառաջանար: Եվ ամենից լավ սա հասկանում էր Վասակը: Ի՞նչ անել: Հրանդ Արմենն այսպես է նկարագրում դեպքերը. «Վասակը հայ աւագ նախարարներու եւ եպիսկոպոսներու ժողով հրաւիրեց եւ պարզեց իր ծրագիրը` ապստամբութիւուն»: Ըստ ծրագրի` պետք էր ռազմական աջակցություն խնդրել Բյուզանդիայի Թեոդոս կայսրից` խոստանալով, որ ապստամբության հաջողության դեպքում հայ աշխարհն ամբողջությամբ կենթարկվի քրիստոնյա Բյուզանդիային: Թեոդոս կայսրը ջերմեռանդ քրիստոնյա էր, և շատ մեծ էր նրանից օժանդակություն ստանալու հույսը: Կար օժանդակության այլ աղբյուր ևս` Վասակ Սյունին ժամանակին Վրաստանի մարզպանն էր և հրաշալի հարաբերություններ էր հաստատել հոների առաջնորդների հետ, որոնց մեծամեծ նվերներ, կաշառք ուղարկելով` նրանց կստիպեր հարձակվել Պարսկաստանի վրա: Ժողովականները` թե՛ նախարարներ, թե՛ հոգևորականներ, մարզպանի ծրագիրն ընդունեցին «խանդավառ միաձայնությամբ»:
Եվ շտապ պատվիրակներ ուղարկվեցին Թեոդոս կայսեր մոտ: Իսկ մինչ այդ Հայաստանում պիտի խաղաղությունը պահպանվեր, և պարսիկները պիտի ոչ մի կասկած չունենային, թե հայերը պատրաստվում են զրադաշտականություն ընդունել:
Անմիջապես Վասակ Սյունին պատգամավորներ ուղարկեց Վարդան Մամիկոնյանին ճանապարհի կեսից ետ դարձնելու, որն արդեն Բասենի սահմաններին էր հասել: Պատվիրակության հորդորներով և սպարապետին ուղարկած Վասակի անձնական նամակի շնորհիվ է հնարավոր լինում համոզել Վարդան Մամիկոնյանին` վերադառնալ Հայաստան: Նամակի բովանդակությունն, ավելի ուշ, այսպես է պատմում պատգամավորներից մեկը` Արշավիր Արշարունին (Կամսարականը). «Ինչո՞ւ ես փախել,-գրում է Վասակը,- կամ ի՞նչն է քո վախը, որից երկյուղ ես կրում: Այս մասին ոչինչ չես հայտնել: Արդ` մի՛ փախիր և ոչ ոքից մի վախեցիր, որովհետև եթե արյաց տիրողից և նրա ուժից ես զարհուրել, մի՛ վախիր, ետ դարձիր (գ)»: «Այն միջոցին, երբ նույնիսկ Մամիկոնյան տան գլուխն էր լքել երկիրը, փախչում էր պարսիկների ահից,- ըստ Արշավիր Կամսարականի,- Վասակ մարզպանն էր միայն, որ խոսեց այրական ձայնով և ցույց տվեց, թե ինչ պիտի անի երկիրը Սասանյան ահի առաջ ինքն իրեն պաշտպանելու համար»:
Պարսիկների դեմ այս ապստամբության գլխին էլ պիտի կանգներ հենց ինքը` Վասակ Սյունին: «Այնքան էր այս միջոցին ոգևորվել Վասակը, որ նրան չէր սարսափեցնում այն հանգամանքը, որ իր երկու որդիները պատանդ էին Հազկերտի մոտ»: Վասակը ծրագրել էր, որ նախքան թշնամական գործողությունները, կկալանավորի Հայաստանում գտնվող պարսիկ երևելիներին և կստիպի Հազկերտին` ազատել իր որդիներին` Բաբիկին և Ատրներսեհին:
Եղբայրը` եղբոր դեմ
Վարդանի վերադարձից հետո սկսվում են անհամաձայնությունները նախարարների միջև: Վասակը հակառակ էր, որ անմիջապես, շուտափույթ գործողություններ սկսեն: Լեոյի գնահատականով` «Սակայն զգուշավորության և խոհեմության քաղաքականությունը չէր, որ ընդգրկում էին Վարդանն ու նրա կողմնակիցները: Անժամանակ ապստամբություն հայտարարվեց: Եվ հայտարարողը, ինչպես պատմում է Եղիշեն, հայ եկեղեցականությունն էր, որ վտանգի րոպեին դուրս էր գալիս հրապարակ` զինված անխնա և անողորմ կռվի ուխտով»: Ապստամբության ծրագիրը, սակայն, Վարդանն ու իր կողմնակիցները Վասակից գաղտնի էին պահում: Վասակին այս գաղտնի ծրագիրը բացահայտել ցանկացող նախարարին քարկոծելով` սպանեցին: Թոմասի պատմաքննական հոդվածում կարդում ենք. «Սարսափելի էր Վասակի դրությունը: Նախ` նշանակում էր իր երկու որդիների կորուստը, իր սեփական երկրի` Սյունիքի կորուստը և ընդհանուր հայրենիքի` Հայաստանի կորուստը»:
Շուտով հարկ եղավ պարսից զորքի դեմ կռվող աղվաններին օգնության գնալ, և Վասակը` որպես մարզպան, հանձնարարեց Վարդան Մամիկոնյանին` իր զորախմբով, մեկնել Աղվանք: Վարդանը մեկնելուց առաջ պահանջեց, որ օգնության դիմումները գրավոր լինեն և կնքված: Այդ նամակների վրա առաջինն իր կնիքը դրեց Վասակ Սյունին:
Վարդանի` Աղվանք գնալուց հետո Վասակը երկրում մնում է իր համախոհ նախարարներով, «որոնք արդեն հնարավորություն ունեցան ապստամբության հակառակ պատրաստություններ տեսնել: Եվ որպեսզի վերջնականապես կարողանան կասեցնել ապստամբությունը, հավաքեցին Մամիկոնյանների, Կամսարականների և այլ ուխտապահ նախարարների որդիներին, տարան Սյունիք և այնտեղից ուղարկեցին Պարսկաստան` իբրև պատանդ: Վասակը նաև բանտարկեց այն հոգևորականներին, որոնք ապստամբություն էին գրգռում: Այս գործողություններից հետո երկիրը բաժանվեց երկու թշնամական բանակների»: Ըստ Թոմասի` անգթություններ էին կատարում ոչ միայն Վասակի կողմնակիցները, այլև Վարդանի: Գրում է Լեոն. «Եթե Վարդանանց շարժումը մի հեղափոխություն էր, Վասակը նրա դեմ առաջ էր բերում հակահեղափոխություն` գործելով պարսից կառավարության հետ սերտորեն»:
Աղվանքում պատերազմող Վարդան Մամիկոնյանը հաղթանակներ է տանում: Եվ այդ միջոցին էլ նրան լուր է հասնում, թե Վասակն ու նրա կողմնակիցները դրժել են իրենց երդումն ու անցել պարսիկների կողմը:
Սակայն մարզպանը միայն պատժիչ գործողություններ չձեռնարկեց: Նա դիմեց Հազկերտին, ներկայացրեց երկրում տիրող դժգոհ մթնոլորտը, նկատեց, որ եթե ապստամբություն բարձրանա, առևտուրն ու հողամշակությունն այնքան կտուժեն, որ կնվազեն Պարսկաստանին տրվող հարկերը: Եվ, որ այս աղետը կանխելու համար պարսից թագավորը պետք է հայերից ետ առնի կրոնափոխ լինելու պահանջն ու ազատ արձակի Տիզբոնից հայ նախարարների հետ Հայաստան եկած մոգերի և պարսիկ պաշտոնյաների վրա հարձակվածներին: Արքայից արքան Վասակի առաջարկն ընդունում է: Հայաստանում հայտարարվում է, որ քրիստոնեությունն այլևս չի արգելվում` պայմանով, որ ապստամբություն չլինի: Սակայն հոգևորականներն ու ուխտապահները Վասակին չէին վստահում: Ըստ Լեոյի` Հազկերտի` կրոնափոխություն չպարտադրող որոշումը թուլություն և լքում մտցրեց հայկական ապստամբության շարքերի մեջ, բայց չկանգնեցրեց շարժումը. «Եվ պարսից կառավարությանը ոչինչ չէր մնում, բայց թե ավելի ընդարձակ պատերազմական գործողությունների վրա հենվել»:
Ավարայրի ճակատամարտ
«451թ. Ավարայրի ճակատամարտում հայերի հաղթանակն անհնարին չէր լինի, եթե դաշնակիցներ ունենար,- գրում է Լեոն: -Հայ գործիչների կրոնակցական հանգամանքն այնքան հիմնավոր նախապաշարմունք էր գոյացրել, որ նրանք շարունակ հավատում էին, թե կրոնակից Արևմուտքը երբեք չի թողնի, որ ահավոր Պարսկաստանը իր ոտների տակ ճզմի թույլ Հայաստանը: Այս նախապաշարմունքը մեծամեծ աղետներ է պատճառել հայ ազգին, և այժմ էլ, Վարդանի օրով, կրկնվում էր նույն սխալը»: Թե՛ Եղիշեն, թե՛ Փարպեցին գրում են, որ Վարդանանք ոչ մի հույս չունեին հաղթելու. «նրանց ոգևորում էր նահատակվելու ցանկությունը»: Սակայն Լեոն գրում է. «Եթե լոկ նահատակվելը լիներ ընդհանուր ցանկությունը, այն ժամանակ կարիք էլ չէր մնա պատերազմի պատրաստվելու, զորք ու բանակ կազմակերպելու համար»: Երեք աղբյուրներն էլ` Լեոն, Թոմասը և Հրանդ Արմենը, կասկածի տակ են առնում նաև մեր զորքի թիվը, որն, ըստ Եղիշեի,
66 000 էր: Փարպեցին, որ այնքան բծախնդիր էր մեռնողների թվի հարցում, Վարդանի զորքի թիվը չի նշել: Թորոսը նկատում է, թե
66 000-ի մեկ զրոն ակնհայտորեն ավելի է: Ըստ Հրանդ Արմենի` Վարդանի զորքը 9 000-ից ավելի չէր: Բանակի փոքր խումբը նախարարներ ու ռազմիկներ էին, իսկ հիմնական կռվողները շինականներ էին, որոնցից շատերն անգամ կռվել չգիտեին: Պատերազմի դաշտում սպանվեց 286 մարդ, իսկ փախստականներից և փղերի ոտքերի տակ տրորվածների թիվը 750 է: Այդ 1036-ն էլ` Վարդանանց զորավարների հետ, համարվում են եկեղեցու կողմից մարտիրոսներ: Ուժերի անհավասարությունը չափազանց ակներև էր ի սկզբանե, «և մի խումբ հայ ոգորողներին իսկապե՛ս կարելի է համարել անձնազոհներ, որոնք վճռել էին մեռնել»: Թորոսը ևս գրում է. «Անհավասար կռվում ընկավ քաջ ու անձնվեր, առաքինի Վարդանն` իր նույնքան քաջ ու անձնվեր ընկերակից իշխաններով. քանդվեց, կործանվեց երկիրը»:
Դատաստան
Հայոց ապստամբների դատավարությունը տեղի ունեցավ Տիզբոնում. դատում էր անձամբ Հազկերտը: Մեղադրվում էին 8 քահանա և 31 նախարար: Լեո. «Հազկերտը հարց է տալիս մեղադրվող հայ նախարարներին. «Ի՞նչ համարձակությամբ, ի՞նչ պատրանքով կամ օգնականության ի՞նչ ուժ տեսնելով` դուք դիմեցիք այդ ահավոր գործին, որի մեջ տեսնում էիք ձեր անձանց և աշխարհի կորուստը, ինչպես որ եղավ իրո՛ք, և դուք տեսաք»: Նախարարները շատ խղճուկ դիրք են բռնում»: Եվ այդ ժամանակ Արշավիր Կամսարականը ցույց է տալիս այն նամակները, որոնք ստորագրել էր Վասակը` կնքված սեփական մատանիով և ուղղված Վրաստանի, Աղվանքի և հունաց հայ իշխաններին` պարսիկների դեմ օգնության խնդրանքով: Հայ նախարարները ողջ մեղքը դնում են Վասակ Սյունու վրա, ասում, որ նա՛ է ապստամբության արմատներում, որ նա՛ ետ դարձրեց Վարդան Մամիկոնյանին փախուստից, նա՛ նամակ գրեց Թեոդոս կայսրին և այլն: Թեև այդ դատի ժամանակ բացատրություններ է տվել նաև Վասակ Սյունին, սակայն «նրան թշնամի պատմագիրները»` Եղիշեն և Փարպեցին, այդ բացատրություններից ոչ մի խոսք չեն փոխանցում մեզ: Հազկերտի դատարանը մահվան է դատապարտում ապստամբներին: Չեն խնայում և Վասակին: Նրանից խլում են բոլոր պատվանշանները, մեծամեծ տուգանքներ են դնում վրան: Եղիշեն ասում է, թե Վասակն այն վիճակում էր, որ նրա համար ծառաները հաց էին մուրում: «Բայց կարելի է այստեղ և չհավատալ Եղիշեին, այնքան անզուսպ է նրա թշնամությունը դեպի Վասակը: Նա է, որ շարունակ Վասակին ուրացող է անվանում (գ): Բայց Փարպեցին, որ պակաս թշնամական վերաբերմունք չունի, ոչ մի տեղ նույնիսկ ակնարկով չի հիշեցնում, թե Վասակը ուրացել է քրիստոնեությունը»,- գրում է Լեոն:
Ամփոփում
Որպես ամփոփում` ներկայացնենք այս ճակատամարտի` մեզ համար սակրալ նշանակության տողերը` ըստ Լեոյի. «Մուշկան Նիսալավուրտն շտապում է հայտնել Հազկերտին, որ կատարյալ հաղթանակը պարսիկների կողմն է: Բայց պատերազմն` իր ընդունած չափերով և իր տարած զոհերով (պարսիկների զոհերն, ըստ պատմիչի, 3544 էր.- Լ.Ա.) շատ ճնշող տպավորություն է թողնում Պարսից արքունիքի վրա: Հայերը զուրկ չէին մնացել բարոյական հաղթանակիցգ»:
Ավարայրի ճակատամարտը հայերիս համար, նախևառաջ, Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» վեպն է` հերոսապատում, որը Վարպետը գրել էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին` հստակ քարոզչական առաքելությամբ: Դրանից առաջ` 1904-ին, Պետերբուրգում լույս է տեսել «Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ` պատմաբան, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի (1871-1942) ծավալուն հոդվածը, որտեղ հեղինակը փորձ է արել արդարացնել Վասակ Սյունու քաղաքական վարքագիծն Ավարայրից առաջ: Իսկ ավելի վաղ, 1887-ին, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը (1864-1929) գրել է պոեմ` «Սյունյաց իշխանը», որտեղ ևս նորովի է մոտեցել հայոց պատմության այդ շրջանին և Վասակ Սյունու դերին:
Այս աշխատությունները` հիմնված եղած բոլոր աղբյուրների համադրության վրա, զերծ են պատմությունը որպես խրատական վիպասանություն ներկայացնելուց:
Հ.Գ. Այս նյութը գրելու համար հիմք են ծառայել Լեոյի «Հայոց պատմությունը», Հրանտ Արմենի (Հրանդ Գրիգորի Քյութուկյան, 1895-1973, հայ պատմաբան, իրավաբան, մշակութաբան) «Մարզպան և Սպարապետ» երկը,
1914-ին «Մշակ» թերթի 37, 38, 39, 40 համարներում տպագրված «Վասակ Սյունի» պատմաքննությունը` ստորագրված` Թոմաս: