Վերջին թանկացումները ահավոր հարված են, պետք է ընդվզել և չհարմարվել (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում աղքատության թիվը հասնում է 50 %-ի, մինչդեռ միայն 20%-ն է ընդունում այդ փաստը: Սա, իհարկե, կապված է թանկացումների և ցածր աշխատավարձի հետ:
Իսկ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսայնը ասաց. «Մենք շատ ենք լսել` մարդն ունի մեկ դոլար մեկ օրվա համար: Եկեք մոռանանք էդ ամեն ինչը: Մեկ դոլար մեկում օրում նշանակում է ապրել մահվան ու կենաց մահու սահմանի վրա»: Նրա փոխանցմամբ՝ եվրոպական կամ քաղաքակիրթ երկրների չափանիշների համաձայն, եթե ընտանիքի եկամուտի 25%-ը հատկացվում է սննդին, ապա հենց դա աղքատության շեմն է, իսկ Հայաստանում 57 %-ն է տրամադրվում սննդին:
Արմեն Պողոսյանը գտնում է, որ վերջին թանկացումներն ահավոր հարված են հայերի կենսամակարդակի համար:
«Ընդհանուր թանկացումը բերում է անելանելի վիճակի: Բոլորս գիտենք, որ կաթնամթերքը սկսել է թանկանալ և դեռ ավելի շատ կթանկանա: Բացի մսից, բոլոր ապրանքները թանկանում են»:
Անդրադառնալով գազի սակագնին, Արմեն Պողոսյանն ասաց. «Գազի գինը սահմանվում է Կրեմլում: Էստեղ մենք անելիք չունենք: Սա քաղաքական հարց է, բայց տնտեսական հարցում մեր երկիրը պետք է փորձի գազի, հոսանքի թանկացումը կոմպենսացնել: Կան այդ եղանակները ու չեն կիրառվում: Դիֆերենցված թող մտցնեն»:
Իսկ ինչո՞ւ է թանկանում նաև ներմուծվող ապրանքը. այս առնչությամբ Արմեն Պողոսյանն ասաց, որ դա էլ մենաշնորհի արդյունքն է:
Սակայն, Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ թանկացումները այսքան ակնհայտ են և ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա, քանի որ աշխատավարձերն են ցածր: «Մեր մոտ ամեն ինչ էժան է: Աշխատավարձերն են փոքր: Մեր գյուղացին մեղք է, որ բերի 200 դրամով կարտոֆիլ ծախի, պոմիդորը, վարունգը բերի 100 դրամով ծախի: Դա դաժան բան է: Մենք պետք է հարուստ լինենք, որ գյուղացուն հարուստ պահենք»:
Արմեն Պողոսյանի կարծիքով՝ այս ամենի լուծումը ընդովզումն է: «Պետք է ընդվզել և չհարմարվել: Եթե էսպիսի բան լիներ Ֆրանսիայում կամ Ռուսաստանում, ցույցերն արդեն փակել էին փողոցները: Ուրիշ երկրում է կատարվել թանկացումը, բայց մեր երկրում շատ հնարավորություններ կան դրանք մեղմացնելու»:
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև ծխախոտի թանկացման: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում ծխողների թիվը կրճատվել է: Եթե 1987 թվականին ծխում էր բնակչության 74 տոկոսը, ապա այդ թիվն այսօր մոտ 50 տոկոսի է հասնում:
Իսկ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց. «Դեմ եմ թանկացմանը, քանի որ դրա միջոցով չեն կարող կրճատել ծխողների թիվը: Պետք է կառուցվեն առողջ ապրելակերպի միջոցներ»: