
Տիգրան Սարգսյանի եղբորը «Նաիրիտից» վճարվել է 42 մլն դրամ

168.am-ը գրել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնից հրաժարական է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, ով 2005թ.-ից ի վեր զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը: Սա բավականին հետաքրքիր ու բազմիմաստ նորություն էր: Սակայն մի կողմ թողնելով, թե ինչու նա հանկարծ նման որոշում կայացրեց, երբ ամեն օր խոսվում էր գործարանի վերագործարկման մասին, անդրադառնանք ոչ պակաս հետաքրքիր փաստի՝ նրա հրաժարականին հաջորդած իրավիճակին:
Խնդիրն այն է, որ Աշոտ Սարգսյանի վերջնահաշվարկի վճարումը չի ուշացել և նա հրաժարականից հետո, մեր տեղեկություններով, շատ կարճ ժամանակահատվածում ստացել է 42 մլն դրամ գումար: Սա այն դեպքում, երբ բոլորին հայտնի է գործարանի ֆինանսական ծանր վիճակը, կուտակված միլիոնավոր պարտքերը աշխատողներին և այլ կազմակերպություններին: Իսկ նախկին աշխատակիցների հետ, որոնք շատ ավելի քիչ աշխատավարձ են ստացել, և ըստ այդմ, վերջնահաշվարկն էլ փոքր է, կնքվել են պարտքի մարման ժամանակացույցեր, որպեսզի նրանք չդիմեն դատարան և պարտքն էլ չմեծանա ու հավելյալ 4.5% չգումարվի: Ընդ որում՝ դատական բազմաթիվ վճիռներ կան, որոնցով «Նաիրիտը» պարտավոր է վճարել իր նախկին աշխատակիցների աշխատավարձերը և վերջնահաշվարկները, սակայն դրանք էլ չեն կատարվում: Փոխարենը հերթական անգամ ի ցույց է դրվում վարչապետի եղբոր արտոնյալ կարգավիճակը: