Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը «մաքրո՞ւմ է հետքերը». Նրա եղբայրը հրաժարական է տվել «Նաիրիտի» փոխտնօրենի պաշտոնից

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Ա.Սարգսյանը, ով 2005թ.-ից ի վեր զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը և, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, սերտ առնչություն ունի գործարանում վերջին տարիներին տեղի ունեցած ֆինանսական, վարկային  մեքենայությունների հետ, և ով ստանում էր ամսական 3.5 մլն դրամ աշխատավարձ, հանկարծ որոշել է գնալ «հանգստի»: Ամեն դեպքում, նա այդպես է պատճառաբանել իր հրաժարականը և նշել է, որ որևէ այլ աշխատանքի առաջարկ դեռևս չունի:

Եթե ընդունենք գործարանի ղկավարության պնդումները, որ, ինչպես մյուս աշխատակիցներին, այնպես էլ՝ ընկերության ղեկավար կազմին, այդ թվում՝ Աշոտ Սարգսյանին, ևս չի վճարվել 11 ամսվա աշխատավարձ, ապա վարչապետի եղբայրը պետք է ստանա առնվազն 40 մլն դրամ: Այդ գումարով, իհարկե, նա կարող է վայելել «վաստակած հանգիստը»:

Իսկ ի՞նչ է նշանակում Տիգրան Սարգսյանի եղբոր հրաժարականը «Նաիրիտի» հետ կապված այս ճակատագրական ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը և ռուսական «Ռոսնեֆտը» պետք է որոշում ընդունեն գործարանի ապագայի հետ կապված, երբ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում շարունակվում է Միջպետական բանկի՝ «Նաիրիտի» դեմ հայցի քննությունը: Տրամաբանությունը հուշում է, որ այսպիսով վարչապետ Տիգրան Սարգսյանը «մաքրում է իր հետքերը» «Նաիրիտից»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ռուսական կողմը համաձայն չէ «Նաիրիտի» կառավարումը ստանձնել խարդախությունների արդյունքում կուտակված պարտքով (մոտ 400 մլն դոլար) հանդերձ, իսկ ՀՀ կառավարությունը չի ուզում այդ պարտքն իր վրա վերցնել: Եվ քանի որ «Նաիրիտի» բաժնետոմսերը պարտքի դիմաց անցել և պատկանում են Միջպետական բանկին, որը փորձում է իր գումարները վերադարձնել դատական կարգով, ապա, ամենայն հավանականությամբ, եթե հրաշք տեղի չունենա, «Նաիրիտը» կհայտարարվի սնանկ (հաջորդ դատական նիստը հոկտեմբերին է) ու կվաճառվի կոպեկներով՝ որպես մետաղի ջարդոն:

Հունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի խնդրին՝ նշելով. «Արդեն բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ։ Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտին», ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունը ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ։ Դրանից հետո էլ բոլոր գործարքների վերաբերյալ, ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրել են, ես հանձնարարել եմ մեր լրատվական ծառայությանը, որ այսօր ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի»,- ասել էր Տ.Սարգսյանը։

Այդ փաթեթը բավականին ծավալուն է, «Նաիրիտի» հետ կապված որոշումների ու համաձայնագրերի վավերագրության արձանագրումն է մինչև 2006  թ. օգոստոսին ՀՀ կառավարության և օֆշորային գոտում գրանցված «Ռայնովիլ» ընկերության միջև համաձայնագիրը: Թե դրանից հետո ի՞նչ է եղել, վարչապետի խոստացած փաստաթղթում ոչինչ չկա:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հունիսի 29-ին կայացած քննարկման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի զեկույցի առնչությամբ կոշտ ձևակերպումներով քննդատություն էր ուղղում տարբեր կողմերով, բայց այդպես էլ չանդրադարձավ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ զարգացումներին՝ թե´ «Նաիրիտի» և թե´ օֆշորային սկանդալի հետ կապված, կարելի է ենթադրել,  որ նաև «Նաիրիտի» հարցում Տիգրան Սարգսյանը վայելում է Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս